Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել են գրառումներ, որոնք ուշագրավ են իրենց քաղաքական նշանակությամբ։ Ահա դրանցից մի քանիսը․
Հրապարակ թերթը գրել է․ «Սիրելի վարչապետ, հրաժարվիր հրաժարական տալու մտքից, դու պետք է լինես Հայաստանի վարչապետը հուր և հավիտյան»։
«Բարի լույսսսս, մեր հարգարժան վարչապետ։ Դուք մեզ խոստացել եք, որ միշտ կմնաք մեր վարչապետը, ինչո՞ւ չեք կատարում Ձեր խոստումը»։
Մեկ ուրիշն էլ հարցնում է՝ «ՀՀ քաղաքացուն հարցրե՞լ եք, որ ուզում եք հրաժարական տալ, ՀՀ քաղաքացին ձեզ թույլ տալի՞ս է»։ Եվ այսպես շարունակ։
Հիմա փորձենք հասկանալ՝ ի՞նչ է կատարվում։ Ինչո՞ւ է հանկարծ սոցիալական ցանցերում սկսվել վարչապետին հրաժարական չտալու այս արշավը։ Ո՞վ է նրան այդքան համոզում, որ չհեռանա, և ինչո՞ւ է այդ համոզելու գործընթացը դարձել հրապարակային։
Քաղաքականության մեջ նույնիսկ ամենաանմեղ թվացող գրառումներն ունենում են իրենց ենթատեքստը։ Իսկ ենթատեքստը բավական թափանցիկ է։
Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին այնքան է խոսում հրաժարականից, որ կարելի է մտածել՝ իշխանությունը կորցնելու հեռանկարն իրեն ավելի շատ է մտահոգում, քան երկիրը կորցնելու հեռանկարը։
Այս գրառումներով կարծես նախապես հող է նախապատրաստվում մի հայտարարության համար, որի իմաստը լինելու է հետևյալը․ «Ես ուզում էի հրաժարական տալ, բայց ժողովուրդը թույլ չի տալիս, ժողովուրդն ուզում է, որ շարունակեմ պաշտոնավարել»։
Սա Փաշինյանի կազմակերպած հրաժարականի բեմադրությունն է։ Մարդը պատրաստ է հեռանալ, բայց նրան խնդրում-աղաչում են մնալ։ Խեղճը ուզում է կատարել իր խոստումը, բայց քաղաքացիներն ասում են՝ ո՛չ, մեզ պետք ես, մնա՛, հո՛ւր և հավիտյան։ Փաշինյանը նախապես հասարակական կարծիքի իմիտացիա է ստեղծում, որպեսզի անհրաժեշտ պահին կարողանա հայտարարել, թե ժողովուրդն իրեն թույլ չի տալիս հեռանալ։
Այնպես որ, եթե վաղը հանկարծ լսեք, որ ժողովուրդը չի ուզում իր հեռանալը, պահանջում է, որ շարունակի պաշտոնավարել, չզարմանաք։ Նա բոլոր սցենարներին պատրաստվում է ամենապրիմիտիվ, բայց աշխատող տարբերակով։
Միայն թե պետք է հասկանալ՝ ո՞վ է այդ ժողովուրդը։ Ստատուսներով հասարակական կարծիք ստեղծող ու մեղվի ձայնով բզզացող բոռե՞րը, որոնք ունակ չեն արդյունք ստեղծել։ Ունակ չեն, բայց տպավորություն են ստեղծում, թե մի ամբողջ մեղվափեթակ է իրենց թիկունքին կանգնած։
Մի հետաքրքիր բան էլ կա։ Նրա ֆեյսբուքյան էջից դուրս քաղաքացիները դժգոհում են, քննադատում, պահանջում պատասխանատվություն։ Ինչո՞ւ Փաշինյանը նրանց կարծիքը չի կարևորում, չի լսում։ Թե՞ ժողովուրդը միայն «իր ստեղծած ժողովուրդն է», երբ ասում է՝ «մնա՛, վարչապետ ջան»։
Հիշեցնեմ, որ Նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը մերժի նոր Սահմանադրությունը, ինքը հրաժարական կտա և կհեռանա։ Իսկ եթե ժողովուրդն ընդունի այն, հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չի առաջադրվի։


Բաց մի թողեք
Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել
Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է
Դատավորը 30 մլնի նվեր է ստացել․ Լուսանկար