22/11/2024

Վրաերթ Արմավիր քաղաքում. մեքենան ու վարորդը հայտնաբերվել են, տեղափոխվել ոստիկանություն. Լուսանկար

Նոյեմբերի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքում վրաերթ է տեղի ունեցել և վիրավորը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ օպերատիվ խմբի ժամանումը, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխել «պոլիտրավմա» ախտորոշմամբ մի քաղաքացի։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը վրաերթի ենթարկված՝ Արմավիրի մարզի բնակիչ 88-ամյա Այծեմնիկ Գ.-ն է:

Ոստիկաններն ու պարեկները, այնուհետև ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ժամը 12:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 13 հասցեի դիմաց Այծեմնիկ Գ.-ին վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Աղվան Ս.-ն՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։

Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Աղվան Ս.-ին և ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: