27/10/2026

EU – Armenia

Գեղամ Մանուկյանի նկատմամբ վարույթը հարուցվել է Մարիա Կարապետյանի քվեարկությամբ

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստը, որը գումարվել էր Վարդգես Գասպարիի դիմումի հիման վրա՝ ընդդեմ պատգամավոր Գեղամ Մանուկյանի։

Դիմումում Գասպարին նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարության օրը ինքը պաստառով գնացել է դատարանի մոտ, փորձել է ակցիա անել, իսկ Գեղամ Մանուկյանը վիրավորել է իրեն, ոստիկաններ է կանչել, որ իրեն տանեն եւ պահանջել է պատժել նրան, քանի որ խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները։

ԱԺ էթիկայի հանձնաժողովը 2 նիստ է արել այս հարցով, որի ժամանակ քննարկել են դիմումի հիման վրա վարույթ սկսելու հարցը։ Հանձնաժողովը կազմված է 10 պատգամավորից՝ 5-ը իշխանական պատգամավորներից, 5-ը՝ ընդդիմադիր։ հանձնաժողովի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է, նախագահի տեղակալը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը, անդամներն են՝ ՔՊ-ից Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը, Արման Եղոյանը, Վիլեն Գաբրիելյանը, «Ուժեղ Հայաստան»-ից՝ Մամիկոն Ասլանյանը և Հարություն Հարությունյանը, Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը՝ «Հայաստան» դաշինքից։

Դիմումի հիման վրա քննություն սկսելու հարցը քննարկվում եւ ընդունվում է քվեարկությամբ։ Իսկ երբ ձայները բաշխվում են հավասար սկզբունքով՝ 5 կողմ եւ 5 դեմ, վճռորոշ է դառնում հանձնաժողովի նախագահի ձայնը։ Այս պարագայում Գեղամ Մանուկյանի դեմ դիմումն ընդունվել է վարույթ, քանի որ քվեարկության արդյունքում ձայները բաշխվել են 5՝ կողմ, 5՝ դեմ․ իշխանական պատգամավորները կողմ են եղել քննություն սկսելուն, ընդդիմադիրները՝ դեմ, վճռորոշ է եղել այն, որ այս պահին հանձնաժողովի նախագահը Մարիա Կարապետյանն է՝ ՔՊ-ից եւ նա կողմ է քվեարկել։ Նիստի ընթացքում որոշվել է դիմումի հիման վրա քննարկումն սկսել և նշանակվել է գործով զեկուցող։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստերը փակ են։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը ռոտացիոն կարգով է բաշխվում՝ 6 ամիս իշխանական խմբակցությունից, 6 ամիս՝ ընդդիմությունից։

Ինչ վերաբերում է Գեղամ Մանուկյանի եւ Վարդգես Գասպարիի միջադեպին, ապա տեսանյութերի ուսումնասիրությունից էթիկայի խախտման փաստ՝ հարված կամ հայհոյանք չի հայտնաբերվել։ Պարզ չէ, թե ինչ է քննելու հանձնաժողովը եւ ինչ եզրահանգման է գալու՝ եթե միանգամայն կանխատեսելի է հանձնաժողովի անդամների քվեարկությունը եւ երբեք այս կանոնից բացառություններ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում չեն լինում։