19/08/2025

Կինոյի հիմնադրամում վստահ են, որ գրաքննությամբ չեն զբաղվելու․ Լուսանկար

Օրեր առաջ կինոոլորտի պրոֆեսիոնալ գիլդիաներն ու ասոցիացիաները մամլո ասուլիս էին հրավիրել՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի շրջանառվող նոր նախագծի հետ կապված, եւ իրենց մտահոգությունները բարձրաձայնել: 

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի հեղինակը Հայաստանի կինոյի հիմնադրամն է, նախագիծը շուրջ մեկ ամիս «Ի-դրաֆտ» հարթակում շրջանառվեց ԿԳՄՍ նախարարության կողմից:

Այս հարթակում 5 տասնյակից ավելի առաջարկություններ, դիտարկումներ են արվել նախագծի շուրջ` թե՛ կինոգործիչների, թե՛ կինոթատրոնների, թե՛ ամենատարբեր ասոցիացիաների կողմից, բոլորի դեպքում էլ` մտահոգություններ, դժգոհություններ, որ առաջարկվող փոփոխությունները խաթարելու են ստեղծագործողների ազատությունը, մասնավոր արտադրության անկախությունը եւ միջազգային համագործակցությունը։

Նորաստեղծ Կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանից հետաքրքրվեցինք, թե որն է այս փոփոխությունների նպատակը, որի դեմ է դուրս եկել ողջ կինոհամայնքը եւ միաձայն պնդում է, որ այն վտանգելու է պետության եւ կինոհամայնքի վստահությունը:

Ավելին` այս փոփոխությունների արդյունքում հիմնադրամը դառնալու է գրաքննիչ՝ կինոյի ոլորտում աշխատող ազատ ստեղծագործողների համար, նրանցից խլելով իրենց գույքային, հեղինակային իրավունքները, դրանով իսկ խախտելով նաեւ մի շարք միջազգային օրենքներ։ «Անկեղծ ասած, այս պահին օրենքի որեւէ կետ մեկնաբանելու ոչ թե ցանկություն չունեմ, այլ էթիկապես չեմ կարող, որովհետեւ Հայաստանի կինոյի հիմնադրամը ստեղծել է աշխատանքային խումբ հենց այն նույն մարդկանց հետ, ովքեր մամլո ասուլիս են տվել:

Ըստ էության, առաջին նիստից հետո այդ մամլո ասուլիսն է տեղի ունեցել, եւ 2-րդ նիստ դեռ տեղի չի ունեցել»,- ասում է Բանուչյանն ու հավաստիացնում, որ իրենք չեն շրջանցել կինոհամայնքին, այլ հուլիսի 9-ից օրենքը դրել են շրջանառության մեջ եւ դրանով մեկ ամիս ժամանակ են տվել կինեմատոգրաֆիստներին, որ ծանոթանան օրենքի փոփոխությունների նախագծին, ավելին` առաջին հանդիպման ժամանակ արձանագրել են, որ «Ի-դրաֆտում» հավաքագրվող կարծիքները չեն կարող գործընթացին խանգարել, քանի որ հաջորդիվ` օրենքի նախագծին նաեւ ուրիշ գերատեսչություններ են իրենց կարծիքը հայտնելու:

«Ի վերջո, հավաքագրված կարծիքների հիման վրա կփորձենք վերջնականացնել օրենքի նախագիծը եւ 2-րդ անգամ շրջանառել, որպեսզի հավաքագրենք նաեւ այլ գերատեսչությունների ու մարդկանց կարծիքներ: Ըստ էության, առաջին նիստի ժամանակ քննարկել ենք սկզբունքային հարցեր, թե ինչպես ենք աշխատելու, եւ հենց այսօր, բառացիորեն` մի քանի ժամ առաջ կինեմատոգրաֆիստներն ուղարկել են իրենց կարծիքը՝ նախագծի հետ կապված, եւ հիմա ես ծանոթանում եմ իրենց կարծիքին:

Իսկ աշխատանքային խմբի՝ աշխատանքային ընթացքից դուրս գալն ու ասուլիս տալը ոչ գործընկերային եմ համարում եւ չեմ կարծում, որ այն նպատակահարմար էր»,-նշում է հիմնադրամի տնօրենն ու կրկնում, որ օրենքի հետ կապված՝ այս պահին որեւէ բան չի մեկնաբանի, որովհետեւ աշխատանքային խումբն իր աշխատանքները դեռ չի ավարտել:

Ճիշտ չէ՞ր լինի, որ նախագիծը նախ աշխատանքային խմբում մասնագիտական քննարկումների փուլ անցներ եւ նոր «Ի-դրաֆտում» հանրայնացվեր` բազմաթիվ մտահոգությունների փոխարեն։ «Կարծում եմ` օրենքով սահմանված կարգով «Ի-դրաֆտում» օրենքը տարածելը շատ ավելի մեծ շրջանակ է ընդգրկում` կարծիքներ հավաքագրելու տեսանկյունից, եւ ի՞նչն է խնդիրը ընդհանրապես: Մենք կարող ենք օրենք շրջանառել, չհամաձայնել, քննարկել, ու ո՞վ է ասել, որ ժողովրդավարության ինչ-որ նորմեր ենք խախտել, ավելին` մենք մինչեւ հիմա կոչ ենք անում գալ նստել սեղանի շուրջ եւ քննարկել օրենքի ցանկացած կետ»:

Բանուչյանը նշեց, որ հենց այս պահին ծանոթանում է կինոհամայնքի առաջարկներին, եւ, իր կարծիքով, որոշ կետեր, այո, հիմնավոր են. «Այս մասով կարծում եմ` մենք կարող ենք զրուցել իրենց հետ»։ Իսկ թե որ կետերի հետ է համակարծիք, չցանկացավ նշել, քանի որ աշխատանքային խումբը դեռ չի ավարտել աշխատանքները։ «Դրա համար էթիկապես ճիշտ չեմ համարում որեւէ հայտարարություն անել, ինչի՞ համար սրեմ իրավիճակը, կարծիք արտահայտեմ»,- նշեց նա` խոստանալով օրենքն իմի բերելուց հետո իր տեսակետը բարձրաձայնել:

Այդուհանդերձ, «Ի-դրաֆտում» տեղադրված նախագծի շուրջ կարող է կարծիք հայտնել, օրինակ՝ թե ինչու է օրենքով Կինոյի հիմնադրամին` աջակցողից մենաշնորհային արտադրողի գործառույթ վերապահվում, դրա հետեւում կինոհամայնքը գրաքննիչի եւ տոտալիտար ռեժիմի հոտ է առնում։ «Սուր հարց եք տալիս, բայց նորից եմ ասում` ես որեւէ կետի հետ որեւէ մեկնաբանություն չեմ անելու, մինչեւ աշխատանքային խումբն իր աշխատանքը չավարտի»,- կրկին խուսանավեց հիմնադրամի տնօրենը, որին դարձյալ նույն հարցն ուղղեցինք` հիմնադրամն ինչո՞ւ է ձգտում վերցնել ստեղծագործողների գույքային եւ հեղինակային իրավունքները, հավակնում են դառնալ արտադրո՞ղ կինոընկերություն, թե՞ գրաքննիչ։

«Կարճ ասեմ, որ Կինոյի հիմնադրամը երբեք գրաքննությամբ չի զբաղվելու, իսկ օրենքի հետ կապված ոչ մի կետ չեմ մեկնաբանելու»,- նշեց Բանուչյանն ու հավելեց, որ առաջիկայում ուսումնասիրելով բոլոր առաջարկությունները, կհրավիրեն աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը եւ կքննարկեն բոլոր կետերը։ Միաժամանակ նկատեց. «Հույս ունեմ, որ ամեն հանդիպումից հետո մամլո ասուլիս չեն հրավիրի»:

Այն դիտարկմանը, որ կինոհամայնքի վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ իրենց հեղինակած եւ ԿԳՄՍՆ կողմից շրջանառվող օրենքի փոփոխությունների նախագիծը 15-ից ավելի օրենք է խախտում` թե՛ միջազգային, թե՛ ներպետական, Դ. Բանուչյանը կարճ արձագանքեց. «Շատ լավ, թող գան, աշխատանքային խմբում ներկայացնեն` քննարկենք, ոչ մի խնդիր»:

Հարց է առաջանում` արդյո՞ք կոմպետենտ իրավաբաններ, մասնագետներ, փորձագետներ են աշխատել այս օրենքի նախագծի վրա, քանի որ տեխնիկական խնդիրներից մինչեւ բովանդակային հարցեր է մատնանշել կինոհամայնքը։ Այս հարցից Դ. Բանուչյանը մի քիչ սրտնեղեց, նշելով, որ հարցադրումը նույնիսկ վիրավորում է իրեն, քանի որ միջազգային գործընկեր ունեն՝ ի դեմս «Եվրիմաժի», եւ իրենք կինոգործիչներին ասել են, որ անպայման նախագծի այս տարբերակը, անգլերեն թարգմանված, ուղարկելու են «Եվրիմաժին», որպեսզի իր փորձագիտական կարծիքը հայտնի. «Եվ եթե «Եվրիմաժն» ասի, որ օրենքի որեւէ կետ կոնվենցիայի որեւէ կետի հակասում է, պարզ է, որ կոնվենցիային չենք հակասելու եւ չենք անտեսելու մեր միջազգային գործընկերներին»:

Ինչ վերաբերում է «Ի-դրաֆտ» հարթակում վերջին ժամերին նախագծին կողմ արտահայտված աննախադեպ ձայների «լցոնումին», ինչի մասին երեկ տարբեր կինոգործիչներ իրենց էջերում բարձրաձայնել էին ու մատնանշել, Դ. Բանուչյանը նախ նշեց, որ դա իր հետ կապ չունի, ապա նկատեց, որ այս մասով մոնիթորինգ չի իրականացրել, թե «երբ է լցոնում եղել կամ չի եղել, եթե բողոքում են, երեւի հիմնավորումներ ունեն, ու սա այլ հասցեատեր ունի: Եթե պարզվի, որ լցոնումներ կան, դա, իհարկե, շատ վատ է»:

«Հրապարակ». Կինոյի հիմնադրամը վստահեցնում է` գրաքննությամբ չի զբաղվելու