Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը, ում դեմ Ադրբեջանում «ահաբեկչության կոչեր հնչեցնելու» և «ազգամիջյան թշնամանք ու ատելություն հրահրելու» մեղադրանքով քրեական գործ է հարուցվել, զբաղեցրած պաշտոնից հրաժարական է տվել։
Այդ մասին նա գրառում է կատարել թելեգրամ-ալիքում։ Չադաևը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների հասցեին արված հայտարարությունները «բացառապես անձնական տեսակետ» են, իսկ պաշտոնը թողնում է, որպեսզի «չվնասի երկու երկրների հարաբերություններին»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես «անձնական կարծիք» է անվանել տեղեկատվական մի քանի հարթակներում Ադրբեջանի վերաբերյալ արված հայտարարությունները։
Զախարովան փաստացի հնարավոր է համարել Ռուսաստանի երեք քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական «դատավարությունը», երբ ասել է, որ Մոսկվան «նրանց անհրաժեշտ իրավական օգնություն կցուցաբերի»։
Առայժմ հայտնի չէ, թե ի՞նչ ընթակարգ է գործի դրվելու, բայց ակնհայտ է, որ պաշտոնական Մոսկվան «հանձնվել» է։
Իրավիճակի վերաբերյալ բավական սուր գրառում է կատարել Կրեմլի հայտնի քարոզիչ Սոլովյովը։ «Ադրբեջանը մեր երեք քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարել, մենք ի՞նչ ենք պատասխանել»,- գրել է Սոլովյովը և հավելել․ «Իսկ արտաքին գործերի նախարարի Ուկրաինա ա՞յցը։ Իսկ հարցրեք՝ ինչո՞ւ Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ այդպես են պահում իրենց։ Նրանք համոզված են, որ մենք երբեք իրենց և Արևմուտքին չենք պատասխանի, քանի որ պարտվում» ենք։
Կոնկրետ Ադրբեջանի պարագայում Սոլովյովը, ամենայն հավանականությամբ, ճիշտ է։ Իլհամ Ալիևը երբեք իրեն թույլ չէր տա Վլադիմիր Պուտինի «հեղինակության վրայով անցնել», եթե տպավորություն կամ համոզմունք չունենար, որ նա Ուկրաինայում առնվազն չի հաղթելու։ Կրեմլը Բաքվի հարձակումներին չի հակադարձում։
Քաղաքականության համար Ալեքսեյ Չադաևը և մյուս երկու լրագրողները «մանրադրամ» են։ Հնարավոր է, Ռուսաստանը նրանց միջոցով փորձել է պարզել Բաքվի «վերջնական կողմնորոշումը»։ Այն, կարծես, ակնհայտ է։
Մնում է սպաասել, թե Մոսկվայի «անձնատվությունը» իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում։ Բաքվի իշխանական մամուլը Չադաեւի պաշտոնաթողությունը գնահատում է որպես նրան «պետական իմունիտետից զրկում»։
Բայց չէ՞ որ նա հրապարակայնացրել է այն, ինչ «հանձնարարվել է Պուտինի աշխատակազմից»։։ Պուտին-Ալիև հանդիպում կամ հեռախոսազրույց կկայանա՞։ Կրեմլում չեն կարող չհաշվարկել, որ ադրբեջանական «դառնահաբի լուռ մարսումը» ներքաղաքական հետեւանքներ է ունենալու։

Բաց մի թողեք
Ադրբեջանը «պատրաստ է Պակիստանին ցանկացած աջակցություն ցուցաբերել»
Վրաստանը «բացում է Հարավային Կովկասի հյուսիսային դարպասը»
Մարգարիտա Սիմոնյանը կվճարի թշնամու ԱԹՍ-ի վրա կրակած ֆերմերի տուգանքը