12/12/2024

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային շրջագայությունը դեպի Փարիզ․ Լուսանկարներ

Սեպտեմբերի 28-ին և 29-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես եկավ Փարիզի երկու անվանի՝ «Սալ Գավո» և Փարիզի ֆիլհարմոնիայի «Սիտե դե լա մյուզիք» համերգասրահներում՝ ներկայացնելով hայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Առաջին համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և անվանի դաշնակահարներ Լուի Լորթիի ու Էլեն Մեղսիեի մասնակցությամբ: Ծրագրում ներկայացված էին Կլոդ Դեբյուսիի, Ֆրանսիս Պուլենկի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։

Համերգի գլխավոր գործընկերն էր AKNEYE-ն։

«Փարիզը կարևոր կենտրոն է աշխարհի մշակութային քարտեզի վրա։ Մեզ համար փայլուն ձեռքբերում էր, որ տոմսերը վաճառված էին վաղուց։ Փարիզյան այս ելույթները շատ կարևոր էին, քանի որ համերգային շրջագայությամբ վաղուց չէինք եղել Ֆրանսիայում։ Կարևոր է, որ այս գործակցությունը լինի շարունակական, և մեր երկրների փոխհարաբերությունների մասին ոչ միայն խոսենք, այլև գործնական քայլեր ձեռնարկվեն այս ուղղությամբ»,-ամփոփելով Փարիզի համերգային շրջագայությունը՝ ասել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հյուրախաղերի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Փարիզի ֆիլհարմոնիայի «Սիտե դե լա մյուզիք» համերգասրահում հանդես եկավ դեբյուտային համերգով, որի տոմսերը վաղուց սպառված էին։ Համերգային ծրագրում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործությունները: Նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ ունեցավ ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը։

«Մեր առաքելությունն ենք համարում բոլոր շրջագայություններում կատարել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Կարծում եմ՝ այս համերգները կօգնեն, որ Փարիզի հանդիսատեսն ավելի լավ ճանաչի մեր մշակույթը։ Մեծ ձեռքբերում կլինի, որ մեր նվագախմբի միջոցով աշխարհը ճանաչի հայ ստեղծագործողներին»,- ավելացրել է Սերգեյ Սմբատյանը։

Համերգի աջակիցներն են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, ՀԲԸՄ Ֆրանսիան և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է երաժշտության ուժով հոգևոր վերելքի ձգտման և հայ երաժշտական ավանդույթների պահպանման նպատակների շուրջ միավորված մի խումբ դասական երաժշտության նվիրյալների ուժերով։ Իր հստակ ու նրբագեղ հնչողությամբ, ինչպես նաև ազդեցիկ կատարողական ոճով ճանաչված նվագախումբը սպասված հյուր է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի առաջատար համերգասրահներում։ Հայաստանում և արտերկրում անցկացվող տարեկան ավելի քան 50 համերգների հարուստ երկացանկերը ներառում են տարբեր ժանրերի և կատարողական ձևաչափերի համերգներ՝ սիմֆոնիկ, բալետային ու օպերային երաժշտությունից մինչև հանրամատչելի կինեմատոգրաֆիական երաժշտության սիմֆոնիկ փոխադրումներ և դասական գործերի ջազային մեկնաբանություններ։

Նվագախումբն իր հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ստեղծել է չորս ամենամյա փառատոն, որոնց շրջանակում Հայաստան են հրավիրվում աշխարհի բազմաթիվ վիրտուոզ մենակատարներ և դիրիժորներ: Նվագախումբը նաև համագործակցում է ժամանակակից մի շարք անվանի կոմպոզիտորների հետ։

Դասական երաժշտության և արդի տեխնոլոգիաների երկխոսության հանդեպ հավատի շնորհիվ նվագախումբն աչքի է ընկնում նորարար նախաձեռնություններով՝ իր գեղարվեստական նպատակների համար համարձակ փորձերով կիրառելով արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների հնարավորությունները։ Տարեցտարի ընդլայնվում է նաև նվագախմբի դերը Հայաստանում երիտասարդների մշակութային կրթության ուղղությամբ։

Դպրոցականների և ուսանողների համար անցկացվող կրթական ծրագրերով նվագախումբը փորձում է պատանիների շրջանում արթնացնել հետաքրքրություն և համակրանք դասական երաժշտության հանդեպ՝ նրանց հղկելով որպես դասական համերգի ունկնդիրներ։

Հետամուտ լինելով իր սոցիալական պատասխանատվությանը՝ նվագախումբը հանձնառություն է կրում նաև հանրության խոցելի խմբերի մշակութային ներգրավման համար՝ իր համերգներին պարբերաբար տրամադրելով անվճար հաճախումների հրավերներ, ինչպես նաև մասնակցում է դրամահավաքային նպատակներով անցկացվող բարեգործական համերգների և միջոցառումների։