03/07/2025

Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս, որ նրա ճակատին դաջված պարտության խարանը չի մաքրվելու․ Լուսանկար

Նիկոլ Փաշինյանը հերթական «թնդանոթի» հարվածն է հասցրել Լևոն Տեր-Պետրոսյանին: Գիշերը չի քնել, մի լավաշ ստատուս է գրել, այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է ԿԳԲ-ի գործակալ:

«Հիմնավորումնե՞րը»՝ խնդրեմ

– ինչ-որ մամուլի հրապարակումներ,

– օդից վերցված հայտարարություն, որ Անկախության շարժումը իրագործվել է ՊԱԿ-ի առաջնորդությամբ,

– «հանրային ընկալում», որ նախագահ է աշխատել ուժեղ նախարարների մոտ,

– փաստական սխալ, որ Ռոբերտ Քոչարյանին Տեր-Պետրոսյանն է դարձրել նախագահ (իրականում դա արել է Վազգեն Սարգսյանը),

– ինքնիշխանության և անկախության ջատագով է ներկայացնում Վազգեն Սարգսյանին, որ առաջնորդել է հեղաշրջում և իշխանությունը հանձնել Ռոբերտ Քոչարյանին,

– փաստական սխալ, որ մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը չի ցանկացել դուրս գալ տանից: Բազում արևմտյան պաշտոնյաներ ու զեկույցներ հաստատել են, որ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով արգելել են Տեր-Պետրոսյանին տնից դուրս գալ (Պիտեր Սեմնեբի, Համմարբերգի զեկույց և այլն):

– որ մարտի 1-ին հրաժարվել է ընդունել Կաթողիկոսին, ում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նույնպես հռչակել են ՊԱԿ-ի գործակալ: Ըստ Նիկոլ Փաշինյանի, ՊԱԿ-ի մի գործակալը հրաժարվել է ընդունել մյուս գործակալին: Էստեղ տրամաբանություն գտնելը թողնում եմ ընթերցողին:

Այս բոլոր թեզերը 30 և ավել տարիներ շարունակ շրջանառվել են սկզբում մոսկովյան ՊԱԿ-ի՝ Հյաստանում ունեցած ազդեցության գործակալների, այնուհետև քոչարյանասերժական հատուկ ծառայությունների ազդեցության գործակալների կողմից: Նիկոլ Փաշինյանն այսօր համալրեց այդ ազդեցության գործակալների շարքը: Կամ՝ բացահայտվեց:

Իսկ նրա նկարագրած «հիմնական հատկանիշներն» ընթերցելիս, զուգահեռաբար դիտարկեք Նիկոլ Փաշինյանի գործունեությունն ու կերպարը: Ձեր մեջ որոշեք՝ ամբարտավա՞ն է, թե ոչ, հայհոյախո՞ս է, թե ոչ, մարդկանց ատու՞մ է, թե ոչ, բամբասկո՞տ է, թե ոչ, անպատասխանատու՞ է, թե ոչ, վախկո՞տ է, թե ոչ: Եվ վստահ եմ՝ նրա բերած «հիմնական հատկանիշների» խտացումը կտեսնեք այսօրվա Հայաստանի ղեկավարի մեջ:

Այս ամենն ունի պարզ բացատրություն. Նիկոլ Փաշինյանին ընդամենը հանգիստ չի տալիս, որ ինչքան էլ լողանա, ինչպիսի պլաստիկ վիրահատություն էլ անի, նրա ճակատին դաջված պարտության խարանը չի մաքրվելու, և հայոց պատմության ու քաղաքագիտության դասագրքերում Փաշինյանը մնալու է, որպես «ազգակործան պատուհասի» դասական նմուշ:

Էրիկ Շամամյան; «Հրապարակ օրաթերթ»

Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս, որ  նրա ճակատին դաջված պարտության խարանը չի մաքրվելու