«Նոյեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և պետական կառույցները կազմակերպել էին քննարկում անհետ կորածների և բռնի անհետացածների ծնողների մասնակցությամբ՝ քննարկելու անելիքները: Առաջարկ է հնչել հանդիպելու, երկխոսելու Ադրբեջանում անհետ կորածների հարազատների հետ:
Ժողովուրդ օրաթերթին անհետ կորածների մի քանի ծնողներ դժգոհեցին, որ նախ բոլորը չէ, որ տեղյակ են եղել նման միջոցառման մասին, բացի այդ, թույլատրվել է այդ միջոցառմանը մասնակցել միայն իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցողներին: Ամեն դեպքում, մի շարք ծնողներ աբսուրդ են համարում միջոցառման ժամանակ հնչած մտքերն ու ամենևին համաձայն չեն առաջարկության հետ
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 9-րդ կետով կողմերը պարտավորվում են համագործակցել և փոխանակել ողջ տեղեկատվությունը անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերը պարզելու համար։ Սա հիմք ընդունելով՝ առաջարկվել է երկխոսություն սկսել ադրբեջանցի անհետ կորածների ծնողների հետ: Հանդիպմանը մասնակցած Գոռ Մուրադյանը՝ «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի» նախագահը, որը անհետ կորածի հորեղբայր է, ծնողներից Սասուն Բադոյանը և Ասյա Դանիելյանը, ըստ մի քանի ծնողների, հնարավոր է՝ տեղում համաձայնել են նման երկխոսություն ծավալելուն, միայն թե մի հույս ծնվի, որ անհետ կորածներից որևէ մեկը կգտնվի
Սակայն 6 տարի իրենց երեխաներին փնտրող ու խաբված ծնողների մեծ մասը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում կտրուկ էին արտահայտվում և դժգոհեցին, որ դա աբսուրդ է. «Գնանք Բաքու, հանդիպենք անհետ կորածների ծնողներին, որ ինչ անենք: Ասում են՝ դե դուք ՀՀ-ում կճնշեք իշխանություններին, իրենք էլ թող Ադրբեջանում ճնշեն իշխանություններին, որ գտնեն կորածներին: Բայց սա անլուրջ է»,- Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում դժգոհեց ծնողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը՝ որևէ դրական պրոցես չխաթարելու համար
Հիշեցնենք, որ արցախյան երկու պատերազմներից հետո հայկական կողմն ունի շուրջ 1000 անհայտ կորած, որոնցից մոտ 200-ը՝ վերջին՝ 2020 թվականի պատերազմից։ Եվ շուրջ 6 տարի է, ՀՀ իշխանությունները տարբեր պատճառաբանություններով հուսախաբ են անում ծնողներին»։


Բաց մի թողեք
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում
Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը, ի՞նչ ունեցվածք ունի․ Լուսանկար, Փաստաթղթեր
Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը