23/12/2024

Ալիեւը տարածաշրջանային ինչ-որ զարգացումների է նախապատրաստվո՞ւմ Նախիջևանո՞ւմ, թե՝ Նախիջևանի՞ց

Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈՒ Նախիջեւանի առանձին համազորային բանակը նոր հրամանատար ունի: Այդ պաշտոնին նշանակվել է գեներալ Քենան Սեիդովը:

Վերջինս նախկինում ծառայել է որպես հատուկ նշանակության զորամիավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, քառասունչորսօրյա պատերազմի մասնակից է: Ըստ տեղեկությունների՝ Շուշիի ռազմագործողության կազմակերպիչներից մեկն է:

Բաքվի իշխանական մամուլը գրում է, որ այդ նշանակման լուրը տարածվել է մի քանի շաբաթ առաջ: Այդուհանդերձ, Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերիմ Մուստաֆաեւի ազատման եւ Քենան Սեիդովի նշանակման մասին Ադրբեջանի նախագահի պաշտոնական հրամանագիր չի հրապարակվել:

Նախիջեւանի առանձին համազորային բանակը կազմավորվել է 2013 թվականին՝ Ադրբեջանի ԶՈՒ 5-րդ բանակին կորպուսի հիման վրա, որի հրամանատարը Քերիմ Մուստաֆաեւն էր: Այդ պահից նա հանդիսացել է զորամիավորման անփոփոխ հրամանատար, արժանացել գեներալ-գնդապետի կոչման:

Ըստ երեւույթին, Քերիմովը զինվորական ծառայությունից հեռացվել է, թեեւ նա 62 տարեկան է եւ օրենքով եւս երեք տարի կարող էր պաշտոնավարել: Քերիմովի մասին բաց աղբյուրները տեղեկացնում են, որ ծնվել է 1962թ. Նախիջեւանի ինքնավար հանրապետության Շարուրի շրջանում: Զինվորական կրթություն ստացել է Բաքվի բարձրագույն ռազմական ուսումնարանում, 1985-92 թվականներին ծառայել է խորհրդային զինված ուժերում: Գեներալ-գնդապետի կոչման արժանացել է 2020թ.-ին:

Նրան փոխարինած Սեիդովը 51 տարեկան է, ծնվել է Իմիշլիի շրջանի Բահրամթեփե գյուղում: Զինվորական կրթության մասին բաց աղբյուրներում տեղեկություններ չկան: Գեներալ-մայորի զինվորական կոչման արժանացել է 2020թվականին: 2016թ. քառօրյա ռազմական գործողությունների մասնակից է:

Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության զորամիավորման հրամանատար Հիքմեթ Միրզոեւը մի քանի ամիս առաջ նշանակվել է պաշտպանության նախարարի տեղեկա-ցամաքային զորքերի հրամանատար եւ, ըստ երեւույթին, որոշակի դերակատարություն է ունեցել նախկին ծառայակցին բարձր պաշտոնի նշանակելու հարցում:

Այնուամենայնիվ, տպավորություն է, որ գեներալ-գնդապետ Քերիմ Մուստաֆաեւի պաշտանանկության պատճառը քաղաքական է: Վերջին երկու տարիներին Իլհամ Ալիեւը Նախիջեւանի «խանական համակարգի» դեմ հետեւողական քայլեր է ձեռնարկում: Ինքնավարության ուժային կառույցներից երկուսը՝ Պետական անվտանգության ծառայությունը եւ Մաքսային կոմիտեն լուծարվել են, վերակազմավորվել որպես Ադրբեջանի համապատասխան կառույցների տարածքային բաժանմունքներ:

Որոշ փորձագետների տպավորությամբ՝ Ադրբեջանում պատրաստվում են սահմանադրական փոփոխությունների միջոցով լուծարել Նախիջեւանի ինքնավարությունը: Քերիմ Մուստաֆաեւը, երեւի, վերջին ազդեցիկ դեմքն էր, որ կարող էր հակադրվել այդ ծրագրի իրականացմանը:

Իհարկե, բացառված չէ, որ Ալիեւը տարածաշրջանային ինչ-որ զարգացումների է նախապատրաստվում, որտեղ Նախիջեւանի առանձին համազորային բանակը կարող է հատուկ դերակատարություն ունենալ: