17/09/2025

Մոսկվան վճռական դեմ է Եվրոպային, կողմ՝ Ադրբեջանին

Մարտի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը հյուրընկալել է եվրոպական 31 երկրի առաջնորդների:

Միջազգային մամուլն այդ խորհրդաժողովն անվանել է «վճռականների կոալիցիա»՝ նկատի ունենալով, որ մասնակիցներն արմատական են տրամադրված երկու սկզբունքային հարցում՝ Ուկրաինան կշարունակի աջակցություն ստանալ, իսկ հրադադարի հաստատման ռուսական նախապայմանը, այն է՝ գյուղատնտեսական ապրանքների և հանքային պարարտանյյութերի արտահանման նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը, անընդունելի է:

Փարիզյան խորհրդաժողովի ընդհանուր տրամադրվածությունը ձևակերպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը: Նրա գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինը պատերազմը դադարեցնելու, կայուն և տևական զինադադար հաստատելու ոչ մի մտադրություն չունի, ամերիկյան կողմի հետ բանակցություններով նա ձգտում է ժամանակ շահել, քանի դեռ պատերազմն ամբողջ թափով ընթանում է:

Ուկրաինայում հրադադարի նախապայման առաջ քաշելով Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկումը՝ Ռուսաստանի նախագահը, իհարկե, չափազանց ծանր վիճակ է ստեղծում առաջին հերթին Վաշինգտոն-Բրյուսել հարաբերություններում:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում բանակցությունները Միացյալ Նահանգների նախագահի համար ամենից առաջ ներքաղաքական կարեւորություն ունեն, ցանկացած ձախողում հարված է նրա «կովբոյական» հեղինակությանը:

Միաժամանակ Պուտինի նախապայմանը կարող է տարաձայնությունների տեղիք տալ Եվրամիության ներսում: Հունգարիան արդեն կրկին «խարակտեր է ցուցաբերում»՝ արգելափակելով Ուկրաինային աջակցության Եվրամիության որոշումը: Այլ երկրներ կարո՞ղ են հետևել Բուդապեշտի օրինակին՝ կախված է, երևի, ուկրաինական ճակատում իրավիճակից:

Եվրամիության և նրա առաջատար երկրների դիրքորոշումը, իհարկե, Ուկրաինայի հանդեպ «զեղումնառատ սիրուց» չէ կամ միայն դրանից չէ: Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկում են «գործարք», որ հիմնական մասով շոշափում է Եվրոպայի ապագան, բայց Մոսկվան վճռական դեմ է, որ այդ բանակցություններին Բրյուսելը կամ Փարիզը և Բեռլինը մասնակցեն:

Ռուսաստանը կտրուկ դեմ է հատկապես հետկոնֆլիկտային Ուկրիանայում Փարիզ-Բեռլին-Լոնդոն եռյակի ներկայությանը: Արևմտյան փորձագիտական որոշ շրջանակներ, մինչդեռ, համոզված են, որ առանց անվտանգային և ֆինանսա-տնտեսական լուրջ երաշխիքների՝ Ուկրաինան չի կարող պահպանել քաղաքական ինքնիշխանությունը:

Այս առումով ուշագրավ է, որ Փարիզում Ուկրաինայի նախագահ Զելենսկին քննադատել է ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Ուոլցին, քանի որ նա շարունակում է կրկնել իրավիճակի մասին ռուսաստանյան կողմի թեզերը:

Ուկրաինական կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, կարծես, ազդում է Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցում Ադրբեջանի դիրքորոշման էլ ավելի կոշտացմանը:

Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ամիրբեկովը մարտի 27-ին արդեն փաստաթղթի վավերացման նախապայման է ներկայացրել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ տարածքից երրորդ կողմի ռազմական ներկայության հեռացումը:

Խոսքն, անկասկած, Եվրամիության քաղաքացիական դիտորդների մասին է, որ Բաքուն ներկայացնում է որպես երրորդ կողմի ռազմական ներկայություն: Այդ նարատիվը մի քանի անգամ հնչեցրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, իսկ տարեսկզբին Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն Հայաստանում եվրադիտորդներին վերագրել է «հարևան երկրների դեմ լրտեսության» մեղադրանք:

Ամենևին էլ պատահական չէ, որ Ալիևի հատուկ ներկայացուցիչն ավելի կոշտ հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցի հաջորդ օրը և Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մասին օրենքը Հայաստանի Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո:

Հարավային Կովկասում Եվրամիության ներգրավվածության դեմ ձեռնարկումներում որքանո՞վ են սինխրոնացված Մոսկվայի և Բաքվի քայլերը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ուկրաինական կարգավորման մեգածրագիրն» ակնհայտորեն տեղապտույտի է մատնվում:

Մոսկվան հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԻԿ-ի կառավարումը Կիևին վերադարձնելու կամ երրորդ երկրի վերապահելու գաղափարն իսկ անընդունելի է, որովհետև «Զապորոժիեի մարզը հանրաքվեով միացել է Ռուսաստանին»: