27/11/2026

EU – Armenia

Իրանը ստուգում է իր դեմ ամերիկյան ագահությունը զսպելու Հայաստանի կամքը

«Հրապարակի» զրուցակիցն է իրանցի քաղաքական վերլուծաբան Էհսան Մոհավեդիանը։

– Օրերս Փաշինյանը հայտարարեց TRIPP-ի գործարկման մասին, հատուկ ուղերձով հանդես եկավ նաեւ Թրամփը։ Այս պայմաններում որքանո՞վ եք հավանական համարում TRIPP-ի իրագործումը։

– Կարճաժամկետ հեռանկարում TRIPP-ի «լիարժեք մեկնարկի եւ գործարկման» հավանականությունը միջինից ցածր է. նախագծի մեկնարկի վերաբերյալ քաղաքական հայտարարությունը դեռեւս չի նշանակում դրա լիարժեք ենթակառուցվածքային իրականացում։ Իրականացումը կախված է ֆինանսավորումից, հստակ իրավական համաձայնագրից, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունից, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի շարունակական աջակցությունից։ Թեեւ Բաքուն, ըստ երեւույթին, աջակցում է TRIPP նախագծին, պահանջում է խախտել Հայաստանի ինքնիշխանությունը Սյունիքի մարզի նկատմամբ, եւ պահանջում են իրենց համար ապահովել երկրի տարածքով անարգել ու անվերահսկելի անցում՝ վերջնական նպատակ ունենալով օկուպացնել Սյունիքը։ Թուրքիան ունի Բաքվի պահանջին նմանվող պահանջ։ Եթե Միացյալ Նահանգներում քաղաքական իրավիճակը փոխվի, երկու երկրներն էլ գործի կդնեն Հայաստանի դեմ ուղղված իրենց չարագուշակ մտադրությունները։ Ռուսաստանը եւս առայժմ բավարար ռազմական եւ գործառնական կարողություններ չունի՝ Սյունիքում տեղի ունեցողին միջամտելու համար: Ռուսաստանը նախ պետք է լուծի Ուկրաինայում ընթացող պատերազմի հարցը։ Մեկ այլ կարեւոր գործոն է Իրանի արձագանքը, ինչպես նաեւ՝ այն, թե ինչ հետեւանքներ կունենան նախագծի հետ կապված անվտանգային եւ քաղաքական հարցերը։ Իրանի սահմանի մոտ ցանկացած օտարերկրյա ներկայություն կամ տրանսպորտային ուղիների նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ անորոշություն ազդեցություն կունենա «Թրամփի երթուղու» իրականացման վրա, կդանդաղեցնի դրա իրագործումը։ Բացի այդ, ապագայում Վաշինգտոնի առաջնահերթությունների փոփոխությունը նույնպես կարող է դանդաղեցնել նախագծի ընթացքը։ Հետեւաբար կարելի է ասել, որ TRIPP-ը, ամենայն հավանականությամբ, առայժմ կմնա որպես «հայտարարված քաղաքական նախագիծ», որի միայն որոշ հատվածներ կիրականացվեն ուշացումներով, իսկ կարճաժամկետ հեռանկարում դրա ամբողջական եւ անխոչընդոտ իրականացումը քիչ հավանական է։

– Իրանական կողմը պարբերաբար բարձրաձայնում էր TRIPP-ի հետ կապված իր մտահոգությունները, մասնավորապես նշում էին, որ հայ գործընկերներն իրենց վստահեցնում են, թե դա չի օգտագործվելու Իրանի դեմ։ Իրանում ինչպե՞ս ընդունեցին մեկնարկի մասին Փաշինյանի հայտարարությունը։

– Իրանի գնահատականը «լուրջ մտահոգության արտահայտման» եւ «ճգնաժամային կառավարման» համադրությունն է։ Թեհրանը պաշտոնապես շեշտը դնում է Հայաստանի տված երաշխիքների վրա, որոնց համաձայն՝ TRIPP-ն ուղղված չէ Իրանի դեմ, սակայն միաժամանակ զգուշացնում է նախագծի անվտանգային եւ աշխարհաքաղաքական հետեւանքների մասին։ Իրանում, ըստ երեւույթին, երկու տեսակետ է հնչում․ դիվանագիտականը, որն ընդգծում է Հայաստանի հետ հարաբերությունների պահպանման եւ երաշխիքների ստացման կարեւորությունը, եւ ավելի կոշտ՝ մեդիա-փորձագիտականը, որը Փաշինյանին զգուշացնում է ԱՄՆ-ի ճնշման ներքո Իրանի «կարմիր գծերը» չհատելու մասին։ Տեսակետների այս տարբերությունը Թեհրանում գործառույթների բաշխման, այլ ոչ թե ռազմավարական տարաձայնության նշան է։ Իրանի եզրահանգումը հետեւյալն է՝ TRIPP-ը չպետք է վերածվի Իրանի վրա ճնշման, աշխարհաքաղաքական խեղդման կամ Իրանի մեկուսացման գործիքի։ Ուստի Թեհրանը թեեւ ձեւականորեն ընդունում է երաշխիքները, այնուամենայնիվ, թերահավատությամբ է հետեւում նախագծի իրականացմանը՝ դիտարկելով այն որպես «Ամերիկայի մտադրությունները ստուգելու» եւ Իրանի դեմ ամերիկյան ագահությունը զսպելու հարցում Հայաստանի կամքը քննելու միջոց։

– Իրանական կողմից եւս մեկ հայտարարություն հնչեց այն մասին, որ TRIPP-ը չի կարող փոխարինել այլ տրանսպորտային հանգույցներին, ի՞նչ է սա նշանակում։

– Այս հայտարարությունը նշանակում է, որ Իրանը դեմ է տրանսպորտային ուղիների «մենաշնորհացմանը» եւ Իրանը շրջանցող այլընտրանքային երթուղու ստեղծմանը։ Թեհրանը նշում է, որ TRIPP-ը կարող է դիտարկվել այլ միջանցքների հետ մեկտեղ, սակայն Իրանի տարանցիկ իրավունքն ու դերը չպետք է վերացվեն կամ թուլացվեն։ Գործնականում իմաստն այն է, որ Իրանը մերժում է «լիակատար այլընտրանքի» մասին ցանկացած խոսույթ եւ երաշխիքներ է պահանջում, որ ավանդական երթուղիներն ու իր տարանցիկ շահերը կպահպանվեն։ Այս հայտարարությունը թե՛ նախազգուշացում է, թե՛ ընդհանուր կանոնների շուրջ համաձայնության գալու կոչ։ Իրականում, Իրանը դեմ չէ տարածաշրջանային փոխկապակցվածության սկզբունքին, Իրանը դեմ է այնպիսի նախագծի, որը կարող է թուլացնել Իրանի աշխարհատնտեսական դիրքը կամ նրան դուրս մղել եվրասիական տրանսպորտային շղթայից։

– Որո՞նք են այն հիմնական մտահոգությունները TRIPP-ի մասով, որոնք Իրանի ղեկավարությունն ուղիղ չի բարձրաձայնում։

– Իրանի հիմնական մտահոգությունը կապված է անվտանգության հետ։ Հայաստան-Իրան սահմանի մոտ ցանկացած օտարերկրյա ռազմական եւ անվտանգային ներկայություն կամ ԱՄՆ-ից կախված ենթակառուցվածքների ստեղծում՝ Թեհրանի կողմից դիտարկվում է որպես սպառնալիք։ Իրանը սա համարում է Հայաստանի կողմից տրված նախկին երաշխիքների խախտում։ Երկրորդ մտահոգությունն աշխարհաքաղաքական բնույթ ունի. TRIPP-ը կարող է ուժեղացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցությունը Հայաստանում եւ վնասել երկրի կենսունակությանը, ինչը հակաիրանական ուժերին կդրդի ավելի մեծ ախորժակով սպառնալ Իրանի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ՝ կթուլացնի Իրանի դիրքերը երկրի հյուսիսարեւմտյան հատվածում՝ տարանցիկ եւ քաղաքական հարաբերությունների համատեքստում։ Երրորդ մտահոգությունը տնտեսական եւ ռազմավարական բնույթ ունի․ առեւտրային ուղիների շեղում, Իրանի տարանցիկ դերի նվազում եւ Հայաստանի կախվածության ստեղծում այնպիսի երթուղիներից, որոնք գտնվում են Իրանի մրցակիցների ազդեցության ներքո։ Ոչ պաշտոնական մտահոգությունների շարքին է դասվում նաեւ երթուղիների նկատմամբ ինքնիշխանության ու վերահսկողության վերաբերյալ անորոշությունը, ինչպես նաեւ՝ դրանք քաղաքական նպատակներով օգտագործելու հավանականությունը։

– Մտահոգություն կա՞, որ TRIPP-ի պատճառով կարող է փակվել հայ-իրանական սահմանը։

– Այս պահի դրությամբ սահմանի փակման ռիսկը ցածր է, քանի որ Հայաստանը պաշտոնապես երաշխավորել է, որ TRIPP-ը չի փոխելու սահմանները եւ ուղղված չէ Իրանի դեմ։ Իրանի շահերից է բխում, որ սահմանը բաց մնա, եւ Հայաստանի հետ հարաբերությունները պահպանվեն։ Այնուամենայնիվ, ռիսկը զրոյական չէ, եթե ապագայում սահմանի մոտ հայտնվեն օտարերկրյա անվտանգային եւ հետախուզական ուժեր, փոխվի երթուղիների իրավական կարգավիճակը, կամ Սյունիքում ռազմական լարվածություն առաջանա, Թեհրանը կարող է կիրառել սահմանային եւ տարանցիկ գործիքակազմը։ Սա ավելի շուտ «զգուշացնող կարմիր գիծ» է, քան ներկայիս սցենար։ Ներկայիս պայմաններում սահմանի փակման հավանականությունը ցածր է, սակայն եթե երաշխիքները խախտվեն, կամ TRIPP-ը վերածվի անվտանգային ճնշման գործիքի, ապա այս տարբերակը «քիչ հավանական»-ից կդառնա «հնարավոր»։

– Վելայաթիի հոդվածում Փաշինյանի հասցեին հստակ ու կոշտ բնորոշումներ կային։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հայ-իրանական հարաբերություններում սպասվում են ոչ դրական փոփոխություններ։

– Այս կոշտ դիրքորոշումը «նախազգուշացման եւ ճնշման» նշան է եւ ոչ թե պարտադիր կերպով հարաբերություններում անշրջելի բացասական զարգացումների սկիզբ։ Պարոն Վելայաթիի կողմից լրատվամիջոցներով տրվող ազդակները կարող են անվտանգային մտահոգությունների մի մասն ավելի բարձրաձայն եւ լուրջ արտացոլել, որպեսզի Իրանի կառավարությունը Հայաստանի հետ բանակցություններում գործի հաստատակամորեն եւ ուժի դիրքերից։ Միեւնույն ժամանակ, այս պահվածքը ցույց է տալիս, որ Իրանի ներքաղաքական մթնոլորտը զգայուն է դարձել Փաշինյանի նկատմամբ եւ լրջորեն անհանգստացած է TRIPP նախագծի իրականացման արդյունքներով։ Այնուամենայնիվ, Իրանի դիվանագիտական ապարատը սովորաբար գործում է ավելի մեղմ տոնայնությամբ եւ Հայաստանի՝ որպես բարեկամ երկրի հետ հարաբերությունները պահպանում է ցանկալի մակարդակի վրա։ Լրատվամիջոցների կոշտ դիրքորոշումը պետք է դիտարկել որպես «նախնական նախազգուշացնող ազդակ», այլ ոչ թե «հարաբերությունների նվազման նշան»։ Եթե Հայաստանի երաշխիքները մնան գործնական եւ թափանցիկ, լարվածությունը կառավարելու հավանականությունը բարձր է. եթե Թրամփի երթուղու եւ ամերիկյան սադրանքների վերաբերյալ անորոշությունը շարունակվի, մեդիա մթնոլորտն ավելի կսրվի, իսկ հարաբերությունները կհայտնվեն ճնշման տակ։