20/06/2025

Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար

Վստահելի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետեւում իր թիմակիցների հետ քննարկել է Թուրքիա իրականացվող իր այցի նպատակները։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ նույն աղբյուրների՝ Փաշինյանը բացատրել է, որ մեկնում է Անկարա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով։

Մեր տեղեկություններով՝ վարչապետը շեշտել է, որ ամեն գնով անհրաժեշտ է մինչեւ 2026 թվականի ընտրությունները ունենալ Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթուղթ՝ «Խաղաղություն» վերնագրով։ Քաղաքական թիմում սա գնահատվում է որպես ռազմավարական քայլ՝ իր իշխանության վերարտադրությունը երաշխավորելու համար։

Հետաքրքիր է, սակայն, որ «խաղաղության» ճանապարհին մի շարք առանցքային հարցեր մնում են անպատասխան. ի՞նչ է լինելու գերիների ճակատագրի հետ, ի՞նչ փուլում են օկուպացված տարածքների շուրջ բանակցությունները, ի՞նչ ընթացք է ունենալու անհետ կորածների որոնումը եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սյունիքից պահանջվող միջանցքի գաղափարին։

Թիմակիցների մի մասի համոզմամբ միջազգային «խաղացողները»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Եվրոպան, չեն կարողացել ապահովել կայունություն՝ չնայած իրենց ֆիզիկական ներկայությանը տարածաշրջանում։ Եվ հենց այդ պատճառով էլ Փաշինյանը որոշել է ուղիղ կապի մեջ մտնել Անկարայի հետ՝ Խաղաղության համաձայնագրի արագացված կնքման հույսով, որ 2026 թվականին վերընտրվի:

Մնացածը՝ հետո։ Կամ կլինի, կամ ոչ»։