18/02/2026

Վատիկանը հիշեցրեց իր մասին հայ-ադրբեջանական հակամարտության կողմերին ու գործընթացի մասնակիցներին

Armenia Adrbejan hay

Օրերս տեղի ունեցան իրադարձություններ, որոնք մնացին առավել աղմկոտ զարգացումների ստվերում, թեեւ դրանք իրենց հատկանիշներով ու «հասցեականությամբ» գործնականում անմիջական առնչություն ունեն Հայաստանի անվտանգության հարցերին:

Վատիկանում Հայաստանի դեսպան Բորիս Սահակյանը նախօրեին հանդիպել է Սուրբ Աթոռի L’Osservatore Romano պաշտոնաթերթի խմբագրին, նրա հետ քննարկելով հարցեր, որոնք վերաբերում են օրեր առաջ պաշտոնաթերթում լույս տեսած մի հոդվածի:

Հոդվածը Ադրբեջանում այսպես ասած «աղվանական քրիստոնեական ժառանգության» մասին էր, որտեղ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում է աղվանական: Հարկ է նկատել, որ այդ հոդվածի հրապարակումից հետո, սուրբ Աթոռի պաշտոնաթերթում հրապարակվել է նաեւ պատասխան հոդված, որի հեղինակը Վատիկանում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն է:

L’Osservatore Romano-ի խմբագրի հետ Հայաստանի դեսպանի զրույցի ընթացքում «ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ երբեք չխեղաթյուրվեն մշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի ինքնությունը, ինչպես նաև պատմական փաստերը, որոնք անհերքելի են և ճանաչված միջազգային հանրության, այդ թվում՝ գիտական հանրության կողմից»:

Պետք է հուսալ, որ հանդիպումը կլինի արդյունավետ եւ սուրբ Աթոռի պաշտոնաթերթն այլեւս չի դառնա ադրբեջանական պրոպագանդայի հարթակ, ծառայելով պատմության խեղաթյուրմանը: Սակայն, հարկ է նկատել, որ այստեղ հարցը թերեւս առավել ընդգրկուն տիրույթում է:

Տպավորություն է, որ պաշտոնաթերթի հրապարակումներով Վատիկանը հիշեցրեց իր մասին հայ-ադրբեջանական հակամարտության կողմերին ու գործընթացի մասնակիցներին` Հայաստան-Վատիկան հարաբերության արդյունավետության մասին:

Վատիկանն, ինչպես ասում են, «դիվիզիաներ չունի», սակայն ունի հիմնարար, խորքային ներգրավվածություն աշխարհաքաղաքական գործընթացներում: Այդ հանգամանքը նկատելիորեն կարեւորել է օրինակ Բաքուն, որը 44-օրյա պատերազմից հետո կայացրեց Վատիկանում դեսպանություն ունենալու որոշում, թեեւ մինչ այդ էլ հաստատել էր սերտ կապեր:

Նկատելի է, թե Սուրբ Աթոռի հետ ինչպիսի սերտ շփումներ է իրականացնում Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը թերեւս լավագույնս պատկերացնողներից է, թե համաշխարհային քաղաքականության մեջ, հատկապես դրա շրջադարձային հանգրվաններում ինչպիսի էական նշանակություն է ստանում դավանա-քաղաքական գործոնը:

Ավելին, այդ գործոնն առանցքային հանգամանքներից է համաշխարհային քաղաքականության խառնարանի՝ մերձավորարեւելյան ռեգիոնի գործընթացներում: Հատկանշական է, որ ռեգիոնում ներկայիս բավականին բարդ իրավիճակում Էրդողանը օգտագործեց Փարիզի օլիմպիադայի առիթն ու հեռախոսազրույց ունենալով Հռոմի Պապի հետ, նրան ներկայացրեց դժգոհություն, որ Փարիզի օլիմպիադայի կազմակերպիչները վիրավորել են քրիստոնյաների զգացումները:

Մեղմ ասած միամիտ կլինի մտածել, թե քրիստոնյաների զգացումները հուզում են Էրդողանին:

Նրան հուզում են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունները, որոնց սպասարկման համար նա ծառայեցրել է առիթն ու կապվել Հռոմի Պապի հետ հերթական անգամ, որին նամակ էր գրել ամիսներ առաջ, կոչ անելով համատեղ ջանքեր գործադրել Գազայում հրադադարի հասնելու համար:

Անկասկած է, որ Հայաստանից պահանջվում է դիվանագիտական ակտիվ աշխատանք, ընդ որում ոչ թե պոստֆակտում արձագանքի, այլ ըստ էության նախընթացության տրամաբանությամբ: Եվ բանն այստեղ լոկ Ադրբեջանի ակտիվությանը հակազդելը չէ:

Վատիկանը առանցքային սուբյեկտ է մասնավորապես մերձավորարեւելյան քաղաքական խառնարանի պատմա-քաղաքական համատեքստի ընդգրկումով: Իսմ այդ համատեքստում, որքան էլ չհնչի անհամեստ եւ առավել եւս հավակնոտ, այդուհանդերձ սուբյեկտություն ունի նաեւ հայկական գործոնը:

Իսկ դա հնարավորություն է Հայաստանի հանրապետության համար, իհարկե ոչ թե ավելորդ հավակնոտության հնարավորություն, այլ զուսպ, բայց առարկայական աշխատանքի: Վատիկանն այդ իմաստով անշուշտ միարժեք գործակցային ուղղություն չէ, այլ ունի նաեւ իր բավականին մեծ հավակնությունները:

Սակայն այդ հանգամանքը առավել էական է դարձնում աշխատանքի անհրաժեշտությունը, քանի որ խոշոր հաշվով մերձավորարեւելյան ռեգիոնում չկան սեփական մեծ հավակնություններ չունեցող խաղացողներ, ըստ այդմ Հայաստանի համար առանցքային է դառնում շատ, թե քիչ տնտեսա-քաղաքական, եւ կամ դավանա-քաղաքական ընդհանրությունների արդյունավետ կապիտալիզացիան: