22/02/2025

Անահիտ Ավանեսյանը փաթեթը ձեռքին կգնա ՔՊ-ականների մոտ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր փակ հանդիպում կունենա ԱԺ ՔՊ խմբակցության հետ, որի ժամանակ քննարկելու են առողջապահական համապարփակ ապահովագրության փաթեթը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանդիպման նախաձեռնությունը նախարարինն է:

Բանն այն է, որ անգամ ՔՊ-ի ներսում միանշանակ չեն վերաբերվում այս գործընթացին, մասնավորապես ապահովագրական ֆոնդերի տնօրինումը մասնավորին, թե պետությանը հանձնելու հարցում կան տարաձայնություններ:

Այս եւ այլ պատճառներով համակարգի ներդրումը հետաձգվում է, թեպետ, ըստ հայտարարվածի, այն արդեն պետք է ներդրված լիներ եւ կիրառվեր։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ՝ փակ հանդիպում ունենալու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում մի քանի անգամ հետաձգված ու այդպես էլ անորոշ մնացած «Առողջության համապարփակ ապահովագրության» ծրագիրն է լինելու:
Առողջության համապարփակ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռեւս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, հետո՝ 2025 թվականի հունվարի մեկից, բայց այդպես էլ մնաց օդում առկախ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե 2025-ի բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ:

Այսօր ԱԺ-ում ՔՊ-ն Անահիտ Ավանեսյանի հետ կրկին կքննարկի նրա ձախողած նախագիծը:
Ակնհայտ է, որ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հատկապես Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո Անահիտ Ավանեսյանին լավ օրեր չեն սպասվում:»