09/06/2025

Մենք դավաճան չենք, բայց իրենք ընդունում են, որ կուսակրոն չեն, դա փաստ է․ Խաչատրյան

Իշխանական զույգը շարունակում է եկեղեցու դեմ արշավը, ինչո՞ւ հիմա, այն բանից հետո, երբ Ադրբեջանից հայտարարեցին, որ Հայ առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում իրենց համար։

Ինչո՞ւ է քաղաքական իշխանությունը որոշել ոտնահարել Սահմանադրությունը եւ խառնվել եկեղեցու գործերին։ Այս եւ այլ հարցերի մասին Հրապարակ թերթը զրուցել է «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։

– Օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եք, տեղյակ չե՞ք, որ Սահմանադրությամբ եւ գործող իրավակարգերով՝ պետությունն ու եկեղեցին անջատ են, եկեղեցին ինքնակարգավորվող մարմին է, ինչպե՞ս է պետության ղեկավարը հայտարարում, թե ՀՀ-ն պետք է իր խոսքն ասի կաթողիկոսի ընտրության հարցում, պատրաստվում եք օրենքում փոփոխություննե՞ր անել։

– Չեմ բացառում, որ օրենսդրական փոփոխություններ արվեն, թեպետ այս պահին նման նախադրյալներ չեմ տեսնում, բայց չեմ բացառում, որ եթե ինչ-որ խնդիրներ լինեն, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության պետական շահի հետ, եւ եթե այդ շահը թելադրի, որ օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, ուրեմն պետք է իրականացվեն։ ՀՀ շահից գերակա շահ, բնականաբար, գոյություն չունի, հետեւաբար՝ եթե նման կարիք լինի, այո, պետք է իրականացվի։

– Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած «խնդիրները», կարծում եք` առնչվո՞ւմ են պետության շահին, առավել եւս՝ վնասում այդ շահին: Մինչ այս պահը նա կուսակրոնության խախտման մասին է հրապարակումներ արել։

– Եթե Հայաստանի Հանրապետության եկեղեցին իր կանոնադրությամբ չի գործում, իհարկե, վնասում է, այդ եկեղեցին ՀՀ-ում է, չէ՞, Հայ առաքելական եկեղեցին է, որի մասին դրույթ ունենք Սահմանադրության մեջ, եւ այդ եկեղեցին ունի իր կանոնադրությունը, որը հաստատված է պետական մարմիններում։

– Եկեղեցին, Սահմանադրությանը հղում անելով, հորդորեց չոտնահարել մայր օրենքը, չմիջամտել եկեղեցու գործերին․․․

– Պետությունը չի կարող միջամտել, ինչ-որ գործառույթ անել, բայց պետությունը նաեւ ինչ-որ տեղ պարտավորություն ունի՝ հանրությանը ներկայացնել, որ կանոնադրական հարցեր կան, որոնք խախտվում են, եւ դա պետք է հանրությունն իմանա: Ո՞վ, եթե ոչ պետությունը։

– Ձեր՝ իշխանության պարտավորությունն է՝ չխառնվել, չմիջամտել, ինչը դուք չեք անում։ Հոգեւոր դասն էլ ձեզ ասում է՝ ձեր ի՞նչ գործն է, ենթադրենք` խախտում ենք, դուք ձեր արածների համար պատասխան տվեք, թե ինչ վնասներ եք պատճառել պետությանը․․․

– Մենք պետությանը շատ-շատ օգուտներ ենք տվել եւ տալու ենք։ Հիմա եկեղեցին մեզ ի՞նչ է ասում, թե ի՞նչ գործ ունենք, որ խառնվում ենք. ոչ, նման բան չի կարող լինել, պետությունը պիտի խառնվի, մենք այս հասարակության առողջ ապրելու, նաեւ հոգեւոր առողջության պատասխանատուն ենք, եւ եթե մեր հանրության հոգեւոր առողջությանը վնաս տալու խնդիր կա, մենք հաստատ միջամտելու ենք։

– Օրինակ, ինչպե՞ս է եկեղեցին վնասում հանրության հոգեւոր առողջությանը։

– Օրինակ, եթե հոգեւորականը հոգեւորական չէ, արդեն իմ գործն է, ուրեմն իրավունք չունի ինքը հոգեւորական լինելու։

– Ձեր կարծիքով՝ պատերազմը, զոհերը, Արցախի կորո՞ւստն են ավելի շատ վնասել հանրության հոգեւոր առողջությանը, թե՞ որ մի հոգեւորական, դիցուք, կարող է խախտած լինել կուսակրոնությունը։ Օրինակ, արդեն քանի տարի է՝ ձեր մասին էլ ասում են, որ հայրենիքի դավաճան եք, Արցախ եք հանձնել, չեք կարող մնալ իշխանության։

– Մենք դավաճան չենք, բայց իրենք ընդունում են, որ կուսակրոն չեն, դա փաստ է։

– Ոչ մեկը չի ընդունել, ընդամենը Փաշինյանը նման ինֆորմացիա է տարածել իր էջում, բայց փաստ է, չէ՞, որ դուք Արցախ եք հանձնել։

– Ոչ մեկը Արցախ չի հանձնել, կրկնում եմ` չենք հանձնել, վերջացրեք։

– Օրինակ, Փաշինյանի կինն ասում է, որ հոգեւորականների մեջ մանկապիղծներ կան, Դուք գիտե՞ք որեւէ մանկապիղծ հոգեւորականի։

– Ոչ, չգիտեմ, չեմ ճանաչում։

– Վերջին օրերի հայտարարությունները եթե իրար կողք ենք դնում, չի՞ ստացվում, որ խնդիր եք դրել վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, սասանել պետության ազգային հիմքերը, ինչ-որ կենտրոնների պատվերով․․․

– Հիմա Դուք բացառում եք, որ չկա՞ն մանկապիղծներ։

– Իսկ Դուք բացառո՞ւմ եք, որ ձեր իշխանության մեջ մանկապիղծներ չկան։

– Իհարկե, կարող են լինել` ոչ թե իշխանության մեջ, այլ՝ հանրության, դա այն հանցատեսակն է, որը միշտ հանդիպում է, բայց եկեղեցականն ունի որոշակի պարտավորություն` իր կանոնադրությանը համապատասխան, որոշները պետք է կուսակրոն լինեն, բայց եթե նա այդ ուղին ընտրել է եւ ասում է, որ կարող եմ քարոզել եկեղեցու գաղափարախոսությունը, իսկ իրականում` դե կեղծի, կուսակրոն չէ, այստեղ խնդիր կա։

– Դուք էլ ձեր ծրագրում Արցախի կարգավիճակի եւ այլ խոստումներ էիք տալիս, բայց իրականում դրժել եք, չե՞ք կարծում, որ ձեզնից պետք է սկսեք։

– Ի տարբերություն մեզ, իրենցը կա, փաստացի ապացույց, ասում ենք՝ տեսեք․․․

– Երեւի Արցախն էլ իր տեղում է, մենք չգիտենք այդ մասին։

– Արցախը մենք չենք հանձնել, Արցախը հանձնել են հանձնողները։