19/09/2026

EU – Armenia

Ոչ թե մեզ, այլ` ձեզ

Ուզում եմ շատ պարզ հարցեր ուղղել այս իշխանություններին, որոնք նաեւ պարզ պատասխաններ են ենթադրում:

Հրապարակ թերթը գրել է․ Հարց առաջին. եթե կրակոցին կրակոցով չեք պատասխանելու եւ թույլ եք տալու, որ հայ սպանեն, հայկական հողում թշնամու զինվորն առաջ գա, ինչի՞ համար եք բանակ պահում, զենք գնում եւ նույնիսկ հպարտանում, որ 2018 թվականին ոչ ոք մեզ զենք չէր վաճառում, հիմա մենք զենք գնելու պրոբլեմ չունենք` բոլորը վաճառում են: Եթե այդ զենքը մեզ չի պաշտպանելու եւ երբեւէ չի կրակելու, ի՞նչ իմաստ ունի մեր բյուջեի սուղ միջոցները ծախսել դրա վրա:

Հարց երկրորդ. եթե «թալանը», ինչպես դուք եք ասում, միլիարդներով հետ եք բերել, լցրել պետական բյուջե եւ առաջիկայում էլ մեկ միլիարդ դոլար հետ բերելու ծրագիր ունեք, եթե մասնավոր գործարանները պետականացնում եք, սեփականատերերից վերցնում, որ ծառայեցնեք հանրությանը եւ նրա բարեկեցությունը բարձրացնեք, ինչո՞ւ եք ընտանեկան նպաստները հանրապետությունով մեկ կրճատում: Ինչո՞ւ եք թոշակն ընդամենը 10 հազար դրամով բարձրացնում: Ինչո՞ւ եք գույքահարկը, հարկերն ու տուրքերն անշեղորեն բարձրացնում, անգամ քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունից հրաժարվելու գումարը տասնապատկում: Ինչո՞ւ եք նորից խոսում տրանսպորտի թանկացման մասին, վարկավորման տոկոսադրույք բարձրացնում եւ այլն: Ինչո՞ւ եք արցախցիներին գրոշներ տալիս եւ մի թերի բնակապահովման ծրագիր իրականացնում, որից ոչ ոք չի օգտվում: Եթե բյուջե մտած փողը չի ծառայելու մեր հանրությանը, չի դառնալու նպաստ ու թոշակ, չի ուղղվելու կարիքավոր խավերին, չեն սուբսիդավորվելու տրանսպորտի եւ այլ ծախսեր, ի՞նչ իմաստ ուներ ԶՊՄԿ-ի 22 տոկոսը, «Լիդիանի» 12,5 տոկոսը, «Վիվասելի» 20 տոկոսը սեփականատերերից խլելը: Գուցե իմաստը ձեր աշխատավարձերը կրկնապատկե՞լն էր: