16/10/2025

Այն, ինչ արել է Արարատ Միրզոյանը, հրաժարվում է անել Ալեն Սիմոնյանը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսում­նասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակել-չհրապարակելու շուրջ թնջուկը շարունակվում է։

Հրապարակ թերթը գրել է․ Հոկտեմբերի 3-ին կլրանա մեկամսյա վերջնաժամկետը, որ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը զեկույցն ուղարկել է ԱԺ նախագահին։ Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ մեկամսյա ժամկետում զեկույցը պետք է դրվի շրջանառության մեջ, ապա քննարկվի լիագումար նիստում՝ բաց, թե փակ ֆորմատով, պետք է որոշի ԱԺ նախագահությունը։ Սակայն Ալեն Սիմոնյանը չի պատրաստվում այդ բազմաչարչար զեկույցը քննարկման առարկա դարձնել։

Փաստարկն այն է, թե իբր զեկույցն ԱԺ նախագահին է ուղարկվել օրենքի խախտմամբ, չեն պահպանվել ժամկետները, եւ իրավաբանները խորհուրդ են տվել, որ այն չի կարող հրապարակվել։ Շատ-շատ՝ մտածեն մի ֆորմատ, որպեսզի պատգամավորները, ովքեր ունեն ցանկություն, կարողանան ծանոթանալ այդ զեկույցին։ Եվ դա այդքան քննադատված քննիչ հանձնաժողովի զեկույցն է, որի աշխատանքները ձգվեցին շուրջ երեք տարի: Հանձնաժողովը, հիշեցնենք, ձեւավորվեց 2022 թվականի փետրվարին։ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է երկու անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել վեցական ամսով, 2023-ին պետք է  ավարտվեին աշխատանքները, եւ ներկայացվեր եզրափակիչ զեկույցը։ Հանձնաժողովը փաստահավաք գործունեությունը թեպետ ավարտել է դեկտեմբերին, սակայն, ինչպես նշեցինք, զեկույցն ԱԺ ղեկավարությանն է ուղարկվել սեպտեմբերի 3-ին։ Կանոնակարգ օրենքը սահմանում է նաեւ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտը․ «Քննիչ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են՝ «Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից», «Հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»:

Այդուհանդերձ, ինչո՞ւ է քաղաքական որոշում կայացվել՝ չհրապարակել զեկույցը։ Հասկանալի է, որ ժամկետները խախտելու փաստարկն առնվազն ծիծաղելի է։ Կարելի է կարծել, թե իշխանությունն օրինականության պահպանման ջատագով է, յոթ տարվա ընթացքում որեւէ օրենք չի խախտել, անօրեն արարքի չի գնացել ու չի կարող նման «հանցավոր» քայլ անել։ Իրականում պարզ է, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ, եւ իշխանությունը պետք է պարզաբանի՝ արդյոք ինքն է՞լ է վախենում այդ զեկույցից՝ հասկանալով, որ հանրության մոտ կարող են նոր հարցեր ծագել, կրկին քննարկման կիզակետում հայտնվի աղետալի պատերազմի թեման, մինչդեռ իրենք խաղաղության մասին հեքիաթներ են մոգոնում։

ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեին Քոչարյանն Ալեն Սիմոնյանին գրություն է ուղարկել՝ հիմնավորելով, որ իրականում մեկնաբանության հարց է, եւ ժամկետներ չեն խախտվել, անգամ եթե խախտվել են, ապա կա նախադեպ։ Բանն այն է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն էլ է այդ տրամաբանությամբ՝ ժամկետների խախտմամբ օրակարգ մտել, քննարկվել: Եթե կա նախադեպ, ի՞նչն է խանգարում, որ այս անգամ էլ նույն տրամաբանությամբ գործեն։ Հիշենք․ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2019 թվականի մայիսի 31-ին, վեց ամիս ժամկետով: Դեկտեմբերի 10-ին երկարացվեց հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ գործունեության ժամկետն ավարտվել էր, սակայն հանձնաժողովը չէր ավարտել աշխատանքները։ Մինչդեռ զեկույցը ներկայացվեց երկու տարի անց՝ 2021 թվականի փետրվարին, եւ մինչ հանրությունը 20 թվականի պատերազմն էր քննարկում, իշխանականները փորձեցին շեղել թեման ապրիլյանով, թեպետ դրանք համեմատության եզր անգամ չունեին։