«Հրապարակ»-ի զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է:
– Պարոն Զուրաբյան, իշխանությունը նոր սահմանադրության ընդունման օրակարգ է բերում, արդարադատության նախարարն արդեն հայտարարել է, որ սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչեւ 2026 թվականի ընտրությունները, միեւնույն ժամանակ, ՔՊ-ն նոր թեզ է շրջանառում, թե Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջի վերաբերյալ հայտարարություններով Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ:
– Այս հարցը մեկընդմիշտ փակելու համար իշխանությունը շատ պարզ լուծում ունի՝ դրա համար ընդամենը պետք է հավատարիմ լինել սահմանազատման օրակարգի հարցի քննարկման հետ կապված ՍԴ որոշմանը, ըստ որի՝ Սահմանադրության պրեամբուլան եւ հղումն Անկախության հռչակագրին` ՀՀ Սահմանադրության անփոփոխելի մաս են: Այսինքն, Փաշինյանն ընդամենը հայտարարում է, որ սահմանադրական փոփոխություններում ներառված չի լինի պրեամբուլայի փոփոխությունը, դրանից հետո որեւէ կասկած այդ մասով այլեւս չի լինի: Եթե իրենք իսկապես զբաղված չեն Ալիեւի թելադրանքը կատարելով, այդ հարցը կարող են շատ հեշտ՝ մեկ հայտարարությամբ լուծել: Քանի դեռ այդ հայտարարությունը չկա, քանի դեռ այդ մոտեցումը հստակ ու երաշխավորված կերպով որդեգրված չէ, բնականաբար, մեր հանրությունն այդտեղ տեսնում է ընդամենը մեկ բան` որ իշխանությունը, չունենալով Սահմանադրությունը փոխելու հիմնավորում եւ բացատրություն, թե ինչու է ուզում փոխել, այնուամենայնիվ, գնում է սահմանադրական ռեֆորմի:
– Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի բացառել, որ նոր սահմանադրության տեքստի նախաբանից կհանվի Անկախության հռչակագրին հղումը:
– Այստեղ էլ է հարց ու անվստահություն առաջանում ամբողջ գործընթացի նկատմամբ, որովհետեւ արդարադատության նախարարը չի կարող հակասահմանադրական հայտարարություններ անել, իսկ ինքն անում է: Եթե ՍԴ-ն հստակ որոշել է, որ դրանք անփոփոխելի մասեր են, ինչպե՞ս է արդարադատության նախարարը հայտարարում, որ չի բացառվում, որ դա կարող է փոխվել: Այսինքն, նա ասում է՝ չի բացառվում, որ գնանք հակասահմանադրական քայլի:
– Իշխանության սրտի ՍԴ-ն, այսպես կոչված, սահմանազատման կանոնակարգի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս եզրակացրել էր, որ Անկախության հռչակագրի դրույթները չեն կարող համարվել Սահմանադրության բովանդակային մաս, եթե դրանք հստակ ամրագրված չեն մայր օրենքում։ Ըստ էության, ՍԴ-ն ժամանակավրեպ էր համարել Հռչակագրում նշված համազգային նպատակները:
– ՍԴ-ն ասել է, որ դա անփոփոխելի մաս է, բայց դա որեւէ կերպ չի նշանակում, որ ՀՀ Սահմանադրությունը հիմնվում է Ալիեւի դժգոհությունն առաջացնող 1989թ․ դեկտեմբերի 1-ի որոշման վրա («Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման՝ խմբ.): Այս մասով ՍԴ-ն շատ հստակ է խոսել, ի դեպ, դրա մասին ժամանակին մենք էլ ենք ասել, եւ դա ամրապնդվեց ՍԴ որոշմամբ: Այդ որոշման ամբողջ տրամաբանությունն այն է, որ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն են գործում, որոնք հստակ ամրագրված են Սահմանադրության տեքստում, հետեւաբար, այդ հղումը որեւէ իրավական հետեւանք կամ սահմանադրական նորմ չի բերում: Ուրեմն, այն փոխելու որեւէ հնարավորություն չկա, եւ, երկրորդ, դա չի նշանակում, որ Հայաստանն ինչ-որ տարածքային նկրտումներ ունի ԼՂԻՄ-ի նկատմամբ: Դա ընդամենը պատմական փաստաթուղթ է, եւ դրա վրա հղումը որեւէ կերպ չի ազդում սահմանադրական նորմերի վրա:
– Վերադառնալով նոր սահմանադրություն ունենալու իշխանության հիմնավորումներին՝ արդարադատության նախարարը խոսել էր մարդու իրավունքները շեշտադրելու, տարբեր պետական մարմինների տեղի եւ դերի կարգավորումների մասին, բայց գլոբալ առումով, նոր սահմանադրության օրակարգով իշխանությունը չի դնում կառավարման համակարգ փոխելու խնդիր, այն դեպքում, երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանն անխնա քննադատում էր Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումը»: Վարչապետի աթոռին Փաշինյանն իրեն շատ լավ է զգում այդ «կոստյումով»:
– Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը 3 անգամ տարբեր հիմնավորումներ է բերել՝ Սահմանադրությունը փոխելու համար. մի անգամ ասել է, որ սուպերվարչապետական համակարգը պետք է փոփոխվի, հետագայում այս մասին խոսակցություններն ավարտվեցին: Երկրորդ անգամ՝ պատերազմից հետո, ասել է, որ պետք է վերադառնալ կիսանախագահական համակարգին: Այդ խոսակցությունը եւս ինչ-որ ժամանակ անց փակվեց: Եվ երրորդ անգամ արդեն խոսեցին այն մասին, որ պետք է Սահմանադրությունից հանել երաշխավորված մեծամասնության դրույթը, որը խոչընդոտում է կոալիցիաներ կազմելու ժողովրդավարական մշակույթի ձեւավորմանը: Սրա մասին էլ արդեն չեն խոսում, եւ ակնհայտ է դառնում, որ Փաշինյանին կառավարման մոդել չփոխելը ձեռք է տալիս, նրան ձեռք է տալիս սուպերվարչապետական համակարգը եւ երաշխավորված մեծամասնությունը պահելը, այսինքն, ըստ էության, ոչ մի ռեալ ռեֆորմ չի առաջարկվում, որովհետեւ այս Սահմանադրությունն ամբողջությամբ համապատասխանում է իշխանությունը պահելու Փաշինյանի նպատակին, եւ Ալիեւի պահանջի կատարումը նրա միակ մոտիվացիան է սահմանադրական բարեփոխումների հարցում:
– Այսինքն, կատարել Բաքվի պահանջը եւ այդկերպ փորձել մնալ իշխանությա՞ն:
– Իրականում խնդիրը հենց դրա մեջ է: Իրենք ասում են, թե մարդու իրավունքների ծավալը պետք է մեծացնել, բայց 1995 թվականի Սահմանադրության մեջ էլ շատ լավ ամրագրված են եղել բոլոր դեմոկրատական իրավունքները: Եթե հիշում եք, 2015-ի Սահմանադրության ընդունման ժամանակ նույն հիմնավորումն էր բերվում, որ մարդու իրավունքների բաժինը պետք է ընդլայնել, ամրացնել: Ես կարծում եմ, որ ոչ մի էական բան չի ավելացել, չի ամրապնդվել, չի հարստացվել արդեն իսկ արձանագրված մարդու իրավունքների համեմատ: Հիմա նորից խոսում են մարդու իրավունքների բաժնի հարստացման մասին, բայց որեւէ կոնկրետ բան չկա, թե այդ ինչն է պակաս մարդու իրավունքների բաժնում, որ պետք է լրացնել: Այսինքն, ըստ էության, Սահմանադրության փոփոխության հետ կապված՝ ոչ մի լուրջ խնդիր նրանք չեն դնում, այն դեպքում, երբ Հայաստանի համար այսօր ամենաէական բանն է՝ վերադառնալ համաժողովրդական եւ համաքաղաքական կոնսենսուսով ընդունված կիսանախագահական համակարգին: 1991 թվականին «ՀՀ նախագահի մասին» սահմանադրական օրենքով Հայաստանում որդեգրվեց կիսանախագահական համակարգը, եւ ցանկացած ժողովրդավարության համար ամենակարեւոր բանն այն է, որ կառավարման համակարգը մեկ անգամ ընդունվում է եւ չի փոխվում: Ցավոք սրտի, դա խախտվեց, եւ հիմա միակ սահմանադրական ռեֆորմը, որը կարող է արդարացված լինել, այն է, որ մենք վերադառնանք մեր անկախության ակունքներում ընդունված կառավարման մոդելին եւ այլեւս թույլ չտանք կառավարման մոդելի որեւէ փոփոխություն, բայց այս մասին իրենք չեն խոսում: Այսինքն ակնհայտ է, որ իրականում, բացի Բաքվի պահանջը կատարելը, ոչ մի ուրիշ հիմնավորում այս իշխանությունը չունի:
Բաց մի թողեք
Եթե սխալ եմ արել, որ ես չգիտեմ, ուրեմն՝ կնստեմ․ Չեմբերջյան
Գնամ նստեմ տունը, դիվա՞ն քշեմ, ի՞նչ անեմ․ Դատավորը՝ հեռանալու մասին․ Լուսանկար
Փաշինյանը թուլացնում է Հայաստանը, ազգը, հայկական կողմը եւ վտանգավոր տեղ է տանում հայ ժողովրդին․ Փափազյան