27/11/2026

EU – Armenia

«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «9-րդ ԴԱՍԱՐԱՆԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԴԱՍԱԳՐՔԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ

Նայել 18+տարիքային սահմանափակում ունեցող

«Слово пацана»- հեռուստասերիալի 1-ին մասը․․․։

Ի՜նչ ասել․․․․Նորից պիտի հաստատեմ տարիներ բարձրաձայնած մտահոգությունս․ դասագրքաստեղծությունը պատասխանատու գործընթաց է, որին, սակայն անփութությամբ և անպատասխանատվությամբ է վերաբերվում համապատասխան կառույցը։
Եվ, միևնույն ժամանակ, ինչ անդրդվելի է ԿԳՄՍ–ն «իրական Հայաստանի» կեղծ և ապազգային գաղափարախոսության հանրահռչակման հանձնառության մեջ։

«Слово пацана»- հեռուստասերիալը պաշտոնապես ունի 18+ տարիքային սահմանափակում։ Աներկբա է, որ սյուժեում ներկայացվող քրեական ենթամշակույթը, խմբակային բռնությունը, ուժի պաշտամունքը, վախի միջոցով հեղինակություն ձեռք բերելը և հանցավոր խմբերի ներքին «պատվո կանոնները» կարող են դեռահասների կողմից ընկալվել որպես վարքագծի ընդունելի կամ նույնիսկ գրավիչ մոդելներ։

Անընդունելի է և միաժամանակ՝ անբացատրելի, թե ինչ չափորոշիչով են առաջնորդվել հեղինանկները, երբ 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ։
14–15 տարեկանը երեխաները դեռևս չունեն բավարար քննադատական մտածողություն՝ էկրանին ներկայացվող իրականությունն ու գեղարվեստական դրամատիզացիան հստակ տարանջատելու համար։ Հետևաբար, քրեական աշխարհի կանոնների, բռնության, հաշվեհարդարի և ուժի միջոցով խնդիրներ լուծելու մոտեցումների ռոմանտիկացումը միանշանակ նպաստում է դրանց նորմալացմանը։

Պարզապես անընդունելի է, երբ նման բովանդակությունը ոչ միայն հասանելի է դառնում դեռահասներին, այլ ներկայացվում է որպես պարտադիր կամ հանձնարարելի դիտման առարկա։
Իսկ մինչ այդ ԿԳՄՍ–ն կրկնակի կամ անկախ փորձաքննություն կազմակերպելու փոխարեն՝ հանրակրթական հաստատություններից հեռացնում է փառքի անկյուններն ու պատերից ջնջում է հերոսների նկարները։

Ամոթ և ոչ պրոֆեսիոնալիզմ, այլ գնահատական չունեմ․․․»: