Թաթուլի` Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգը մի քանի օր է՝ փոթորկել է համացանցն ու օգտատերերին:
Հրապարակ թերթը գրել է․ Երաժիշտ, երգահան Վահան Արծրունին ասում է` շատ կարեւոր է, թե ինչպես ենք դիտարկում այս իրողությունը. «Որպես մի էպիզո՞դ մեծ շղթայի մեջ, թե՞ սրան վերաբերվում ենք որպես մի երեւույթի, որն իրականության մակետն է հանդիսանում: Այսինքն՝ դուք նման երեւույթով կարող եք ախտորոշել մշակութային իրականությունը: Թաթուլներ կան ու միշտ էլ կլինեն, նրա փոխարեն վաղը մեկ ուրիշը կլինի, զանգվածի ճաշակի դրսեւորումը քննադատելն ապարդյուն բան է, որովհետեւ զանգվածը չի առաջնորդվում բարձր կատեգորիաներով: Ես տարբեր մեկնաբանություններ էի կարդում ու տեսա` մի ծնող գրել էր, որ մենք ընտանիքով փող ենք հավաքել, որ մեր էրեխեքը գնան, մի քիչ ուրախանան, դուք ինչի՞ եք պղտորում էրեխեքի ուրախությունը։ Այսինքն՝ այդ ծնողի զգացմունքները խոցված էին, որովհետեւ ինքը համոզված է, որ իր բերանից կտրած փողը տվել են տոմսի, որպեսզի երեխան գնա, մի քիչ ուրախանա: Սա էլ սոցիալական կոնտեքստն է այդ երեւույթի, որովհետեւ դահլիճում եղած պատկերն ուղղակի ապշեցնող էր` խեղճ ընտանիքներից ջահելություն ու, կներեք` «գլամուրային ծտեր», այսինքն՝ այդ համադրությունը պատկերացնել մեկ այլ տեղ` կողք-կողքի, ուղղակի հնարավոր չէ»:
Վ. Արծրունու կարծիքով, հիմնական արձագանքն ու քննադատություններն առաջացան այն պատճառով, որ հասարակության գիտակից մասը վերջապես առերեսվեց այն մշակութային իրականության հետ, որը գեներացվել է երկրում վերջին 37 տարիների ընթացքում. «Այդ առերեսումն առաջացրեց բնական ռեակցիաներ, դրսեւորումներ, որը կարող է ունենալ իրականությունը վերլուծող, մտածող զանգվածը: Իսկ այն զանգվածը, որն ընդունում է այդ երեւույթը, սրա մեջ տեսնում է միայն ժամանցի եւ ուրախության առիթ ու չի խորանում, ավելին` չի էլ կարող, քանի որ մասնակից է այս ընդհանուր անկմանը՝ որպես այդ ենթամշակույթի հիմնական սպառողն ու սնողը: Այսինքն, այդ հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են մասնակցել այդ համերգին, պատրաստ են նաեւ ֆինանսապես սնել այդ երեւույթը` պետությունից անկախ, որովհետեւ պետությունը մշակութային իրականությանն այլ ալգորիթմով է մոտենում: Պետությունը, որպես հիմնական դոնոր, զբաղված է լրիվ հակառակ բաներով` թատրոններ է փակում, նոր առաջնահերթություններ է առաջ քաշում, օրինակ՝ իմացաբանակա՞ն, թե՞ իրական Հայաստան, փորձում է դիսկուրս ստեղծել այնպիսի տարածքներում, որտեղ այդ դիսկուրսը մի քանի հարյուր կամ հազար տարի առաջ է կայացել ու իր լուծումը ստացել»:
Ինչպես նկատում է Վ. Արծրունին, պետությունը, բացի դրանից, գեներացնում է նաեւ որոշակի այլ իրականություն՝ հիմնվելով ոչ թե ներքին, այլ դրսի ռեսուրսի վրա։ «Այսինքն՝ փորձում է միջամտել այս ընթացքներին` հրավիրելով Սնուփ Դոգին կամ այս պարագայում արդեն` Ջենիֆեր Լոպեսին: Մինչդեռ, որպես այդպիսին, ձեւավորված ներքին անհրաժեշտություն կամ հասարակական պահանջ գոյություն չունի, այդ իմպերատիվը գեներացնում է միայն կառավարությունը՝ իր կաբինետներում: Ու սա պետք է հասկանալ այս երեւույթների համակարգման համատեքստում, որովհետեւ պետությունը, ամեն պարագայում, ունի մշակութային որոշակի քաղաքականություն, իսկ այդ քաղաքականությունն էլ իր բոլոր դրսեւորումներն ունի, այսինքն՝ պետական տիրույթում հանդես են գալիս որպես հիմնական պատվիրատու, որտեղ կան յուրայիններ, որոնք վերջին 7 տարիների ընթացքում ամենայն պատրաստակամությամբ ծառայում են եւ մասնակցում են բոլոր պետական միջոցառումներին։ Նաեւ դժվար չէ նկատել, թե ովքեր են նրանք, քանի որ հղկված թիմ կա այդտեղ: Եվ 2-րդ. այդ մարդիկ փորձում են դրսից բերել` իրենց պատկերացումներով, որոշակի պերսոնաժներ, որոնք պետք է առաջացնեն գոնե ինձ համար անհասկանալի ալգորիթմներով հանրային դրսեւորումներ, որովհետեւ ես անձնապես չգիտեմ, թե Սնուփ Դոգը կամ Ջենիֆեր Լոպեսն ինչ մշակութային իրավիճակ կարող են ստեղծել Հայաստանում: Ես, իհարկե, շատ լավ գիտեմ իրենց երգածը, ու թե ինչ է դա իրենից ներկայացնում, բայց ես չեմ տեսնում համակցման կետը մեր իրականության հետ»,-նշում է զրուցակիցս:
Իրականությունն այն է, որ երկրում կայանում են որոշակի մշակութային ընթացքներ, որոնք, ըստ Արծրունու, պետության վերահսկողությունից դուրս են. «Մեզ թվում էր, որ սրանք տարերային բնույթ ունեն, նկատի ունեմ` ռաբիսի հաստատումն ամենամասսայական կառույցների բեմերի վրա, ընդ որում` պետական: Միաժամանակ իրենց անկախ լինելու կարգավիճակը, որովհետեւ բոլորովին պետությունից կախված չեն եւ իրենք իրենց զանգվածն ունեն, որը պատրաստ է ֆինանսավորել այդ ամենը: Հիմա, երբ գիտակից մասն առերեսվեց այս իրողությունների հետ, դա, բնականաբար, առաջացրեց լուրջ դիսկուրս»:
Մյուս կողմից էլ` նույն գիտակից զանգվածն ամեն օր տարբեր առիթներով` հարսանիք, կնունք, ծնունդ, չէ՞ր առերեսվում այդ իրողության հետ։ «Երբ դա քողարկված է տարբեր ճաշարաններով ու ռեստորաններով, քո աչքից վրիպում է իրական մասշտաբը, դրա մասին մարդիկ կարող են եզրակացություն անել, որոնք ամբողջ այս ընթացքը դիտարկում են իմ նշած երեւութաբանական իմաստով` ճաշակի շեղումից մինչեւ գեղագիտական հիմնական ալգորիթմների բացակայություն: Այսինքն, այն մարդիկ, ովքեր նման կերպ են վերաբերվում մշակութային ընթացքներին, իրենց համար պատկերը պարզ է: Օրինակ, ինձ համար այստեղ որեւէ բացահայտում չկար: Բայց այն մարդիկ, ովքեր երբեւիցե չեն մոտեցել այս իրողություններին՝ որպես որոշակի նշանային երեւույթների, իրենց համար սա շոկ էր: Այս գեղագիտական կոնֆլիկտը չի ընկալվում ազգային մշակութային բնազդների մակարդակով, նույնիսկ նրանց մոտ, որ ցասում է առաջացնում այդ մարդկանց բազմությունը եւ խրախճանքի մթնոլորտն այդ համերգի ժամանակ, այդ կոնֆլիկտը ներսում տեղի է ունենում, որովհետեւ հայկական երաժշտության ընկալման գեղագիտական մոդելը խիստ տարբերվում է այն դրսեւորումներից, որն այսօր առաջարկում են ներքին ռաբիսն ու դրսից բերած Ջենիֆեր Լոպեսը»:
Ցանկացած իրողություն, ըստ երաժշտի, այս իշխանությունը բանաձեւում է իր իմացածի չափով. «Օրինակ, իրենք զգում են անհրաժեշտությունը կրթության մեջ եւ բանաձեւում են դա «կրթվելը նորաձեւ է» կարգախոսով, այսինքն՝ այդ մարդիկ այլ բանաձեւում չեն կարող տալ, որովհետեւ կրթությունն ընկալում են այդ հարթության մեջ եւ, բնականաբար, տալիս են այդ բանաձեւումը: Ու ավելին չես կարող պահանջել, որովհետեւ երբ հետեւում ես, թե ինչ կոնտինգենտ է հավաքվում այդ հանդիպում-միջոցառումներին, տեսնում ես, որ իրապես կրթության կարիք ունեն: Եվ, ուրեմն, ավելի խորը, հիմնավորված բաներ պետք չէ սպասել այդտեղ, որովհետեւ իրենց ձեռքի տակ գտնվող ինտելեկտուալ, մասնագիտական, մարդկային ռեսուրսը թույլ է տալիս ընդամենը այս մակարդակներում բանաձեւել խնդիրները եւ նպատակները»:
Բաց մի թողեք
Դատավորը վատացել է, նիստը հետաձգվել
«Հիշողություններ մանկությունից եւ որբությունից». գիրք`ցեղասպանությունից հետո որբացած հայ մանուկների մասին. Լուսանկար
3 տարի, 3 դատավոր. ՊՆ նախարարի խորհրդականի որդու հանգամանքը խառնաշփոթ է առաջացրել