04/11/2026

EU – Armenia

«Կալանավորված Հայաստան» խորագիրն արտացոլում է երկրում ձևավորված քաղաքական և իրավական իրավիճակը

Այսօր ազատությունից զրկված են ոչ միայն կոնկրետ անձինք՝ հոգևորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, այլև սահմանափակված են հասարակական ազատությունները, այլակարծության հնարավորությունն ու քաղաքական մրցակցության բնականոն ընթացքը։

Այս մասին հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնությամբ կազմակերպված «Կալանավորված Հայաստան» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում։

Վարդանյանի գնահատմամբ՝ Հայաստանում անձանց կալանավորումը վերածվել է սովորական պրակտիկայի, իսկ ազատությունից զրկելու միջոցը իշխանությունների կողմից կիրառվում է որպես հարմար գործիք։

Նա ընդգծել է, որ քրեադատավարական օրենսդրությամբ կալանքը նախատեսված է որպես բացառիկ խափանման միջոց և որևէ պարագայում չպետք է վերածվի պատժի կամ օգտագործվի քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելու և հանրության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով։

Նախկին պատգամավորը նաև ուշադրություն է հրավիրել քրեական հետապնդումների և քաղաքական զարգացումների ժամանակային համընկնումների վրա՝ նշելով, որ նման հանգամանքները հանրության շրջանում կարող են հարցեր առաջացնել իրավապահ համակարգի անաչառության վերաբերյալ։

Որպես օրինակ՝ Վարդանյանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործին, որի խափանման միջոցի հարցը քննարկվելու է առաջիկա օրը։ Նրա խոսքով՝ հուլիսին Ծառուկյանի բնակարանում և նրա հետ առնչվող մի շարք հասցեներում խուզարկություններ են իրականացվել, սեպտեմբերին նա կալանավորվել է, ապա կալանքի ժամկետը երկարաձգվել է։ Հետագայում նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։

Վարդանյանը կասկածի տակ է դրել իրականացված գործողությունների ծավալի և երկարատև կալանքի անհրաժեշտության հիմնավորվածությունը՝ ընդգծելով, որ խնդիրը չի սահմանափակվում միայն Ծառուկյանի գործով։ Նրա դիտարկմամբ՝ տարբեր քաղբանտարկյալների նկատմամբ կիրառված կալանքի կամ հետագայում տնային կալանքի անցնելու հանգամանքները նույնպես չեն վերացնում այդ որոշումների հիմնավորվածության վերաբերյալ հարցերը։

Ամփոփելով իր խոսքը՝ Էլինար Վարդանյանը շեշտել է, որ «կալանավորված Հայաստանի» խնդիրը միայն ընդդիմության մտահոգությունը չէ։ Նրա համոզմամբ՝ երբ իշխանությունը քաղաքական հակառակորդներին դիտարկում է որպես թշնամի, իսկ քննադատական դիրքորոշումները՝ որպես վտանգ, առաջանում է ժողովրդավարական ինստիտուտների աստիճանական թուլացման խնդիր։