Հայաստանում հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրություն ընդունելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը կշարժի՞ տեղից ակնհայտորեն կանգ առած հայ-ադրբեջանական պրոցեսը: Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ, կարծես թե չկա որևէ շարժ, տեղեկատվություն այն մասին, որ կողմերը հաղորդակցվում են թեկուզ հեռակա:
Կցկտուր տեղեկատվություն է եղել սահմանազատման ու սահմանագծման հարցերի հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ: 2024 թվականի նոյեմբերին, երբ Ադրբեջանում անցկացվում էր Cop29-ը, Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերի օգնական Հաջիևը հայտարարել էր, թե Բաքուն զբաղված է այդ միջոցառումներով և չունի հայ-ադրբեջանական գործընթացի ժամանակ, և բանակցային «նոր փուլ» կարող է սկսվել դեկտեմբերին կամ հունվարին:
Իհարկե, հարցը, թերևս, ժամանակը չէր, այլ միջազգային փոփոխվող իրավիճակը, երբ արդեն հայտնի էր, որ ԱՄՆ նոր նախագահ լինելու է Դոնալդ Թրամփը: Ադրբեջանը ակնհայտորեն որոշեց դադարեցնել ամերիկյան նախորդ վարչակազմի ակտիվությամբ ուղեկցված բանակցային գործընթացը և սպասել Թրամփին:
Ըստ էության՝ անցել են դեկտեմբերը, հունվարը, արդեն անցնում է փետրվարը, սակայն, կարծես թե չկա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ուղղակի, թե անուղղակի մեկնարկի որևէ նախանշան:
Համենայն դեպս, տեղի ունեցավ երկու միջազգային էական իրադարձություն՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը, Մյունխենի անվտանգության համաժողովը, սակայն այդ երկու միջոցառումներում որևէ հետաքրքրություն չցուցաբերվեց հայ-ադրբեջանական թեմայի նկատմամբ, այն դեպքում, երբ նախկինում այդ համաժողովներն արտահայտել են այդ ուշադրությունը:
Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք անհանգստանում է երկարատև դադարի համար և փորձում «կոտրել» այն իր քայլով՝ Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարությամբ, որը, անկասկած, ադրբեջանական պայմաններից է խաղաղության պայմանագրի հարցում:
Արդյո՞ք Փաշինյանն այդ խորհուրդը ստացել է միջազգային միջոցառումներից որևէ մեկում, որոնց մասնակցել է վերջին երկու շաբաթներին՝ Վաշինգտոն-Փարիզ-Մյունխեն «երթուղով»:
Բաց մի թողեք
Երկու չհամաձայնեցված կետերը ՀՀ Սահմանադրությունն ու «Զանգեզուրի միջանցքն» են
Հայաստանի համար ուրվագծվում են տարբեր «հեռավորության» խնդիրներ
ԵՄ դիտորդներն արձանագրե՞լ են լարվածություն