Շարունակվում է ուսումնասիրել 2026 թվականին պաշտոններից հետ կանչված դիվանագիտական ներկայացուցիչների կենսագրություններն ու հայտարարագրած ունեցվածքը։ Այս տարի հետ կանչված յոթ դիվանագիտական ներկայացուցիչների թվում է նաև Ծովինար Համբարձումյանը, որը զբաղեցնում էր Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է, թե ով է Ծովինար Համբարձումյանը, ինչ ճանապարհ է անցել դիվանագիտական համակարգում և ինչ ունեցվածք է հայտարարագրել։
Ով է Ծովինար Համբարձումյանը․
Ծովինար Համբարձումյանը ծնվել է 1971 թվականի հուլիսի 5-ին՝ Երևանում։ 1989-1994 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում՝ մասնագիտանալով արևելյան լեզուների և գրականության ոլորտում։ Մասնագիտությամբ թուրքագետ է։

Տարբեր տարիների աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը։ 2018-2020 թվականներին ղեկավարել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը։
2020-2024 թվականներին եղել է Իտալիայում Հայաստանի դեսպանը, համատեղության կարգով ներկայացրել է Հայաստանը նաև Մալթայում և Սան Մարինոյում։ 2024 թվականի հոկտեմբերի 24-ից նշանակվել է Բուլղարիայում ՀՀ դեսպան, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 3-ից՝ համատեղության կարգով նաև Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ դեսպան։
Անշարժ գույք․
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց Համբարձումյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզեց, որ նա ունի Երևանի տարածքում գտնվող երեք բնակարան, որոնցից մեկը համատեղ սեփականության իրավունքով է՝ 1/2 բաժնեմասով։ Բնակարաններից մեկը ձեռք է բերել 1994 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժառանգությամբ, մյուս երկուսը՝ 2012 թվականի մայիսի 14-ին և 2019 թվականի մարտի 22-ին՝ գնման եղանակով։ Վերջին ձեռքբերման օրը նա նաև ավտոկայանատեղի է ձեռք բերել։
Հայտարարագրում նշված է, որ 2025 թվականի սկզբին ունեցած անշարժ գույքը պահպանվել է նաև տարվա վերջին։ Տարվա ընթացքում նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույքից չի օտարել։
Եկամուտ․
2025 թվականին Ծովինար Համբարձումյանը ստացել է ընդհանուր 23 միլիոն 578 հազար 447 դրամի եկամուտ։ Դրա մի մասը կազմել է աշխատանքի վարձատրությունը՝ 43 հազար 004 եվրո, որը ստացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Բացի այդ, նա Ռենատ Զախարևից վարձակալության դիմաց ստացել է 1 միլիոն 920 հազար դրամ, Պետական եկամուտների կոմիտեից՝ 568 հազար 135 դրամ եկամտային հարկի վերադարձ, իսկ ԱԿԲԱ բանկից և Արդշինբանկից՝ 1 միլիոն 781 հազար 086 դրամ՝ ավանդների և փոխառությունների դիմաց ստացված տոկոսների տեսքով։
Դրամական միջոցներ և փոխառություններ․
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ Համբարձումյանը 2025 թվականի վերջում բանկային հաշիվներում ունեցել է 573 հազար 886 դրամ, 78 հազար 760 դրամ և 14 հազար 326 եվրո։
Նրա բանկային ավանդների մասով ուշագրավ է, որ տարվա սկզբին ունեցած 50 հազար եվրոյի և 153 հազար 777 եվրո 4 ցենտի ավանդները տարեվերջին զրոյացել են։ Փոխարենը դրամային ավանդներից մեկում տարվա վերջում ունեցել է 5 միլիոն 033 հազար դրամ, մյուսում՝ 1 միլիոն 756 հազար դրամ։ Դոլարային ավանդի մնացորդը տարվա սկզբի 85 հազար 163 դոլար 26 ցենտից նվազել է՝ դառնալով 18 հազար 911 դոլար։
Բացի այդ, նրա կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 2 հազար 500 եվրոյից տարեվերջին հասել են 57 հազար եվրոյի։
Հայտարարագրում առկա է նաև 5 միլիոն 638 հազար դրամ վարկի մայր գումարի մնացորդ։
Նշենք, որ նոյեմբերի 23-ին նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով հետ են կանչվել վեց դեսպան և ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։ Դեսպանների թվում են Անահիտ Հարությունյանը, Հովհաննես Վիրաբյանը, Տիգրան Մկրտչյանը, Ծովինար Համբարձումյանը, Արման Հակոբյանը և Վիկտոր Բիյագովը։ Հետկանչերի հիմքում վարչապետի առաջարկություններն են եղել։ Հետկանչերի պատճառների մասին պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել»։


Բաց մի թողեք
43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը
ԲԱՑԱՌԻԿ․ Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել