Երեւանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի շուրջ դատական գործընթացը ձգձգվում է։ Օրեր առաջ գրել էինք, որ նոյեմբերի 26-ին վերաքննիչ վարչական դատարանը կհրապարակի դատական ակտը։
Հրապարակ թերթը գրել է․ Ինչպես հայտնի է՝ դատախազությունը պահանջում է այն վերադարձնել կառավարությանը։ Արցախի շահերը ներկայացնող փաստաբան Ռոման Երիցյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռ չկա որոշումը, վերաքննիչ դատարանից դեռ չեն արձագանքել։
Հարցին՝ նման պրակտիկա կա՞, երբ որոշման հրապարակման սահմանված ժամանակից մեկ օր անց էլ դա տեղի չի ունեցել, Երիցյանը պատասխանեց․ «Վերաքննիչ վարչականը միշտ էլ ուշ է տալիս որոշումները, այնպես չէ, որ երբեւէ ժամկետում որոշում է կայացրել»։
Նշենք, որ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքի վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը քննել գրավոր ընթացակարգով՝ առանց դատական նիստ հրավիրելու։ Սա միակ տեղն է, որտեղ Արցախի հանձնումից հետո վտարանդի մեր հայրենակիցները հավաքվում, քաղաքական, սոցիալական հարցեր էին քննարկում, եւ շենքում նաեւ մի արցախցի ընտանիք էր բնակվում: Դա է պատճառը, որ արցախցիները շունչը պահած դատարանի որոշմանն են սպասում։
Հիշեցնենք․ ՀՀ կառավարության որոշմամբ, դեռեւս 1997 թվականին շենքն անհատույց փոխանցվել է Արցախի Հանրապետությանը։ Դրա սեփականության իրավունքը հետագայում պետական գրանցում է ստացել։


Բաց մի թողեք
ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին
Փուլ առ փուլ է հայտնում, որպեսզի մարդիկ խուճապի մեջ չհայտնվեն
Ինչու գնաց 50-ի Կարենը, ով կփոխարինի նրան