Կրեմլի խոսնակ Պեսկովը անդրադառնալով Հայաստանի վարչապետի հայտարարությանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամությունը սառեցրած լինելու մասին, լրագրողներին ասել է, որ այդ կապակցությամբ քննարկումներ Պուտինը Փաշինյանի հետ չի ունեցել եւ առաջիկայում էլ չունի այդպիսի քննարկման ծրագիր:
Բայց Պեսկովն ասել է, որ Մոսկվան շարունակելու է երկխոսությունը Հայաստանի հետ, որպեսզի հասկանա, թե ինչ նկատի ունի Երեւանի եւ ինչ է լինելու հեռանկարում: Միաժամանակ, ՀԱՊԿ քարտուղարությունը հայտնել է, որ Երեւանից չի ստացել կազմակերպության ներսում Հայաստանի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ որեւէ դիմում: Ըստ էության, Փաշինյանի հայտարարությունը քաղաքական է, որը չունի իրավական հենք:
Այսինքն, Հայաստանը չի կատարել ՀԱՊԿ-ում իր անդամությունը սառեցնելու կամ կասեցնելու որեւէ իրավական գործողություն, բայց քաղաքական որոշմամբ հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին՝ վարժանքներից մինչեւ վեհաժողովներ եւ նախարարական հանդիպումներ, չի նշանակում կազմակերպությունում նոր ներկայացուցիչ: Այդ ամենից հետո հարց է առաջանում, թե ինչի՞ն է սպասում Երեւանը՝ ՀԱՊԿ անդամությունը դադարեցնելու քայլի համար: Սպասում է, որ կազմակերպությունը կփոխի՞ վարքագիծը Հայաստանի հանդեպ: Միթե՞ Երեւանն ունի այդպիսի միամտություն:
Հազիվ թե: Իսկ գուցե Երեւանը սպասում է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը որքան կգնահատի Արեւմու՞տքը, արդյո՞ք «կվճարի» դրա դիմաց այնքան, որքան ակնկալում է Նիկոլ Փաշինյանը: Միեւնույն ժամանակ, ի՞նչ տեսքով է Փաշինյանի ակնկալիքը: Ամբողջ հարցը այն է սակայն, որ ՀԱՊԿ-ը թերեւս «փոխարկելի արժեք» է դարձել նաեւ ՌԴ համար՝ ներկայումս ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության համատեքստում: Այդ մասին գրելու եւ խոսելու առիթ ունեցել եմ բազմիցս: Ներկայումս աշխարհակարգային խոշոր տրանսֆորմացիայի փուլում անխուսափելի տրանսֆորմացիայի է ենթարկվում նաեւ մասնավորապես Եվրասիական անվտանգության համակարգը, եվրասիական անվտանգության ճարտարապետությունը:
Սա բավականին բարձրացնում է նաեւ այդ համակարգում ՀԱՊԿ կերպափոխման հավանականությունը: Դա իհարկե կախված կլինի մի շարք հարակից զարգացումներից, ռեգիոնի խոշոր դերակատարների հետ Ռուսաստանի պայմանավորվածությունների տրամաբանությունից, սակայն իրողությունները ներկայումս այնպիսին են, որ բավականին բարձր է դիտվում կերպափոխման անհրաժեշտություն առաջացնող պայմանավորվածությունների հավանականությունը:
Բաց մի թողեք
Ի՞նչ շրջանակ է ունենալու Արևելյան գործընկերության ծրագիրը
Քաղաքական ցուգցվանգ
Ինչպիսի՞ դիրքորոշում կունենա Հունգարիան ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետի երկարաձգման հարցում