03/12/2024

ՔՊ վարչությունը միաձայն կողմ է քվեարկել Հովիկ Աղազարյանի մանդատից հրաժարվելուն

Նախօրեին` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստից հետո, որտեղ քննարկվել եւ միաձայն ընդունվել է որոշում, որ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը պետք է մանդատը վայր դնի, շատերի համար անսպասելի Աղազարյանը հայտարարեց, որ իր օրակարգում մանդատից հրաժարվելու հարց չկա։

Հրապարակ թերթը գրել է․ Նիկոլ Փաշինյանի «կադրային ջարդի» ներկայացումը բախվեց Աղազարյանի «խոփին» եւ ցույց տվեց, որ նախկին դաշնակցականն իր գործընկեր Նարեկ Զեյնալյանի նման չի պատրաստվում հեշտորեն հանձնվել: Իսկ Զեյնալյանը SMS-ը ստանալուց անմիջապես հետո հայտարարել էր` «իմ նախաձեռնությամբ» վայր եմ դնում մանդատս։ Փաշինյանը նրանց՝ երկուսին, հաղորդագրություն էր ուղարկել, թե հորդորում է վայր դնել մանդատները՝ կապված ԱԺ լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ։ Հիշեցնենք․ Աղազարյան-Քյարամյան հարցուպատասխանի ընթացքում կրքերն այնքան թեժացան, որ Քյարամյանը պատգամավորին մեղադրեց, թե փորձել են իրեն միջնորդել Աղազարյանի ավտոներկրող որդու նկատմամբ հարուցված գործի մասով, իսկ Աղազարյանն էլ այնքան վրդովվեց, որ հակադրվեց նրան` «արա» բառը գործածելով։ Նարեկ Զեյնալյանն էլ ընդամենը հորդորել էր Քյարամյանին` հարգալից գտնվել խորհրդարանում, պատգամավորների հետ խոսելիս։

Հովիկ Աղազարյանը երեկ ԱԺ-ում լրագրողներին պարզաբանեց, թե ինչու էին իրեն հրավիրել ՔՊ վարչություն, եւ ինչ է տեղի ունեցել: Ասաց՝ հրավիրել էին, որ պարզաբանումներ տա լսումների հետ կապված բոլորին հայտնի միջադեպի կապակցությամբ, թե ինչու է «արա» ասել եւ այլն։ Ապա պնդեց, որ իր օրակարգում մանդատից հրաժարվելու հարց չկա։

Աղազարյանը նաեւ նշեց, որ ՔՊ վարչությունը չի կարող, չունի նման իրավասություն․ «Վարչությունն այդպիսի բան ասելու լիազորություն չունի, թե՝ պարոն Աղազարյան, Ձեր մանդատը վայր դրեք։ Կարող է հորդորել՝ պարոն Աղազարյան, հորդորում ենք, որ Ձեր մանդատը վայր դնեք։ Նման հորդոր եթե լինի, այդ ժամանակ կպատասխանեմ, վստահաբար չեմ կարող ասել` կլինի, թե ոչ»։ Լրագրողներն առարկեցին. եթե Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դրեց, իրենից էլ դա կպահանջեն։ «Դա ենթադրություն է, իհարկե, բայց դե պարտադիր չէ։ Երբ որ ներկայացվի նման պահանջ, այդ ժամանակ կմտածենք։ Հնարավոր է, որ դնեմ։ Եթե, օրինակ, պարոն Քյարամյանը, ինչպես ես հայտարարել եմ, հրապարակավ անուններ տա եւ հիմնավորի, որ այդ մարդիկ իմ անունից դիմել են իրեն խնդրանքով՝ իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, ապա ես կդնեմ իմ մանդատը` ես դա հայտարարել եմ։ Իսկ եթե չհրապարակի, ուրեմն առիթ չկա»։

Փոխարենը ՔՊ վարչության անդամները երեկ հրաժարվում էին հրապարակային հայտարարություններ անել, Վահագն Ալեքսանյանը խորհրդարանի միջանցքներով մարաթոնյան վազքի էր ելել, փախչում էր լրագրողներից՝ հընթացս նետելով․ «Վարչության նիստի վերաբերյալ պաշտոնական ռելիզից բացի այլ մեկնաբանություն չունեմ»։
Վարչությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, սակայն, որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, պատմեցին։ Պարզվում է՝ վարչության բոլոր ներկա անդամները՝ առանց բացառության, իրենց դրսեւորել են շարքային ուսապարկի պես, անվերապահ աջակցություն ու համաձայնություն են հայտնել «վոժդի» կամքին, որ Աղազարյանը պետք է հեռանա, մոտավորապես այն հիմնավորմամբ, թե Քյարամյանն էլ է հեռացել, ու այդպիսով պետք է հանրությանը ցույց տալ, որ իշխանությունում իրականում բարդակ չէ, որ կա ներքին կարգապահություն, պատասխանատվության ինստիտուտ եւ այլ լոլոներ, եւ ամենակարեւորը` Փաշինյանը տիրապետում է իրավիճակին։

Ոմանք շեֆի կամայականություններն արդարացնելու նպատակով անամոթության մաստեր կլաս են ցուցադրել եւ Աղազարյանին մեղադրել, թե իր հարցը միայն Քյարամյանի հետ միջադեպով չի պայմանավորված, այլ որ Աղազարյանը կոռուպցիոն գործարքներում է թաթախված, եւ դա արդեն հայտնվել է մամուլի էջերում։ Ասողն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է եղել, որի որդու եւ ողջ կլանի մասին ամբողջ Հայաստանն է խոսում, թե ինչպես են Կոտայքն իրենցով արել, միլիոնատերեր դարձել եւ այլն։ ՔՊ վարչության անդամ պատգամավորներն անգամ տարրական ինքնապաշտպանության բնազդ չունեն, փաստորեն, որ հասկանան` հաջորդ անգամ իրենց սանրվածքը կամ աչքերի գույնը կարող է դուր չգալ Փաշինյանին, եւ նրանց էլ կարող է SMS ուղարկել, թե` մանդատդ դիր: Եվ այսօր Հովիկ Աղազարյանին պաշտպանելով իրենք նաեւ իրենց կպաշտպանեին հետագա հնարավոր կամայականություններից:

Ինքը` Աղազարյանը, կուսակիցների պնդումները` Քյարամյանի հետ կապված, որակել է անհիմն, անտրամաբանական եւ հակադարձել, որ երբ Քյարամյանը կապացուցի, որ ինքը միջնորդել է որդու համար, պատրաստ է ոչ միայն մանդատը դնել, այլեւ՝ դատվել։ Իրեն կոռուպցիայի մեջ մեղադրողներին էլ հորդորել է իրական կոռուպցիոներներին գտնել իրենց շրջապատում, երբ կապացուցվի, որ ինքը կոռուպցիոներ է, պատրաստ է նստել։ Ուղիղ տեքստով կուսակիցներին հասկացրել է, որ ինքը շարքային ուսապարկ չէ, իրեն պետք է հարգալից վերաբերվել, եւ լքել է քննարկումը։
Վարչությունը` Փաշինյանի առաջարկով, քվեարկության է դրել Աղազարյանի՝ մանդատը դնելու հարցը եւ միաձայն քվեարկել է, որ «դիմեն Աղազարյանին` մանդատից հրաժարվելու խնդրանքով»: Բայց մինչեւ երեկ դեռ չէին «դիմել», գուցե հասկացել են, որ դա խայտառակություն կլինի եւ հակասահմանադրական քայլ, ուստի դեռ ծանրութեթեւ են անում: Սրանով էր պայմանավորված, թերեւս, որ Հովիկ Աղազարյանը երեկ հայտարարեց, թե վարչությունն իրեն չի հորդորել։

Ի դեպ, եթե անգամ ՔՊ վարչությունը դիմի Աղազարյանին, նա կարող է չկատարել այդ «խնդրանքը», կարող է անգամ դուրս գալ ֆրակցիայից. ԱԺ կանոնակարգ-օրենքը տալիս է նման հնարավորություն՝ դուրս գալ խմբակցությունից եւ հանդես գալ որպես անկախ պատգամավոր։ Հայաստանի խորհրդարանի պատմության ընթացքում նման իրավիճակներ քիչ չեն եղել. Խաչատուր Քոքոբելյանը, օրինակ, ժամանակին չընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորը եւ չկատարեց նրա կամքը, Արման Բաբաջանյանը՝ Էդմոն Մարուքյանի հորդորը։