23/10/2024

Վրաստանում զարգանալու են հետընտրական գործընթացներ

Այս շաբաթ Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Ընդդիմությունն ու իշխանությունը իրար են մեղադրում արտաքին ուժերին ծառայելու մեջ։

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ հարևան երկրում բևեռացված քաղաքական իրավիճակ է ու մրցակցային ընտրություններ են սպասվում։ Իշխանության և ընդդիմության տարածած նարատիվները, նրա կարծիքով, խիստ չափազանցված են ու ծայրահեղացված։ Կապված նրանից, թե մասնակցության ինչ չափանիշ կգրանցվի՝ կարելի կլինի ենթադրել, թե իշխանությունը հնարավորություն կունենա՞ վերընտրվել, թե՞ ոչ։

«Իշխանություններն ավելի շատ հնարավորություն կունենան վերընտրվել, եթե մասնակցությունը միջինից ցածր լինի։ Եթե միջինից բարձր եղավ՝ ընդդիմության տարբեր թևերի հնարավորությունն է ավելանում», – ասաց վրացագետը։

Տարբեր խմբեր ու կազմակերպություններ սոցհարցումների տարբեր տվյալներ են տարածում։ Ակնհայտ է, որ երեք քաղաքական ուժ պայքարելու է 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար։

Գեորգի Գախարիան, չնայած որ ստորագրել է նախագահի առաջարկած խարտիան, սակայն հայտարարել է, որ չի միանա ո՛չ գործող իշխանությանը, ո՛չ Սաակաշվիլու թիմին, և նրանից շատ բան կախված կլինի։ Մելիքյանը միաժամանակ հիշեցրեց, որ Իվանիշվիլին իր վերջին ելույթներից մեկում քննադատել է Գախարիային՝ մեղադրելով նրան «պատերազմի կուսակցության» հետ համագործակցության մեջ։

«Իշխանությունների համար վատագույն սցենարն է ինչ-որ մեկի հետ կոալիցիայով մեծամասնություն ձևավորելու։ Ընդդիմության համար էլ լավագույն սցենարը կոալիցիան է, տեխնոկրատ կառավարություն ձևավորելը, ապա 1 տարի անց արտահերթ ընտրություններ իրականացնելը», -ասաց Մելիքյանն ու դժվարացավ նշել՝ արդյո՞ք իշխանությունները մտադրություն կամ հնարավորություն ունեն կեղծելու ընտրությունները, սակայն, ակնհայտ է, որ բոլոր կողմերն էլ իրենց ադմինիստրատիվ ռեսուրսները կիրառելու են։

«Ակնհայտ է, որ ընտրության արդյունքները ընդդիմությունը չի ճանաչելու, և սկսվելու են ետընտրական պրոցեսներ։ Եվ ասյտեղ կարևոր է, թե դիտորդական առաքելությունների դիտարկումները ինչպիսի կլինեն։ Եթե արևմտյան կառույցները՝ վերապահումներով ճանաչում են ընտրությունները՝ մի տրամաբանություն է ստեղծվում, եթե չեն ճանաչում՝ մեկ այլ։ Եթե խոսում ենք Հայաստանի շահերից, ապա լավ կլինի, որ Վրաստանը շարունակի իր հավասարակշռված քաղաքականությունը՝ շարունակի իր ուղին դեպի Եվրամիություն, բայց մյուս կողմից հարաբերությունները ՌԴ-ի հետ, որոնք այսօր չկան, որտեղ կա չլուծված կոնֆլիկտ, բայց կանխատեսելի են՝ շարունակվեն», – ասաց Մելիքյանն ու նշեց, որ ԵՄ պաշտոնյաները քաղաքական գործիչներ են ու այսօր կարող են մի բան ասել, վաղը՝ ուրիշ։

Մելիքյանի կարծիքով՝ եթե վերապահումներով, բայց ընտրությունները ճանաչվեն ու ընդդիմությունն էլ հետընտրական զարգացումներում հաջողություն չունենա, ապա թե՛ Բրյուսելը, թե՛ Վաշինգտոնը ստիպված կլինեն Թբիլիսիի հետ սեղանի շուրջ նստելու և սկսեն վերականգնել հարաբերությունները։

«Կա աշխարհաքաղաքականություն և դրա տրամաբանության շրջանակներում Արևմուտքի շահերից չի բխում Վրաստանում իրենց դերը նվազեցնելը», – ասաց վրացագետը։

Նա նկատեց, որ Վրաստանի գործող իշխանությունները ևս ակնարկում են, որ իրենց վերընտրվելու պարագայում պատրաստ են համագործակցել ԱՄՆ արդեն նոր ադմինիստրացիայի հետ, որը կձևավորվի ԱՄՆ ընտրություններից հետո՝ անկախ նրանից դա Թրամփ՞, թե՞ Հարիսի ադմինսիտրացիան կլինի։