20/08/2026

EU – Armenia

Փոխհատուցումներ վճարելու խոստումները մնացին անկատար

2026 թվականի հունիսին Շիրակի մարզում եւ հատկապես Գյումրիում տեղացած կարկուտն աննախադեպ վնաս էր պատճառել բնակչությանը:

Հրապարակ թերթը գրել է. Առաջին անգամ Գյումրիում կարկուտ տեղաց հունիսի 10-11-ի գիշերը, երբ տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկուտի պատճառով սառցաշերտի բարձրությունը որոշ փողոցներում հասել էր մինչեւ 1,5 մետրի՝ կաթվածահար անելով երթեւեկությունը: Երկրորդ ուժգին աղետը գրանցվեց հունիսի 19-ի երեկոյան, երբ քաղաքում տեղացել էր հավկիթի եւ խնձորի մեծության ՝ ավելի քան 4 սմ տրամագծով խոշոր կարկուտ: Ամենամեծ հարվածը ստացել էին Գյումրու Անի եւ Մուշ թաղամասերը: Կարկտահատիկները ջարդուփշուր էին արել տասնյակից ավելի մեքենաների դիմապակիները, հետեւի ապակիներն ու վնասել թիթեղները: Կոտրվել էին բազմաբնակարան շենքերի պատուհաններ, փողոցային լուսավորության հենասյուներ եւ տանիքներ: Կարկուտի հետեւանքով Մուշ թաղամասի վարդերի ջերմոցային տնտեսությունը եւ հարակից գյուղերի, օրինակ՝ Հայկավանի հացահատիկի դաշտերն ու արեւային կայաններն էին վնասվել: Անգամ քաղաքացիներն էին վնասվածքներ ստացել:

«Վարդերի աշխարհ» ջերմոցային տնտեսություն անունով ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացնում էր, թե ջերմատունը կարկուտի հետեւանքով ինչպիսի վնաս է կրել։ «Հունիսի 19-ին տեղացած կարկուտը ցանցի վերածեց 6000 քմ մակերեսով մեր երկշերտ պոլիէթիլենը, ինչը միլիոնների վնաս է պատճառել ջերմոցին։ Հիմա հորդառատ անձրեւը ողողում է ողջ բուսականությունը, փտեցնում վարդերը եւ զրոյի հավասարեցնում մեր ամիսների աշխատանքն ու ներդրումները, մինչդեռ ԵԱՏՄ շուկան փակ է աճեցնողներիս համար, եւ վարդի գինը՝ ինքնարժեքից էժան։ Կառավարությունն էլ արդեն երկու ամիս է՝ աղետից տուժածներիս փոխհատուցում է տրամադրում։ Մնում է աղոթել, որ ձմռանն էլ գազը չթանկանա, այլապես ջերմոցը կփակվի: Ահա մեր երկրի պատասխանը՝ Գյումրի քաղաքին տասնյակ հազարավոր տնկիներ նվիրած ու մշտապես բարիք ստեղծող մեր ջերմոցին»,- գրել էր օգտատերը։

Տեղացած կարկուտից հետո Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի կողմից ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ, որոնք իրականացրել են վնասների հաշվառում՝ բնակիչներին հետագայում աջակցություն տրամադրելու նպատակով: Աղետից անցել է 2 ամիս, սակայն բնակչությունը դեռ որեւէ փոխհատուցում չի ստացել: Հարցում էինք ուղարկել Շիրակի մարզպետարան՝ ճշտելու, թե տեղացած կարկուտի հետեւանքով որքան վնաս է կրել մարզը, ինչ քայլեր են ձեռնարկվել մարզպետարանի կողմից, վնասի փոխհատուցում եղե՞լ է, թե՞ ոչ: Քանի՞ ջերմատուն է վնասվել, դրանց եւս փոխհատուցում տրվե՞լ է մարզպետարանի կողմից։
Շիրակի մարզպետարանից մեզ փոխանցեցին. «Տվյալները հավաքագրվել են համայնքային հանձնաժողովների կողմից (հանձնաժողովների ձեւավորումը կառավարության 1582 որոշումով 2011 թվականի համաձայն), ակտերը եկել են մարզպետարան, մենք էլ ուղարկել ենք կառավարություն։ Այս պահին կառավարությունում քննարկումներ են գնում հետագա քայլերի մասով։ Փոխհատուցում, ամեն դեպքում, դեռ չի եղել»: