03/07/2025

Ռուս – թուրքական նոր սիրախաղ է սկսվել

Պուտինն ու Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են Ուկրաինայում խաղաղության նախաձեռնությունները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում երկօրյա այցի շրջանակում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ուղղությամբ վերջին նախաձեռնությունները։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Հանդիպումը կայացել է մայիսի 27-ին։ Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է նաև Ռուսաստանի գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկուն, իսկ մայիսի 28-ին նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Թուրքական կողմը նշել է, որ կողմերը քննարկել են վերջին բանակցություններից հետո արձանագրված զարգացումները։

Խոսքը վերաբերում է մայիսին Ստամբուլում կայացած հանդիպմանը, որտեղ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել էին առաջին անգամ՝ 2022թ. մարտից ի վեր։ Չնայած հրադադարի համաձայնություն չկայացավ, կողմերը գրավոր ներկայացրել էին իրենց պայմանները հնարավոր զինադադարի վերաբերյալ և համաձայնել 1000 ռազմագերու փոխանակման։

Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել կողմերի միջև բանակցությունները և շարունակել իր միջնորդական դերակատարությունը։ Թուրքական աղբյուրը հայտնել է, որ Ֆիդանը Մոսկվայում վերահաստատել է այդ առաջարկը։
Հաքան Ֆիդանը այս շաբաթվա ընթացքում նախատեսում է մեկնել նաև Կիև՝ հանդիպելու ուկրաինացի պաշտոնյաների հետ և շարունակելու Ստամբուլյան բանակցությունների օրակարգը։

Ռուսական աղբյուրները նշել են, որ Թուրքիան, ինչպես նաև ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Օմանը դիտարկվում են որպես հնարավոր հարթակներ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների համար։