12/12/2024

Մեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճելու ու արագ վերջացնելու համար. Սոնա Մնացականյանի հայրն արձագանքում է Աննա Վարդապետյանին

2022 թվականի ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի հետեւանքով զոհված Սոնա Մնացականյանի հայրը չի կիսում գլխավոր դատախազի պնդումները, թե բավարար ապացույցների բացակայության արդյունքում է կարճվել ՀՀ վարչապետի շարասյան ղեկավար պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազի կողմից դարձյալ որոշում է կայացվել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ուստի քրեական վարույթը կարճվել էր:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը, որը ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 2022 թվականի ապրիլի 26-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի Սոնա Մնացականյանին, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն եւ գիտակցության չգալով՝ մահացել է:

«Ինչով է պայմանավորված վարչապետին ուղեկցող շարասյան ռադիոկապի ձայնագրությունների անհետացումը: Վարույթի նյութերով հիմնավորվել է, որ շարասյան ավտոմեքենաների մեջ գործել է ռադիոկապ, բայց ռադիոկապի ձայնագրություն տեղի չի ունեցել տեխնիկական խոտանի պատճառով։ Մինչդեռ, կառավարության համապատասխան որոշումը սահմանում է, որ ռադիոկապը ձայնագրվելուց բացի նաև պետք է արձանագրվեր ՃՈ հերթապահ մասում։ Ասում են՝ ռադիոկապերը փչացած են եղել դեպքից երկու օր առաջ, ո՞նց թե փչացած են եղել: Մեծ դժվարությունների՞ց էր կախված, որ նորոգեին, որ ձայնագրությունները գրանցվեին, պահպանվեին: Շատ անհիմն է նրանց ասածը: Սովորական հոսանքի լար չի կտրվել, որ երկու օր չեն կարողանում սարքել:

Բացի այդ՝ իրենց անփութության պատճառով մի տեսուչ է եղել երթեւեկությունը կարգավորող, բայց երկու տեսուչ պետք է լիներ ճանապարհի աջ եւ ձախ հատվածում կանգնած: Իսկ դա ղեկավարության մեղքն է, որ չեն կարողացել ժամանակին ամեն ինչ նորմալ կարգավորել:

Իսկ սահմանված արագության գերազանցման համար ո՞վ է պատասխանատու, ո՞նց է, որ չեն հսկում արագությունը: Ինչ ասեմ, էլ ապացույցը որն է: Միանշանակ տեսնում եմ գործը կոծկելու միտում, մեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճելու ու արագ վերջացնելու համար, որ մեղավորները պատասխանատվությունից խուսափեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան գործից:

Պատգամավորը մասնավորապես հարցրեց. «Մի դրվագով դատաքննությունն արդեն 2 տարի շարունակվում է, բայց երկրորդ դրվագով հակառակ փաստաբանների ու տուժողների բողոքի, վերահսկող դատախազն այդպես էլ հանցակազմի բացակայության պատճառով, ինչ-որ ավտոշարասյան հրամանատարության ձայնագրությունը չի պահպանվել, տեխնիկական խնդրի պատճառով կարճել է գործը: Եթե լիներ շարքային դեպք, արդյոք դատախազը նման քայլի կդիմեր, թե մեղադրանքը կշարունակեր պաշտպանել»:

Դատախազն էլ արձագանքեց. «Ինչ-որ որակումը տվեցիք, բայց քրեական դատավարությունում ինչ-որ հասկացություն չկա, կան ապացույցներ, որոնք կամ բավարար են դատարան գնալու համար, կամ բավարար չեն: Տվյալ դեպքում դատախազը, որը որոշում է կայացրել, գնահատել է ապացույցների բավարարության տեսանկյունից: Դատախազությունը փաստերի վրա է հենվում և տվյալ դեպքում յուրաքանչյուր գործով վստահեցնում եմ Ձեզ մինչև վերջ գնում է և ապացույցների բավարարության տեսանկյունից որոշում է կայացնում դատարան գնալ, թե՝ ոչ»: