18/08/2025

Առաջին տպավորություններ Թրամփ – Պուտին հանդիպումից

– Լրագրողներին հնարավորություն չտրվեց հարցեր ուղղել կողմերին․ դա Թրամփի զիջումն էր Պուտինին, քանի որ պարզ էր, որ հարցերի առյուծի բաժինն ուղղվելու էր Պուտինին և, մեղմ ասած, ոչ հաճելի բովանդակությամբ և ոչ հաճելի բառամթերքով,

– ԱՄՆ-ն և Ռուսաստանը վարում են ըստ էության սեպարատ բանակցություններ՝ առանց Ուկրաինայի և ԵՄ-ի անդամ-պետությունների ներգրավման․ ,,ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի,, սկզբունքն առնվազն լիարժեք չի գործում․ Պուտինի հետ զրույցի մասին Թրամփի պատմելը Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին, հավատացե՛ք, ընդգծում է երկու մակարդակի բանակցային թրեքերը՝ բուն թրեքը՝ ԱՄՆ- Ռուսաստան ուղիղ բանակցություններ և երկրորդային թրեքը՝ առաջին թրեքում արձանագրված արդյունքների քննարկում դաշնակիցների հետ,

– բոլոր դեպքերում, բանակցային ճեղքում չկա, սակայն կա երկկողմ ըմբռնման ձևավորում, թե ինչպես պետք է լուծվի հակամարտությունը․ նախքան բանակցությունները Թրամփի հայտարարությունը, թե Պուտինը չի գրավի ամբողջ Ուկրաինան, կարելի է մեկնաբանել, որ Ռուսաստանի կողմից գրավված ուկրաինական տարածքները չեն վերադարձվելու, կամ առնվազն դրանց մի մասը մնալու է Ռուսաստանի վերահսկողության ներքո՝ այս կամ այն կերպ՝ սկսած Ղրիմից,

– Պուտինը հայտարարեց, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը նահանջում է ուկրաինացիների ազգային պատկանելությունը ժխտելու և նրանց ռուս ազգի մաս համարելու քաղաքականությունից, որը նաև Ուկրաինայի դեմ պատերազմի արդարացման քարոզչական կարևոր բաղադրիչներից էր,

– Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերություններն ակնհայտորեն ցանկանում է ձերբազատել ուկրաինական հարցից՝ գոնե միջանկյալ ինչ-որ լուծմամբ ռազմական գործողությունները կանգնեցնելով, ինչը, թերևս, կարող է նշանակել գոնե Թրամփի մտքում Ռուսաստանի հետ ռազմավարական մերձեցման հնարավորության չբացառում՝ անշուշտ, ամերիկյան շահերի առաջ մղմամբ՝ գործարքային մեթոդաբանությամբ, որի դրսևորումը կարող է լինել հայ-ադրբեջանական կարգավորման թրեքը Ռուսաստանի ձեռքից վերցնելը՝ Ուկրաինայի հարցում նվազ կոշտ լինելու դիմաց,

– Թրամփի հանդիպումը Պուտինի հետ վերջինիս անձնական իմիջի լավարկմանն ուղղված աջակցություն էր․ մեկուսացված Ռուսաստանի մեկուսացված առաջնորդը Թրամփի ձեռամբ վերադառնում է մեծ քաղաքականություն կամ առնվազն այդպես է դիրքավորվելու,

-Թրամփը երկորդային պատժամիջոցներ կիրառելուց առայժմ հրաժարվել է, ինչը Ռուսաստանը կոլապսից փրկել է նշանակում։

Արտաշես Խալաթյանի ֆեյսբուքյան գրառումը