Չգիտես ինչու, վերջերս անսպասելիորեն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, որի հետ կապված մի քրեական գործ էր քննվել 7 տարի առաջ, ապա կարճվել, իսկ օրեր առաջ՝ օգոստոսի 8-ին, այդ նույն գործի շրջանակներում նրան կալանավորեցին ու տարան ԱԱԾ-ին կից մեկուսարան:
Հրապարակ թերթը գրել է․ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեջ: Գործը, ինչպես նշեցինք, դեռ 2018 թվականին է հարուցվել: Ըստ մեղադրանքի, մինչեւ իշխանափոխությունը ՊԵԿ-ին պատկանող մաքսատան շենքում տարածք է տրամադրվել «հանցավոր գործունեություն իրականացնող» «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը եւ նպաստել նրա գործունեությանը:
Դեռ 2018-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե հանցավոր սխեմա են բացահայտել, եւ այդ շղթայում նաեւ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ կան: Ըստ ԱԱԾ-ի հաղորդման` «Նորֆոլկ» ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Նախնական հաշվարկներով՝ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության՝ անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող էր կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Բայց այն ժամանակ այդ գործը շարունակություն չունեցավ, ըստ ամենայնի` ինչ-որ գումարներ վճարեցին պետական բյուջե, եւ գործը կարճվեց: Հիմա` 7 տարի անց, վերաբացել են գործը եւ ՊԵԿ նախկին նախագահին կալանավորել:
Ըստ հանրային ընկալման, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանավորումն այս օրերին քաղաքական բնույթ ունի: Նա աշխատում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետում, նրա ամենամտերիմ մարդկանցից էր, երկար տարիներ «ՀայՌուսգազարդի» տնօրենն է եղել, մտերիմ է նաեւ գործարար Սամվել Կարապետյանի հետ եւ մասնակցել է ի պաշտպանություն նրա կազմակերպված ակցիային ու երթին: Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք քաղաքական ուժի պոտենցիալ անդամներից է նաեւ: Ի դեպ, գրվում է, որ այդ ուժի նախընտրական ցուցակը կարող է գլխավորել հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կալանավորումից հետո Վարդան Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ մեղադրանքն անվանելով աբսուրդ, եւ նշեց, որ իր կալանավորումը կապված է Սամվել Կարապետյանին աջակցելու հետ. «Այո, ես լավ հասկանալով, որ հրապարակային, առանց թաքնվելու կանգնելով իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին, որն ապօրինի կալանավորված է մինչ օրս, մասնակցելով իր ազատության համար կազմակերպված ցույցերին, հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում, եւ հնարավոր է իմ նկատմամբ էլ հետապնդումներ սկսվեն, գիտակցված գնացի այդ որոշմանը: Ավելի լավ է ազնիվ մարդու, լավ ընկերոջ համբավ թողնեմ իմ երեխաներին ու ապագա թոռանս, որը մոտ օրերս է լույս աշխարհ գալու, քան մարդիկ մտածեն, որ իմ ընկերոջ համար դժվար եւ ծանր պահին վախեցա նրա կողքին կանգնելու՝ անձնական խնդիրներ չունենալու համար»։
Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում պատասխանելով գործը 7 տարի առաջ կարճելու եւ այժմ վերաբացելու վերաբերյալ մեր հարցին, ասաց․ «Վերաբացված ասելը մի քիչ ճիշտ չէ, քանի որ, օրենքով, ուժի մեջ մտած քննիչի որոշում գոյություն ունի, իսկ այդ որոշումը վերացված չէ: Այսինքն՝ այստեղ Քրեական օրենսգրքով սահմանված վերաբացման մասին չէ խոսքը, այլ այդ գործից վերցրել են ապացույց, որը որ նախկինում գնահատված է եղել, եւ այդ ապացույցը գնահատված լինելու պայմաններում նախկին գործը կարճվել է, հիմա նոր մեղադրանքներ են առաջադրվել այդ ապացույցի հիմքով»։
– Ի՞նչ ապացույց է։
– Գաղտնալսում է: Այդ ապացույցը հաշվի առնելով՝ հիմնավորվել է, որ Վարդան Հարությունյանն առնչություն չունի «Նորֆոլկ» ընկերության հետ, այդ ապացույցը եղել է, գնահատվել է, եւ այդ ապացույցի գնահատման արդյունքում վարույթ իրականացնող մարմինը՝ ԱԱԾ քննչականը, եկել է այդ հետեւությանը, որ Վարդան Հարությունյանն առչություն չունի այդ ընկերության հետ։ Հիմա այդ նույն ապացույցը՝ արդեն գնահատված, դրա հետեւանքով կարճված գործի վարույթը վերցրել են եւ դրել հիմքում, որ Վարդան Հարությունյանն առնչությունի ունի այդ ընկերության հետ։
– Այսինքն՝ ինքն իրեն հակասում է քննչական մարմինը։
– Այո։
– Իսկ այդ ձայնագրության մեջ ի՞նչ է խոսում պարոն Հարությունյանը, ո՞ւմ հետ։
– Դրա մանրամասներն այս պահին չեմ կարող հայտնել։
– Բայց դա այնքան լո՞ւրջ բան է, որ դատարանը կալանավորել է։
– Մեր գնահատմամբ՝ լուրջ բան չէ, այդ հիմքով չէր կարող նոր գործ հարուցվել, եւ պարոն Հարությունյանը չէր կարող կալանավորվել։
– Քաղաքակա՞ն գործ է, ըստ Ձեզ։
– Դե, դրա վերաբերյալ հայտարարություն տվեց Վարդան Հարությունյանը։
– Անցած 7 տարիների ընթացքում Վարդան Հարությունյանը կանչվե՞լ է հարցաքննության, ինչ-որ իրավական պրոցեսով անցե՞լ է։
– Երբեւէ չի եղել նման բան, ավելի ասեմ՝ 2018 թվականին կարճված քրեական վարույթով էլ չի կանչվել։ Չի կանչվել այն հիմքով, որ որեւէ կերպ վարույթն իրականացնող մարմինն առնչություն չի տեսել Վարդան Հարությունյանի եւ «Նորֆոլկ» ընկերության միջեւ։
– Վարդան Հարությունյանն ու Սամվել Կարապետյանը նույն խցում են այժմ, ինչպե՞ս է այդպես ստացվել, ՔԿՀ պետի որոշո՞ւմն է։
– Դրա վերաբերյալ մեկնաբանություն չունեմ, չեմ կարող ասել։
– Միտում տեսնո՞ւմ եք։
– Չեմ կարող ասել։
– Նոր գործով այլ մեղադրյալ կա՞։
– Բացի պարոն Հարությունյանից, այլ մեղադրյալ չկա։
– Նրա դեմ ցուցմունք տված անձ կա՞։
– Չկա նման բան։
– Գործով միայն այդ ձայնագրությո՞ւնն է։
– Վերաբերելի մասով՝ այո։
Բաց մի թողեք
10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները
Արսեն Թորոսյանի ընկերը, ով բժշկի քիթ էր կոտրել, ընդդիմադիր է դիրքավորվում․ Լուսանկար
Իրականության խեղաթյուրում․ վարչապետի «համերգային քաղաքականությունը»