20/11/2026

EU – Armenia

Մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները

Դիանա Մեսրոպյանը գրել է․

«Արցախն ուներ իր կամերային նվագախումբը`շուրջ 20 տարվա պատմությամբ :Այն Արցախի մշակույթի և մեր ինքնության մի մասն էր:

2023 թվականի արցախցիների բռնի տեղահանումից հետո որոշում կայացվեց Երևանում վերականգնել Արցախի կամերային նվագախումբը։

Գաղափարը ներկայացվում էր որպես հնարավորություն `փրկելու ոչ միայն նվագախմբի գոյությունը ,այլև արցախցի երաժիշտների մասնագիտական կյանքը`նրանց տալով աշխատանք,ապրուստի միջոց և իրենց գործը շարունակելու հնարավորություն։

Այս նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց ՀԲԸՄ -ն։

Սկզբում հայտարարվեց մրցույթ`որի արդյունքում նվագախմբից դուրս մնացին բազմաթիվ արցախցի երաժիշտներ `մասնագիտական անհամապատասխանության պատճառաբանությամբ, ովքեր, ի դեպ, արդեն 20 տարի աշխատում էին տվյալ նվագախմբում։

Այնուհետև տարբեր հանգամանքներում նվագախումբը լքեցին նաև մյուս արցախցի երաժիշտները ։

Եվ այսօր, ունենք Արցախ նվագախումբ, որտեղ չկան արցախցի երաժիշտներ։

Սակայն նվագախումբը շարունակում է հանդես գալ «Արցախ» անունով, համերգներ տալ և ստանալ ֆինանսավորում այն կառույցի կողմից, որի համար հենց Արցախի անունն ու արցախցի երաժիշտներին աջակցելու գաղափարն էին նախաձեռնության հիմքում։

Ուստի հարց է առաջանում.

Ինչ է այսօր ներկայացնում Արցախ նվագախումբը,

Ում համար և ինչ նպատակով էր այն վերականգնվում։

Եթե սկզբնական գաղափարն արցախցի երաժիշտներին աշխատանքով ապահովելն էր,ապա ինչու այսօր նրանցից ոչ ոք այդ նվագախմբում չէ։

Արդյոք ֆինանսավորումը շարունակվում է նույն սկզբնական նպատակադրումով։

Եվ, ի վերջո, ով է պատասխանատու այն բանի համար, որ մի նախաձեռնություն, որը պետք է լիներ արցախցի երաժիշտների աջակցության և Արցախի մշակութային ժառանգության պահպանման միջոց, հասել է այս վիճակին։

Մենք չենք վիճարկում որևէ մեկի մասնագիտական կարողությունները կամ երաժշտությամբ զբաղվելու իրավունքը։ Մենք բարձրաձայնում ենք մեկ այլ՝ շատ ավելի կարևոր հարց.

արդյո՞ք արդար է պահպանել Արցախի անունը, օգտվել այդ անվան խորհրդանշական ու բարոյական արժեքից, շարունակել դրա ներքո ֆինանսավորում ստանալ, երբ այն մարդիկ, որոնց համար ի սկզբանե ստեղծվել էր այս հնարավորությունը, այլևս այդտեղ չեն։

Արցախը պարզապես անուն չէ, որը կարելի է օգտագործել համերգային ծրագրերում։ Արցախը մարդիկ են, պատմություն, մշակույթ, հիշողություն և պատասխանատվություն։

Եվ մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։

Մենք պահանջում ենք հարգանք այն գաղափարի նկատմամբ, որի անունով սկսվեց այս ամենը»։