12/12/2024

Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է դարձրել, կնոջ հետ ԱՄՆ ուղարկել. Լուսանկարներ

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետական ու սեփական միջոցները խառնել է իրար. նա իր խորհրդական-օգնականին կնոջ հետ ԱՄՆ է ուղարկել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԺ թերեւս ամենասկանդալային նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուղեկցում է Ալեն Սիմոնյանի «խորհրդատու-օգնական» ձեւակերպված Համլետ Գեւորգյանը։

Մարիամ Մարգարյանը ԱՄՆ-ից լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում, որտեղ ԱԺ նախագահի խորհրդական-օգնական Համլետ Գեւորգյանի, երգիչ Էրիկ Կարապետյանի եւ նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հետ է։

Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է դարձրել, կնոջ հետ ԱՄՆ ուղարկել.«Ժողովուրդ»

Գաղտնիք չէ, որ Մարիամ Մարգարյանը եւ Էրիկ Կարապետյանը համագործակցում են։ Կարապետյանի երեւանյան վերջին համերգը կազմակերպել էր Մարիամ Մարգարյանի «ԷՖԷՄԷՖ գրուպ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2019 թվականին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես տեղեկանալ, թե ինչպես է ԱԺ նախագահի՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացող խորհրդական-օգնականը, աշխատանքի գալու փոխարեն, ԱՄՆ մեկնել եւ ինչու ԱԺ կայքում նրա գործուղման մասին ոչինչ չկա նշված:
«Համլետ Գեւորգյանը գտնվում է արձակուրդում: ԱՄՆ մեկնել է իր հաշվին, իր միջոցներով, հենց այս պատճառով ԱԺ կայքում ոչինչ չկա այդ մասին»,- պարզաբանեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

Հավելենք, որ դատելով լուսանկարներից՝ Ալեն Սիմոնյանի օգնական- խորհրդականը, որը պետբյուջեից բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ԱԺ նախագահին օգնելու եւ խորհուրդներ տալու համար փաստացի ծառայություններ է մատուցում նրա տիկնոջը:

Ի դեպ, Համլետը, մինչեւ այդ պաշտոնը զբաղեցնելը, Ալեն Սիմոնյանի վարորդն էր (լուսանկարը 2019 թվականին է արված)»: