12/12/2024

ԵՄ դիտորդները Հայաստանում անվտանգային աչք ու ականջ են

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին հայտնել է, որ սահմանային պարեկության ընթացքում հայկական կողմում չեն նկատել որևէ անսովոր շարժ կամ կուտակում:

ԵՄ դիտորդներն այդպես են արձագանքել հարցին, որ վերաբերում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը, թե Հայաստանը կուտակում է ուժեր և պատրաստվում ռազմական գործողության:

Միաժամանակ, ԵՄ դիտորդները նաև հայտնել են, որ ադրբեջանական կողմում էլ չեն նկատել անսովոր շարժ: Այն, որ հայկական կողմը չունի Ադրբեջանի դեմ ռազմական գործողության որևէ մոտիվ, չափազանց պարզ է:

Այդպիսի մոտիվ ունենում է այն կողմը, որն ունի ուժային գերակշռություն: Այսօր ուժային գերակշռություն ունի Ադրբեջանը, և Բաքուն է, որ իր քաղաքական վարքագիծը կառուցում է հենց դրա վրա՝ կիրառելով ուժ կամ ուժի կիրառման սպառնալիքի վրա հիմնված շանտաժ՝ այդ կերպ փորձելով Հայաստանին թելադրել քաղաքական պահանջներ:

Ադրբեջանական տևական պրոպագանդիստական արշավը, թե իբր Հայաստանը պատրաստվում է ռազմական գործողության, հենց այդ շանտաժի տարրերից մեկն է: Ադրբեջանն այդ պրոպագանդիստական արշավով հոգեբանական ճնշում է գործադրում Հայաստանի վրա, հայ հանրության վրա, քանի որ շատ պարզ է ձեռագիրը՝ ստեղծել իբրև թե հայկական կողմի նախահարձակ լինելու տեղեկատվական պատրանք, և այդ կերպ արդարացնել այն սադրանքները, որ պլանավորում է Բաքուն:

ԵՄ դիտորդական առաքելությունը փաստորեն հերքում է թե՛ հայկական, թե՛ նաև ադրբեջանական կողմում անսովոր շարժերը:

Այստեղ, իհարկե, պետք է հասկանալ, թե ԵՄ-ն ի՞նչ մանրակրկիտությամբ է դիտարկում ադրբեջանական կողմը: Առաքելությունը գործում է Հայաստանի տարածքում, ունի դիվանագիտական առաքելության կարգավիճակ, դրանով ստացել է նաև տեղեկատվության գաղտնիություն և հայկական կողմի համար անհասանելի են ԵՄ դիտորդների տնօրինած տեղեկությունները, գրագրությունը և այլն:

Անխոս է, որ Հայաստանի տարածքում գործունեության հանգամանքը ԵՄ դիտորդներին թույլ է տալիս շատ ավելի հանգամանալից տիրապետել իրավիճակին, այն իրավիճակին, որ կա հայկական կողմում:

Այլ կերպ ասած, Հայաստանի տարածքում տեղի ունեցողը նրանք դիտարկում են, պատկերավոր ասած՝ ոչ թե հեռադիտակով, այլ անզեն աչքով: Այլ է Ադրբեջանի պարագան, հետեւաբար հարց է, թե արդյո՞ք ԵՄ դիտորդների տեղեկությունը, որ իրենք ադրբեջանական կողմում չեն արձանագրել անսովոր շարժ, իրապես արտացոլում է այն, ինչ կա ադրբեջանական կողմում:

Այստեղ խնդիրը այն է, որ ԵՄ դիտորդների տեղեկությունը, հայտարարությունը, այսպես ասած «մաքրում» է Ադրբեջանին, ստեղծում է հայելային պատկեր:

Մինչդեռ մեղմ ասած դառը փորձը ցույց է տվել, որ այդ առումով հայելային պատկեր Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի եղել երբեք: Հետևաբար, աչք ծակող ռազմատենչությամբ ու ագրեսիայով գործող Ադրբեջանին «մաքրող» հայտարարություն անելու դեպքում թերևս պետք է ունենալ հավասարապես նույնքան դիտարկման հնարավորություն, գործելու նույնքան ազատություն և տարածություն, որքան ունեն Հայաստանում:

Իսկ այդպիսի «հավասարություն»՝ գործելու պայմանների հավասարություն ԵՄ դիտորդները չունեն, հետևաբար, թերևս, առավել նախընտրելի կլինի, եթե նրանք չանեն իրավիճակի «հավասար» գնահատում ենթադրող հայտարարություններ: