«Ես ծնվել եմ Արցախի դրոշի տակ եւ ամբողջ կյանքում ապրելու եմ՝ հայացքս դեպի այս դրոշը։ Բայց ձեր եւ ձեր «բարեկիրթ ընկերոջ» պատճառով հարյուր հազարավոր հայեր այլեւս չեն կարողանում ապրել այս դրոշի տակ, ավելին՝ հազարավոր տղաներ այս դրոշի ներքո հանգչում են Եռաբլուրում»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արցախցի ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանն այս խոսքերն ուղղեց Նիկոլ Փաշինյանին, երբ նա հանդիմանում էր, թե բա ինչու եք Արցախի դրոշները հեռացրել ԱԺ-ից։
«Օլիգարխիայի բերած խնդիրների պատճառով մարդիկ խնդիր են ունեցել իրենց տանն ապրելու, իրենց երկրում ապրելու, դա է պատճառը, որ հարյուր հազարավոր մարդիկ 2018 թվականին դուրս են եկել պայքարելու, եւ այդ պայքարը հասել է արդյունքի․․․ Մենք առերեսվել ենք փաստին, որ Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ գաղթել են եւ այսօր վերադառնում են։ Դուք էլ եք ապրում ՀՀ-ում, եւ դա էլ քիչ չի` ԱԺ պատգամավոր եք»,- նրան հանդիմանել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել. «Արցախցիները մի տարի սոված են մնացե՞լ, բա տիկին Հովսեփյանն ինչո՞ւ չի հիշում, որ ՀՀ ժողովուրդն էլ յոթ-ութ տարի սոված է մնացել, եւ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել երկրից փախնել, մանվելների, ռոբերտների, սերժերի, ծառուկյան գագոների, նեմեց ռուբոների ձեռից են ստիպված եղել․․․ Խի՞ չեք հիշում, որովհետեւ լափամանից փա՞յ եք ունեցել, կտրվել եք, դրա համար եք մրմռո՞ւմ։ Դուք սով չեք տեսել, ձեզ համար Ղարաբաղը բիզնես ա եղել, հիմա զրկվել եք այդ բիզնեսից»։
Բոլոր սահմանները խախտած Նիկոլ Փաշինյանը, թերեւս, չորեքշաբթի օրը խորհրդարանը շփոթել էր «բեսեդկայի» հետ եւ այնպիսի բառապաշարով էր պատասխանում ընդդիմադիրների հարցերին, որ մարդիկ չէին հասկանում, թե ինչ է ուզում ասել այդ հայտարարություններով, ում են դրանք ուղղված, ինչ կապ ունեն ԱԺ-ում նստած մարդիկ իր ասածի հետ եւ այլն: Հինգշաբթի օրն էլ հարձակվեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի վրա՝ նրան անվանելով եղկելի:
Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Փաշինյանի հայտարարությունների մասին, նկատեց. «Նիկոլ Փաշինյանի դատողությունները նորմալ են` իր պարագայում, քանի որ այդ մարդը լափելու համար հանձնեց Արցախը: Նա մարդ է, որը ոտնահարեց բոլոր սրբությունները իր լափի համար, հետեւաբար նորմալ է, որ բոլորին չափում է իր արժեհամակարգով: Լափի համար հայրենիք ուրացող մարդը բոլորին լափելու մեջ է մեղադրում: Ցավոք սրտի, եղել են մարդիկ, որոնց համար Արցախը հարմարավետ վայր է եղել՝ այն օգտագործելու համար, դրանք նիկոլներ են եղել, սակայն Արցախի ժողովրդի մեծամասնության համար Արցախը հայրենիք էր, եւ դրա կորուստը երբեք չի ընկալվելու ու չի ընդունվելու: Քանի ողջ ենք ու շնչում ենք, պայքարելու ենք Արցախ վերադարձի համար: Նիկոլները չեն հասկանալու մեզ, նրանք չունեն արժեհամակարգ, չունեն գաղափարներ: Իրենց արժեքը փողն է»:
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկին թիրախավորում արցախցիներին։ «Երբ նա սկսում է նախընտրական գործընթաց, իսկ հիմա նորից այդ փուլ է մտել, թիրախավորում է արցախցիներին: Նրանց ամենամեծ հանցանքը մեր մատաղ սերնդին գիտակցված զոհաբերելն էր: Նա գիտակցում է, որ այդ ներվի վրա պիտի խաղա հակառակ կերպ, որպեսզի ինքը պատասխան չտա: Լավագույն թիրախն արցախցիներն են: Այն մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ շփվել են արցախցու հետ, գիտեն, որ Նիկոլի նշած բնորոշումները կապ չունեն նրանց հետ: Ես տարիներ շարունակ ապրել եմ Արցախում՝ գիտակցելով վտանգները: Ապրել Արցախում՝ առաքելություն է, եւ դա պաթոս չէ: Իսկապես, մենք մեզ կարեւոր էինք զգում՝ ապրելով այնտեղ»:


Բաց մի թողեք
Երեւանի սպիսատ արված ավտոբուսները տանում են Հրազդան
Ուշագրավ մարտավարություն է ընտրել Նիկոլ Փաշինյանը․ Աբառոտկայի մեծ վարպետը
Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն