21/09/2026

EU – Armenia

Անկախության 35 տարին․ տոն, որի մեջ ցավ կա, և հայրենիք, որի համար դեռ պետք է պայքարել

Սեպտեմբերի 21-ը մեզ համար պարզապես տոնական օր չէ։ Այն հիշողության, արժանապատվության, պատասխանատվության և ազգային գոյության մասին ամենածանր հարցերի օրն է։ Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձն է։

35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով իր կամքն արտահայտեց՝ հօգուտ անկախ պետականության։ Հանրաքվեի մասնակիցների շուրջ 99 տոկոսը «Այո» ասաց Խորհրդային Միությունից դուրս անկախ, ժողովրդավարական պետություն դառնալուն։ Այդ քվեարկությունը դարձավ պետական անկախության հաստատման հիմքը։

Բայց իմ և իմ սերնդի համար այդ «Այո»-ն սկսվել էր շատ ավելի վաղ

Այն սկսվել էր 1988-ի Արցախյան շարժման օրերին, Երևանի փողոցներում, հրապարակներում, մարդկանց համարձակ ձայներում, պատմական արդարության պահանջի և ազատ ապրելու աննահանջ ցանկության մեջ։ Այն սկսվել էր Ղարաբաղ կոմիտեից, այն մարդկանցից, ովքեր իրենց կյանքը դրեցին ազգային զարթոնքի և անկախ պետականության գաղափարի ճանապարհին։

Այդ մարդկանց թվում էր նաև հայրս՝ Ռազմիկ Սարգսյանը՝ Կուդասը, ինչպես նրան Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով անվանել էին։ Նրա անունը ես այսօր հիշում եմ ոչ թե միայն որպես որդի, այլև որպես մի ժամանակաշրջանի վկա, երբ անկախությունը դեռ թուղթ չէր, պետական տոն չէր, այլ վտանգներով, զոհողություններով և անհայտ ապագայով լի ճանապարհ։

Այդ ճանապարհի գինը չափազանց բարձր էր։ Եվ այսօր, երբ մենք կանգնած ենք անկախ Հայաստանի 35-ամյակի առջև, իրավունք չունենք մոռանալու՝ ինչից է ծնվել մեր պետականությունը, ինչի համար են մարդիկ պայքարել, և ինչ պատասխանատվություն է դրված մեր ուսերին։

Տոն, որի մեջ նաև ցավ կա

Այսօր մենք շնորհավորում ենք միմյանց, ծածանում ենք եռագույն դրոշը, հիշում ենք զոհերին, ասում ենք՝ անկախություն։ Բայց տոնական օրվա խորքում կա մի ծանր հարց, որից հնարավոր չէ խուսափել. Ի՞նչ վիճակում է այսօր այն անկախությունը, որի համար մեր ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարել է։

Անկախությունը միայն պետական խորհրդանիշներ, պաշտոնական ելույթներ և տոնական, երգչիստների համար «գռդոնի» համերգները չեն։ Անկախությունը սեփական սահմանների, պետական ինստիտուտների, ազգային արժանապատվության, իրավունքի և սեփական ճակատագիրը որոշելու կարողության ամբողջությունն է։ Այն նաև քաղաքական պատասխանատվություն է՝ պետությունը չդարձնել օրվա իշխանության, արտաքին ճնշումների կամ անձնական շահերի պատանդ։

Այսօր, երբ Հայաստանի պետական սահմանների, սահմանազատման և ինքնիշխանության շուրջ հասարակության մեջ կան խոր մտահոգություններ ու տարաձայնություններ, անկախության մասին խոսելը պահանջում է ոչ թե միայն հանդիսավոր բառեր, այլև ազնիվ քննություն։ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը պետք է գնահատվի իր փաստացի հետևանքներով՝ պետականության, անվտանգության, սահմանների և քաղաքացիների իրավունքների տեսանկյունից։

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ԵԿՄ վարչության նախագահ և ՔՊ-ախտ պատգամավոր Սասուն Միքայելյանը խոսել է պետական սահմանների վերջնական հաստատման անհրաժեշտության մասին՝ հարց բարձրացնելով, թե արդյոք ունենք օրինական, միջազգայնորեն ճանաչված պետական սահմաններ։ Նա նաև նախկին քաղաքական գործիչներին մեղադրել է ալան-թալանի մեջ։ Այս հայտարարությունները լայն արձագանք են առաջացրել, քանի որ դրանք հնչել են Անկախության օրվա խորհրդանշական վայրում և առնչվում են պետականության ընկալման առանցքային հարցերին։

Սահմանազատման անհրաժեշտության և պետական սահմանների հաստատման շուրջ քննարկումները չեն կարող փոխարինել այն հիմնարար գիտակցությանը, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է՝ իր ինքնիշխանությամբ, տարածքային ամբողջականությամբ և ժողովրդի քաղաքական կամքով։ Սահմանների ամրապնդման գործընթացը պետք է դիտարկել իրավական, պետական և անվտանգության հստակ երաշխիքների համատեքստում։

Իսկ կոռուպցիայի, չարաշահումների և հնարավոր հանցագործությունների վերաբերյալ ցանկացած մեղադրանք պետք է քննվի ապացույցներով, իրավական ընթացակարգերով և հավասար պատասխանատվության սկզբունքով։ Հենց Սասուն Միքայելյանի կողմից Հրազդանում կամ այլ վայրերում կոնկրետ անձանց ներգրավվածության մասին պնդումները, եթե ներկայացվում են հրապարակային, պահանջում են ստուգելի փաստական հիմք, ոչ թե միայն քաղաքական գնահատական։

Անկախությունը չի կորում մեկ օրում

Ես վախենում եմ ոչ թե այն պատճառով, որ չեմ սիրում Հայաստանը, այլ հենց այն պատճառով, որ չափազանց լավ գիտեմ՝ ինչ գնով է ձեռք բերվել մեր անկախությանն ու այդ գաղափարը։

Անկախությունը կարող է թուլանալ ոչ միայն պատերազմի կամ արտաքին պարտադրանքի հետևանքով։ Այն կարող է մաշվել նաև ներսից՝ երբ պետական շահը ստորադասվում է կուսակցական հաշվարկին, երբ հանրային վստահությունը քայքայվում է, երբ պատասխանատվությունը փոխարինվում է փոխադարձ մեղադրանքներով, երբ քաղաքացին այլևս չի հավատում, որ իր պետությունն իրեն պաշտպանելու և իր իրավունքները պահպանելու կամք ունի։

Անկախությունը չի կորչում միայն այն օրը, երբ դրոշն իջեցվում է։ Այն կարող է փշրվել փոքր – փոքր՝ քաղաքական որոշումների, անմիտ լռությունների, անպատասխանատու խոսքերի, անպատժելիության և պետական արժանապատվության նկատմամբ անտարբերության միջով։

Եվ հենց այստեղ է իմ ամենամեծ մտահոգությունը

Ես չեմ ուզում, որ իմ երեխաներն ու թոռները մի օր ապրեն մի Հայաստանում, որի անկախությունը գոյություն ունի միայն պատմության դասագրքերում կամ տոնական ելույթներում։ Չեմ ուզում, որ նրանց համար սեպտեմբերի 21-ը լինի անցյալի հիշողություն, այլ ոչ թե սեփական պետության նկատմամբ վստահության ու հպարտության օր։

Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան, անվտանգ, իրավական և արժանապատիվ պետություն։ Պետություն, որի սահմանները պաշտպանվում են, որի քաղաքացիների իրավունքները հարգվում են, որի քաղաքական ղեկավարությունը հաշվետու է ժողովրդին, և որի ապագան չի որոշվում ուրիշների ցանկությամբ։ Սա ոչ թե անհնար երազանք է, այլ անկախության իմաստը։

Հորս ու մեր սերնդի «Այո»-ն և մեր այսօրվա պարտքը

Երբ հիշում եմ հորս՝ Ռազմիկ Սարգսյանին, երբ հիշում եմ Ղարաբաղ կոմիտեի օրերը, այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ազգային ազատության գաղափարին, հասկանում եմ, որ մեր պարտքը միայն անցյալը փառաբանելը չէ։ Մեր պարտքն է պահպանել այն, ինչի համար նրանք պայքարեցին։

Անկախությունը ժառանգություն չէ, որը կարելի է անխնամ թողնել։ Այն ամեն օր պահանջում է պետական մտածողություն, քաղաքացիական համարձակություն, քաղաքական ազնվություն և ազգային պատասխանատվություն։

Այսօր ես շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներին Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։ Շնորհավորում եմ նրանց, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, ովքեր չեն հաշտվում անարդարության հետ, ովքեր չեն մոռանում զոհվածների անունները և ովքեր հասկանում են, որ հայրենիքը միայն հող չէ, այլ նաև իրավունք, հիշողություն, արժանապատվություն և ազատ կամք։ Բայց այս շնորհավորանքի մեջ ցավ կա։

Որովհետև մենք իրավունք չունենք տոնել անկախությունը՝ չմտածելով դրա պահպանման մասին։ Որովհետև հայրենիքը սիրելը երբեմն նշանակում է ոչ թե լռել, այլ բարձրաձայնել այն, ինչից վախենում ես։ Որովհետև պետականության նկատմամբ հավատը չի նշանակում իշխանության յուրաքանչյուր որոշման հետ համաձայնել։ Իսկ իշխանությանը քննադատելը չի նշանակում հրաժարվել հայրենիքից։

Հայաստանի անկախությունը մեզ չեն նվիրել։ Այն ձեռք է բերվել պայքարով, զոհողություններով և ժողովրդի կամքով։ Եվ այն չպետք է կորցնենք մեր անտարբերությամբ, մեր լռությամբ կամ քաղաքական անպատասխանատվությամբ։

Թող այս սեպտեմբերի 21-ը մեզ համար լինի ոչ միայն տոն, այլև զգոնության օր

Թող մենք կարողանանք պահպանել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ, ինքնիշխան և արժանապատիվ պետություն։ Թող հորս սերնդի «Այո»-ն չմնա միայն պատմության մեջ։ Թող այն ապրի մեր պետականության մեջ, մեր երեխաների ապագայի մեջ և մեր ամենօրյա պատասխանատվության մեջ։

Շնորհավոր Անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստանի Հանրապետություն։ Քո անկախությունը մեր հիշողությունն է, մեր ցավը և մեր ամենամեծ պարտքը։

Սիմոն Սարգսյան