«ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի շուրջ օղակը սեղմվում է. նա, բացի կաշառք պահանջելու վարույթից, նաեւ այլ գործով, ենթադրաբար, միջամտել է արդարադատությանը, որը քրեորեն պատժելի արարք է:
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ երկուշաբթի՝ առավոտ, հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում առերես հարցաքննվել է Հովիկ Աղազարյանը, եւ այդ ընթացքում երկու քաղաքացիները պնդել են, որ Աղազարյանը իրենցից կաշառք է պահանջել մանր եղջերավոր կենդանիների արտահանումը անխոչընդոտ կազմակերպելու համար:
Իսկ նրա որդին, օգտվելով օրենքի բացից, (որը օրենսդիր հայրը չի նախաձեռնել կարգավորել), մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել ՀՀ, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ-ի վերադարձ: ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը ԱԺ-ում հայտարարեց, որ դա անօրինականություն է, դրա համար էլ Աղազարյանի որդու ավտոմեքենաները գտնվում են արգելանքի տակ:
Անցել է մեկ ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողականորեն փորձում է պարզել, թե ով է դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու մեքենաների գործով: ՔՊ-ականները հրաժարվում էին հայտնել կամ խոստովանել, թե ով է միջամտել քրգործի ընթացքին: Այսպիսով` «Ժողովուրդ» օրաթերթի խիստ իրազեկ աղբյուրները հայտնում են` երկու անգամ դիմում է ուղղվել ՀՀ քննչական կոմիտե, եւ երկու անգամ էլ դիմողը եղել է հենց ինքը` Հովիկ Աղազարյանը:
Առաջին անգամ դիմել է անձամբ գործը վարող քննիչին, երկրորդ անգամ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին: Պատգամավոր Աղազարյանը, օգտագործելով իր պատգամավորական լծակները, դիմել է քննիչին, ապա Քյարամյանի տեղակալին եւ համոզել նրանց, որ իր որդու արգելանքի տակ գտնվող մեքենաները հանեն կալանքից:
Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ գործը քննող քննիչը Աղազարյանի դիմումը փոխանցել է իր վերադասին, վերադասը հայտնել է Արգիշտի Քյարամյանին, իսկ Քյարամյանն էլ մերժել է: Երկրոդ անգամ Աղազարյանը դիմել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին. Այվազյանը դիմումի մասին տեղյակ է պահել Արգիշտի Քյարամյանին ու ստացել մերժում:
Այս իրավիճակում ՔՊ-ական պատգամավորի արարքի ենթադրյալ քրեական ծանրությունը չի պակասում: Նա, ենթադրաբար, խախտել է նախ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերը սահմանում են. «Պատգամավորի լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը՝ ի շահ իրեն կամ այլ անձի»: Բացի այդ, քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասի երկու դրվագով սահմանված է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու եւ խոչընդոտելու արգելքը: Իսկ Աղազարյանն իր դիմումով ենթադրաբար փորձել է խոչընդոտել եւ ազդեցություն ունենալ նախաքննության վրա:
Այսպիսով՝ Հովիկ Աղազարյանը, բացի կաշառքի վարույթից, որն արդեն նախաձեռնված է, նաեւ երկու այլ ենթադրյալ օրինախախտումներ է թույլ տվել, ինչի համար ՀՀ գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ եւ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի պառլամենտի միջոցով՝ հարուցելով մեղադրանքներ նրա նկատմամբ: Իսկ եթե մինչ այդ նա մանդատը վայր դնի, թերեւս այս քրեական ենթադրյալ հանցանքները կներվեն, կմոռացվեն:
Կոռուպցիայի դեմ պայքարը այսպիսին է Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանում»:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում