Հարցազրույց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ.
– Պաշտպանության հանձնաժողովի կազմակերպած լսումներին` հոկտեմբերի 15-ի, Ձեր եւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ վեճ ծագեց։ Քյարամյանը հայտարարեց, թե առնվազն երկու անգամ իրեն դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները վարույթներով վերադարձնելու վերաբերյալ։ «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»,- ասաց Քյարամյանը։ Սա հովանավորչության, կոռուպցիայի մասին հայտարարություն էր, ըստ ամենայնի։ ՔԿ նախագահի այս հայտարարության մասով իրավապահ մարմինները վարույթ սկսե՞լ են, Ձեզ հրավիրե՞լ են հարցաքննության։
– Ոչ, այդպիսի բան չի նախաձեռնվել, եւ ես կարծում եմ, որ պարոն Արգիշտի Քյարամյանն այդ ամեն ինչն ասել է այդ պահին, ուղղակի մի քիչ թեժ բանավեճ ստացվեց։
– Ուզում եք ասել՝ ստե՞լ է։
– Չեմ կարող ասել՝ ստել է, թե ոչ, բայց, օրինակ, Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ է նշանակում, որ իմ որդու քրեական գործի հետ կապված միջնորդել են, ինչ-որ մեկն իմ անունի՞ց է միջնորդել, ե՞ս եմ դա արել։ Կա՛մ ես պիտի լինեմ, կա՛մ իմ գործընկերները, կա՛մ ինձնից բարձրաստիճան մեկը։ Ես էլ ասացի՝ անուններ թող տա, թե ովքեր են միջնորդել, նույնիսկ վիրավորական արտահայտություն եմ արել, գնահատական եմ տվել։
– Հանրապետության գլխավոր ամբիոնից ՔԿ նախագահն իշխող ուժի պատգամավորի վերաբերյալ հովանավորչության, կոռուպցիայի մասին հայտարարություն է արել, ամբողջ ազգը լսել է, մարդիկ սպասում են իրավական գործընթացների․ մտահոգված չե՞ք։
– Մտահոգված եմ, իհարկե, որ նման բարձրաստիճան պաշտոնյան կարող է նման հայտարարություններ անել, որովհետեւ, եթե, ենթադրենք, այդպիսի բան է եղել, ապա դա օրենքի խախտում է, հետեւաբար ինքը, որպես համապատասխան ուժային կառույցի ղեկավար, պիտի ընթացք տար կամ գոնե այդ մասին հայտարարություն չաներ։ Վարչապետը եթե իմանա, որ էդպես ա եղել, շատ վատ հետեւանքներ կլինի ե՛ւ Քյարամյանի, ե՛ւ իմ համար։
– Եթե այդպես է, ապա Քյարամյանն արատավորել է Ձեր բարի համբավը, չե՞ք պատրաստվում այն վերականգնելու համար դիմել գլխավոր դատախազին՝ ՔԿ նախագահի հայտարարությունը քննության առարկա դարձնելու եւ Ձեր համբավը վերականգնելու համար։
– Այդ հայտարարությունն արվել է հրապարակավ, ուստի դատախազը կարող է գործընթաց սկսել։ Ես այդ վիճաբանության տրամաբանության մեջ իմ վերջին խոսքն ասել եմ, եթե Քյարամյանն անուններ չհրապարակի, ապա սենց, սենց…
– Դուք նաեւ ասել էիք, որ անընդունելի է, որ Քյարամյանի նման մարդը լինի ՔԿ նախագահ։
– Այո, այդպես եմ ասել, բայց այստեղ հետաքրքիր մի նյուանս պիտի նշեմ․ երբ դահլիճից ռեպլիկ արեցին պարոն Քյարամյանին, ես ռեպլիկի բովանդակությանը ծանոթ չէի, չիմացա, թե ինչ ասեցին, եթե լսած լինեի, ավելի ուրիշ ձեւ կքննադատեի նրան իր պահվածքի համար, բայց տոնայնությունս ուրիշ կլիներ, վիճաբանություն չէր լինի։ Ես իմ տղային երկու տարի առաջ եմ ասել՝ երբ ճնշումներ լինեն, չզիջես, ձեր նման բազմաթիվ բիզնեսմեններ կան, պարտավոր եք պահել ձեր շահը։ Երկու տարի է՝ գործը դատարան չի գնում։
– Ասում եք, որ նման մարդը չի կարող լինել ՔԿ նախագահ․ այդ միջադեպից հետո Ձեր թիմակից պատգամավորներից ոմանք նույնպես կոշտ են խոսել Քյարամյանի մասին, ինչո՞ւ է մինչեւ հիմա Արգիշտի Քյարամյանը ՔԿ նախագահ, Փաշինյանը որեւէ քայլ չարեց՝ պաշտոնանկ անելու համար։
– Որովհետեւ վարչապետն ավելի լավ է ճանաչում Արգիշտի Քյարամյանին եւ երեւի թե չի գտնում, որ այդպիսի տհաճ միջադեպից հետո պետք է նման որոշում կայացնի։ Որոշում կայացնողը վարչապետն է, կարող է իր կարծիքով ես սխալ եմ։
– Միջադեպից հետո քննարկում եղե՞լ է ֆրակցիայում եւ հանդիպում Փաշինյանի հետ։
– Այդ միջադեպի մասով կուսակցության ներսում դեռ քննարկումները շարունակվում են, սակայն՝ իմ պահվածքի մասին, ինչը չի կարող կադրային փոփոխության հանգեցնել։
– ՔԿ նախագահը Ձեզ ասաց՝ ոտից գլուխ դու ես «արա»-ն, ինչո՞ւ այդպես ասաց, Դուք նրան «արա՞» եք ասել։
– Հա, ես օգտագործել եմ «արա» բառը, բայց ոչ ուղիղ իրեն։ «Արա»-ն երբեւէ վիրավորական իմաստով չես կարա օգտագործես, դու ասում ես՝ դե լավ, էլի, արա, չի կարելի, էլի, արա։
– Հա, Դուք այդ իմաստո՞վ եք ասել։
– Բա իհարկե, ուղղակի ինքը երիտասարդ է, մի քիչ տաքացավ, բայց ես իրենից նեղացած չեմ։
– Իրավապահ համակարգից առհասարակ գո՞հ եք։
– Գոհ եմ, բայց Քննչական կոմիտեի աշխատանքի հետ կապված որոշակի վերապահում ունեմ։
– Ինչո՞ւ, Ձեր որդու քրեական գործի՞ պատճառով։
– Իմ տղայի գործը գործ էլ չի, ծիծաղելի բան ա, սկի գործ էլ չկա ըտեղ։ Ինքն ու Բադասյանը (ՊԵԿ նախագահը) մի օր նստել են, սուրճ են խմել եւ հազար հոգու դարձրել են հանցագործ։ Ծիծաղելի է։ Օրենք են մեկնաբանել, ինչի իրավունքը չունեն։ Կարեւոր բաների վրա ուշադրություն չեն դարձնում։ Անթույլատրելի մոտեցում է, երբ երկու գերատեսչությունների ղեկավարների որոշմամբ հազարավոր մարդիկ դառնում են հանցագործ, նշանակում է՝ օրենքի խնդիր է, պիտի օրենքը փոխենք։
– Սպասո՞ւմ եք, որ Քյարամյանը ներողություն խնդրի «արա-ն ոտից գլուխ դու ես» արտահայտության համար։
– Չէ, դրա կարիքը չկա, ես չեմ սպասում, ոչինչ, երիտասարդ է՝ ասել է։
Բաց մի թողեք
Մե՞ղք է արդյոք պահք չպահելը, ե՞րբ պետք է այցելել նոր մահացածի գերեզմանին. մանրամասնում է Տեր Շահեն. Տեսանյութ
Ինչ արժե Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցելությունը բնակարան տոնական օրերին և հատկապես Ամանորի գիշերը․ ՀԺ
Մենք Հրանտի հիվանդությունը հաղթահարեցինք ամբողջ ընտանիքով․ Լուիզա Ներսիսյան․ Տեսանյութ