Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օվալաձև առանձնասենյակից հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, բայց թեման չի կոնկրետացրել:
Արևմտյան փորձագետները ենթադրում են, որ նա կպատասխանի ՇՀԿ գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությանը, որտեղ Միացյալ Նահանգներն ուղղակի մեղադրվում է Իրանին հարվածելու, իսկ միջնորդավորված՝ Գազայի դեմ պատերազմում Իսրայելին աջակցելու մեջ:
Ի՞նչ և ինչպե՞ս կձևակերպի ԱՄՆ նախագահը, ոչ ոք չի կարող կանխատեսել, բայց ՇՀԿ գագաթաժողովի մասին Քարնեհի կենտրոնի կարճ վերլուծության ընդհանուր գնահատականն այն է, որ «կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին միավորել է ոչ թե ընդհանուր ծրագիրը, այլ Միացյալ Նահանգներից դժգոհությունը»:
Փորձագետներն ակնարկել են, մասնավորապես, որ Հնդկաստանի վարչապետին Մոսկվայի և Պեկինի հետ մերձեցման է մղել հնդկական ապրանքների ԱՄՆ ներմուծման հիսունտոկոսյա մաքսատուրքի սահմանումը:
Ամերիկյան մամուլը Թրամփի այդ քայլը որակել է «անխոհեմ»: Քարնեգի կենտրոնի վերլուծականում առանձնակի ուշադրություն է հատկացված Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի ելույթի «տողատակյա» շեշտադրումներին:
Պուտինը, մասնավորապես, սահմանել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը սկսվել է ոչ թե Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակմամբ, այլ «պետական հեղաշրջումից և դրա արդյունքները չընդունող ռեգիոնների նկատմամբ Կիևի վարչախմբի բռնություններից», իսկ Չինաստանի առաջնորդը, ինչպես «Նեզավիսիմայա գազետան» է բնորոշել՝ «եզոպոոյան լեզվով» ԱՄՆ-ին մեղադրել է «խտրականության» և «ճնշումների քաղաքականության» մեջ:
ՇՀԿ գագաթաժողովի քարոզչական խորհրդանիշ գրեթե բոլոր փորձագետները համարում են Պուտին-Մոդի-Սի Ծինփին համատեղ լուսանկարը: Ռուսաստանյան փորձագիտական հանրությունը վստահաբար պնդում է, որ ՇՀԿ գագաթաժողովը փաստել է «բազմաբևեռ աշխարհի փաստացի գոյությունը», իսկ արևմտյան մամուլն ամփոփիչ կոմյունիկեն միանշանակորեն «հակաամերիկյան» են գնահատում:
Պուտին-Սի Ծինփին «եղբայրությունը», կարծես, գոնե կարճաժամկետ հեռանկարում իրողություն է, նրանք բանակցությունները կշարունակեն Պեկինում: «Կոմերսանտի» թղթակիցը ֆիքսել է «աննախադեպ փաստ». պաշտոնական հանդիպումից առաջ Պուտինը և Հնդկաստանի վարչապետը քառասուն րոպե առանց թագմանիչների «զրուցել են Ռուսաստանի նախագահի լիմուզինի սրահում»:
Պուտինին հաջողվե՞լ է ապահովել «անխախտ եռյակ», թե՞ «երրորդ բաժակակից» կլինի Հյուսիսային Կորեայի առաջնորդ ընկեր Կիմը: Չափազանց ենթատեքստային դիտարկում է արել «Նեզավիսիմայա գազետան»՝ արձանագրելով, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ՇՀԿ գագաթաժողովում «փորձել են հավասարակշռել ամերիկամետ կողմնորոշումը»:
Բաց մի թողեք
Ղազախստանի հրավերը․ Թյուրքական աշխարհում ինչ շանսեր ունի Փաշինյանը
Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու որոշում կընդունի՞
Որքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը