COP29-ին մեր մասնակցության մասին տեղեկություն չունեմ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով՝ եթե նման տեղեկություն լինի, ԱԳ նախարարը հանդես կգա հայտարարությամբ:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե գնալը ճիշտ չէ, եթե գերիներն ազատ չեն արձակվելու, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ գերիների հարցը պետք է լուծվի: Եթե մարդասիրական, հումանիտար բնույթ ունի տվյալ միջազգային հավաքը, այն պետք է առաջին հերթին իրացնի այն պահանջը, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ արձանագրված է»:
Հարցին՝ այսինքն՝ պետք չէ գնալ, քանի դեռ գերիների վերադարձի պայմանավորվածությունը Բաքվի հետ չի՞ կայացել, նա արձագանքեց. «Կարծում եմ՝ գնալն էլ արժեք ունի, չգնալն էլ արժեք ունի։ Գերիների հարցով, առանց հանրայնացնելու, պետք է մշտապես զբաղվել մինչև վերջին գերու հետ գալը, որովհետև հիմա տեսնում եք՝ նաև առաջին պատերազմի զոհվածների, անհետ կորածների խնդիր է արծարծվում: Այդ խնդրի շրջանակում էլ կարող են ստեղծվել հնարավորություններ՝ գերիների, անհետ կորածների հանձնախմբերն աշխատեն միասին, և փորձենք հասնել ամբողջական լուծման»:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 պետության և կառավարության ղեկավար հաստատել է իր մասնակցությունը համաժողովին։ Սակայն աշխարհի մի շարք առաջնորդներ ու պետական պաշտոնյաներ էլ հայտնել են, որ չեն մեկնելու Բաքու:
Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ինքը 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված գաղտնի թղթեր ունի:
«Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովը ստեղծված է ԱԺ-ի կողմից, սահմանադրական հանձնաժողով է, և այդ հանձնաժողովի կատարած աշխատանքն Ազգային ժողովի և պետության սեփականությունն է: Զեկույցը ներկայացնելուց հետո այն կծառայի մեր երկրի անվտանգությանը: Ընթացակարգով մենք շարժվում ենք, դեկտեմբերին այն փորձաքննությունների փուլ կմտնի՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցը, որպես այդպիսին, ավարտված է՝ իր հատորներով, իր էջերով: Շատ-շատ էջեր միայն վերծանումներ են տեսագրությունների: Դա մի հսկայածավալ աշխատանք է, որը նույնպես ավարտված է»,- ասաց նա:
Հարցին՝ կարևոր բացահայտումներ կա՞ն զեկույցում, Քոչարյանը դրական պատասխանեց, ապա հավելեց. «ԱԺ լիագումար նիստերի դահլիճում զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով»:
Հնարավո՞ր է բացահայտումներին հաջորդեն քրեական գործեր, Անդրանիկ Քոչարյանը կրկին դրական արձագանքեց՝ նշելով, որ հիմա էլ հազարավոր քրեական գործեր կան:






Բաց մի թողեք
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա