09/09/2025

Այս ծրագիրը կա՛մ խլելու ծրագիր է, կա՛մ փող լվալու

Բնապահպանության նախարարությունը դեռ 2018-ի սկզբին «Սեւան» ազգային պարկի 2018-2023 թթ. միջոցառումների ծրագիր էր մշակել, որի մեջ ընդգրկվել էր Լճաշեն-Սեւան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցումը։

Հրապարակ թերթը գրել է․ Մեկ տարի անց՝ 2019-ին, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանը հայտարարեց, որ այս նախաձեռնությանը նոր թափ է հաղորդվել, իսկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ առաջիկայում ունենալու ենք հմայիչ, բարեկարգ թերակղզի եւ իր նմանը չունեցող 10 կմ երկարությամբ ճեմուղի՝ Լճաշենից մինչեւ Սեւանավանք, որը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը: Մամուլում անգամ գրվեց. «Պետության բյուջեից հատկացվել է 43 մլն դրամ՝ «Սեւան ազգային պարկի» Լճաշեն-Սեւանի թերակղզի հատվածի գոտեվորման նախագծի եւ քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքներն իրականացնելու համար, սակայն նախագիծը չի հաստատվել, «այն կյանքի կոչվել չի կարող, եւ այդ ուղղությամբ գումար չի ծախսվել»։ 2025-ին արդեն նախագծի իրականացման համար, փաստորեն, հատկացվել է 121 մլն դրամ։

Ավելի քան 7 տարի առաջ հայտարարված ճեմուղու նախագիծը, սակայն, մնացել է թղթի վրա՝ ոչ մի առաջընթաց: Ճեմուղու կառուցման հետ կապված մի քանի հանրային լսումներ են կազմակերպվել, տնտեսվարողները, որոնց բիզնեսը կարող է տուժել ճեմուղու կառուցման արդյունքում, դեմ են արտահայտվել ծրագրին, այն անվանելով «խաբոցի-խլոցի» նախագիծ: Այս տարվա մայիսին Քաղշինկոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը եւ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն այցելել են Սեւանի թերակղզի` երկար-բարակ քննարկել, թե ինչպես անեն, որ ճեմուղու նախագիծը կյանքի կոչվի: Դրանից հետո Քաղշինկոմիտեն ճեմուղու կառուցման նոր նախագիծ է ներկայացրել՝ այս անգամ ոչ թե Լճաշենից մինչեւ Սեւանի թերակղզի, այլ «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչեւ Սեւանի թերակղզի հատվածում: Եվ նախօրեին նախագծի վերաբերյալ հերթական հանրային լսումն էր նշանակվել Քաղշինկոմիտեի կողմից:

Նախագիծը ներկայացրեց Քաղշինկոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը: Քննարկմանը մասնակցում էին տասնյակից ավելի տնտեսվարողներ, Սեւանի համայնքապետարանի աշխատակիցներ, Քաղշինկոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, անգամ Սեւանի ոստիկանապետ Վազգեն Կիրակոսյանն էր մասնակցում: Անցած հանրային լսումների պես այս անգամ էլ թեժ քննարկում տեղի ունեցավ: Տնտեսվարողները հարցեր էին բարձրացնում, իրենց մտահոգությունը հայտնում նախագծի վերաբերյալ: Նրանց հարցերին Քաղշինկոմիտեի պաշտոնյաներն այդպես էլ սպառիչ պատասխան չտվեցին: Տնտեսվարողները նշում էին, որ նախագիծը լավն է, բայց դա երկրորդական է, առաջնահերթը քաղաքը զարգացնելու ծրագիրն է, որից հետո նոր ճեմուղի կկառուցվի։

«Դուք տնտեսվարողներին զարգացման ծրագիր բերեք, հետո վերջում նոր ճեմուղի սարքեք, որ էֆեկտ լինի: Ըստ ինձ՝ այս ծրագիրը կա՛մ խլելու ծրագիր է, կա՛մ փող լվալու: Պետք է մեզ հետ քննարկեիք, նոր նախագծեիք, իքս գումար եք տվել՝ էս ծրագիրը կազմել եք, նոր բերել եք, մեզ ներկայացնում եք: Դուք բոլոր խնդիրները վերլուծե՞լ եք, որ 1902.5 նիշի վրա ճեմուղի եք կառուցում, այն դեպքում, երբ կառավարության որոշմամբ Սեւանա լճի ափամերձ՝ ծովի մակարդակից 1905 բացարձակ նիշից ցածր գտնվող շինությունները պետք է ապամոնտաժվեն: Դուք Ձեզ հակասում եք, եթե 1905 նիշից ցածր շինությունները պետք է քանդվեն, ո՞նց եք 1902.5 նիշում ճեմուղի սարքում: Նշանակում է՝ կառավարության որոշումն առոչի՞նչ է: Կամ մեկ այլ հարց՝ ասենք, միլիոններ հատկացրեց կառավարությունը, ճեմուղին կառուցեցիք, կա Սեւանա լճի մակարդակի բարձրացման ծրագիր, մի քանի տարի հետո ջրի մակարդակը կբարձրանա, ի՞նչ է սպասվում ճեմուղուն: Լճի մակարդակը բարձրացավ՝ ճեմուղին մնաց ջրի մեջ, դա չի՞ նշանակում, որ փողերն անիմաստ մսխվում են: Էդ գումարը դրեք՝ Սեւան քաղաքը զարգացնենք, հետո նոր ճեմուղու մասին մտածեք»,- բարձրաձայնեց տնտեսվարող Սեւակ Ստեփանյանը:

«Սա Ձեզ հետ առաջին հանդիպումն է, բայց ճեմուղու հետ կապված՝ բազմիցս եղել են քննարկումներ: Առաջին նախագծի ճեմուղին պետք է կառուցվեր 1905 նիշից վերեւ, գաղափար կար դրա մեջ, հասկանում էինք, որ «Սեւանի մասին» օրենք կա, կա կառավարության որոշում, որը հարգում եք: Ասեմ՝ իմացեք, ցանկացած օրենք ունի ճեղքեր եւ բացթողումներ, հիմա չգիտեմ` ո՞ւմ մտքով է անցել, որ կարելի է ճեմուղին կառուցել 1902 նիշի պայմանում, որը շատ տարօրինակ է: Ճեմուղուց առաջ Սեւանի զարգացման շատ ավելի կարեւոր խնդիրներ կան, որի մասին պետք է մտածել: Այսօր Սեւանը պետք է պահել-պահպանել, չթողնել, որ մեռնի, որից հետո նոր ճեմուղի կառուցել, որ մարդիկ իրենց լավ զգան, ասում եք` դա ժողովրդի համար է: Հերթականությունը կարծեք թե խախտվել է, թողնում ենք Սեւանը մեռնի, մեռնում է այսօր, մեռած վիճակում ճեմուղի եք կառուցում: Ասեմ ավելին, ճեմուղին կառուցելու ընթացքում բավականին մեծ տարածքում ծառեր պետք է հատվեն: Ինչո՞ւ եք որոշել հենց այս հատվածում կառուցել ճեմուղին, տարեք լճի այլ հատված, որտեղ ծառ չկա, ազատ տարածք է, այդտեղ զարգացրեք: Եվս մեկ հարց․ ի՞նչ եք նախատեսում, որ ճեմուղու 2 կողմում լինի, խնդրում եմ պատասխանեք»,- իր մտահոգությունը հայտնեց տնտեսվարող Գրիշա Հարությունյանը:

2 ժամ տեւած քննարկումը ոչ մի արդյունք չտվեց, տնտեսվարողներն իրենց հարցերն ու մտահոգություններն էին առաջ բերում, Քաղշինկոմիտեի պաշտոնյաները՝ իրենց ծրագիրը: Միայն մի բանում համաձայնության եկան` Քաղշինկոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանն առաջարկեց տնտեսվարողներին՝ հարցերը եւ մտահոգությունները գրավոր ուղարկել Կոմիտե` քննարկելու համար: Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանին հարց ուղղեցինք․ ինչո՞ւ են որոշել նիշի փոփոխություն անել: «1903,5 եւ 1905 նիշերը չեն փոխվել, պարզապես 15,63 որոշման մեջ նիշերը նույնը պահպանվում են, միայն թե պետք է կարդալ: Մարդը, երբ այդ կետերը կարդում է, տեսնում է, որ կապիտալ կառուցապատումը, շենքերի տեղադրում կայուն հիմքերի վրա չի թույլատրվում:

Նախորդ ծրագիրը բոյկոտել են, այդ ծրագրով ե՛ւ ճեմուղին էր, ե՛ւ հարակից տարածքի զարգացման ծրագիրն էր, դա մնաց այդպես անկատար: Սա ավելի փոքր հեռանկարում, ավելի քիչ առնչություն ունենալով տնտեսվարողների հետ, նախատեսվել է ավելի ցածր նիշերով իրականացնել որպես փորձնական հատված»:

Ճեմուղին կառուցելուց հետո տնտեսվարողներին թույլ կտա՞ն իրենց տարածքները կառուցապատել։ «Ճեմուղին ի՞նչ կապ ունի դրա հետ, կարո՞ղ եք ասել, ենթադրենք՝ ճեմուղին չկա, ճեմուղին լինի կամ չլինի, էդտեղ չի կարելի որեւէ բան կառուցել»,- պատասխանեց Կոմիտեի ներկայացուցիչը: