Գերմանական ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը պահանջել է Եվրոպական միությունը վերափոխել «ինքնիշխան պետությունների» ֆեդերացիայի․ այս մասին հաղորդել է «The Telegraph»-ը։
Պարբերականը նշել է, որ նման ծրագիրը միությունը կդարձնի «թույլ կապերով» միավորում և, ըստ էության, կհանգեցնի ԵՄ-ի կազմալուծմանը։
Վայդելը զգուշացրել է, որ եթե այս ծրագիրը չիրականացվի, AfD-ն կնախաձեռնի «Dexit»՝ Գերմանիայի դուրս գալը եվրոպական դաշինքից (Մեծ Բրիտանիայի Brexit-ի օրինակով)։
«Մենք ցանկանում ենք վերակառուցել և բարեփոխել Եվրոպական միությունը։ ԵՄ-ն այլևս ինքնիշխան պետությունների միավորում չէ։ Ազգային խորհրդարաններն ու կառավարությունները պետք է որոշումների կայացման գործընթացը վերցնեն իրենց ձեռքը», — հայտարարել է Վայդելը։
Թերթի վկայակոչած քաղաքական փաստաթղթի համաձայն՝ «Dexit»-ի սցենարը ենթադրում է, որ AfD-ն իշխանության ղեկին կփոխարինի կենտրոնամետ աջ CDU/CSU դաշինքին, որն այժմ իշխող կոալիցիայի մաս է կազմում։ Եթե AfD-ի գլխավորած ապագա կառավարությանը չհաջողվի հասնել ԵՄ կառուցվածքում «էական փոփոխությունների», կուսակցությունը մտադիր է Գերմանիայի դուրս գալու հարցը դնել հանրաքվեի։ Հատկանշական է, սակայն, որ հարցումները ցույց են տալիս, թե գերմանացիների 82%-ը կողմ է Եվրոպական միությանը երկրի անդամակցության շարունակմանը։
Բացի «Dexit»-ից, AfD-ն առաջարկում է արմատապես վերանայել Գերմանիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Մասնավորապես, կուսակցությունը հանդես է գալիս Եվրոպական արդարադատության դատարանը արբիտրաժային տրիբունալով փոխարինելու, ԵՄ բյուջեին Գերմանիայի ֆինանսական հատկացումները կրճատելու և արտանետումների զրոյական մակարդակի հասնելու նպատակից հրաժարվելու օգտին։ Այն նաև կոչ է անում չեղարկել 2035 թվականից նախատեսված արգելքը՝ ներքին այրման շարժիչներով նոր տրանսպորտային միջոցների վաճառքի վերաբերյալ։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը նաև առաջարկում է վերացնել Եվրոպական խորհրդարանի ուղղակի ընտրությունները. այս նախաձեռնության համաձայն՝ պատգամավորները պետք է նշանակվեն ազգային խորհրդարանների կողմից։ Կուսակցությունն առաջարկում է նաև ԵՄ անդամ պետություններին թույլ տալ չկիրառել որոշակի համաեվրոպական օրենսդրական կարգավորումներ։ Ինչպես նշում է «The Telegraph»-ը, այս առաջարկները կարող են հանդիպել Գերմանիայի եվրոպամետ, կենտրոնամետ-աջ ղեկավարների կոշտ դիմադրությանը։


Բաց մի թողեք
Մակրոնի վարկանիշը շեշտակի անկում է գրանցել
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր»-ի մարտկոցներ արտադրող գործարանի վրա
Նորվեգիայի ԱԳ նախարարն արձագանքել է Թրամփի՝ Նոբելյան մրցանակի վերաբերյալ դժգոհություններին