23/11/2026

EU – Armenia

Եկեղեցու հետ հարաբերությունների նոր կանոններ․ ինչ է ամրագրում Սահմանադրության նախագիծը

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է վերանայել պետություն-եկեղեցի հարաբերությունների իրավական կարգավորման ձևակերպումը։ Այսօր հրապարակված փաստաթղթում ամրագրված է, որ պետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով։

Ներկայիս Սահմանադրության մեջ, սակայն, օգտագործվում է այլ ձևակերպում․ ըստ գործող դրույթի՝ այդ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Այսպիսով, նախագծով առաջարկվում է հնարավոր կարգավորումը դարձնել պարտադիր իրավական պահանջ։
Փոփոխությունն առաջարկվում է իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև վերջին շրջանում շարունակվող լարված հարաբերությունների ֆոնին։ Նոր ձևակերպումը կարող է իրավական հիմք դառնալ պետություն-եկեղեցի հարաբերությունների հետագա օրենսդրական կարգավորումների համար։

Միևնույն ժամանակ, Սահմանադրության նախագծում պահպանվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու ազգային առանձնահատուկ առաքելության ճանաչման դրույթը։ Այն վերաբերում է եկեղեցու բացառիկ դերակատարությանը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։