26/10/2025

Պետք է պատասխան տան իրենց նվաստացումների, պարտությունների ու ձախողումների համար․ Գուրգեն Խանջյան

«Հրապարակի» զրուցակիցն արձակագիր Գուրգեն Խանջյանն է:

-Ռեպրեսիաները մեր իրականության անբաժան մասն են դարձել: Գրեթե ամեն օր քաղբանտարկյալների թիվն ավելանում է, հոգեւորականներ կան, երեկ էլ համայնքապետին ասֆալտին փռեցին եւ 2 ամսով կալանավորեցին: Ի՞նչ գնահատական կտաք: 

– Ամենացավալին այն է, որ անմեղության կանխավարկած ասվածը շրջանցում են: Անմեղ մարդկանց, կարգին մարդկանց գետնին պառկեցնելու, ստորացնելու մոտեցումն ընդունելի չէ: Հանցագործներին նորմալ ձեռնաշղթաներ են հագցնում ու առանց ավելորդությունների տանում են, իսկ էս մարդկանց հետ վարվում են վատ ձեւով: Ասենք` փաստաբանին գցում ես գետնին` մարդկանց աչքի առաջ, որ ի՞նչ: Սրանք լրիվ ցուցադրական քայլեր են` ընտրություններին ընդառաջ: Մարդկանց փորձում են ահաբեկել: Այդքան ընտրված համայնքապետերի են հետապնդում, կալանավորում եւ դեռ անդադար խոսում են դեմոկրատիայից, այն դեպքում, երբ ժողովրդի կողմից որեւէ ընտրված համայնքապետ պարզապես չի կարողանում աշխատել, իրեն զգալ անվտանգ:

– Ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցին եւ եպիսկոպոսները հայտնվեցին այս իշխանության թիրախում:

– Եկեղեցու դեմ արշավը, առհասարակ, սրբապղծություն է: Ո՞նց կարելի է եկեղեցականի հետ նման տգեղ ձեւով վարվել: Սրբազանների հետ խոսելիս ես՝ ինքս, ակնածել եմ, այս մարդիկ ո՞նց են այդպես լկտիաբար վարվում: Ո՛չ դաստիարակություն կա, ո՛չ պատկառանք, ո՛չ էլ հարգանք: Կարծես հուշում են մարդկանց, ասելով` ոչ մի կարմիր գիծ չկա այս կյանքում, ապրեք, ինչպես ուզում եք` մեր օրինակով: Այն կարող է միջին խավի վրա օրինակ ծառայել: Այս իշխանությունն ուզում է օրինակ դառնալ, հերն էլ անիծած, որ դիմացինը հոգեւորական է….

– Ասում են՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է:

– Չկա էդպիսի բան: Այդ բոլորը զենքեր են` սեփական շահերն առաջ մղելու համար: Երբ պետք է՝ ժողովրդավար են, երբ պետք չէ` ժողովրդավարությունն այլ ձեւով են մեկնաբանում եւ նույնիսկ արդեն առհասարակ չեն մեկնաբանում, թքած ունեն ամեն ինչի վրա: Իշխանությունը, այն կորցնելու վախն այնպես է սարսափեցրել սրանց, որ պատրաստ են ամեն ինչի: Այդքան քաղցր բան է իշխանությունը, բայց պետք է պատասխան տան իրենց բոլոր ձախողումների համար, պարտությունների ու նվաստացումների համար: 2021 թվականին, երբ ասում էին` եղբայր, պարտվել ես, հեռացիր, մեզ բանի տեղ չդրին, հետո պարտությունները, ձախողումները սկսեցին հաջորդել իրար, ու հասանք այս օրվան:

– Բայց ասում են` իրենք չեն պարտվել, արցախցիներն են պարտվել, Սամվել Շահրամանյանն է պարտվել: Ասում են` արցախցիները չեն կռվել, դրա համար պարտվեցինք:

– Ամիսներ տեւած բլոկադայից հետո, երբ հենց իրենք օգնության չգնացին Արցախին, ասացին, որ չեն միջամտելու պատերազմին, արցախցին ի՞նչ կարող էր անել, չնայած լավ էլ կռվել են, զոհեր էլ են տվել, ո՞վ ասաց, որ արցախցին չի կռվել: Ադրբեջանի ռազմական ապարատի դեմ Արցախը միայնակ չէր կարող կռվել, դա բոլորի համար է պարզ: Եթե միայն Արցախն է պարտվել, ինչո՞ւ են այժմ կապիտուլյացիոն քայլեր անում իրենք, հո իրենք չե՞ն պարտվողը, ինչո՞ւ են այսքան վախեցած, ինչո՞ւ են Ալիեւի պատվերները կատարում:

– Որ կոմունիկացիաները բացվեն, առեւտուր անեն, եղբայրանան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

– Ոչ ոք խաղաղությանը դեմ չէ, թեպետ եղբայրանալը չափազանցված է: Թող նախ նրանք ճանաչեն ցեղասպանությունը, այդ պարագայում գուցե հնարավոր լինի խաղաղություն հաստատել: Ադրբեջանցիները նախ պետք է դադարեցնեն իրենց հոխորտանքները: Հայաստանին անվանում են «Արեւմտյան Ադրբեջան», փոխարենը այստեղից արձագանքում են` հազարից մեկ, կցկտուր ու վախեցած: Մի հատ դուխով մարդ չկա մեջները, որ ասի` եղբայր, էդպես չի, պատմություն կա, տրամաբանություն կա: Բոլոր լծակները տվել են թուրքերի ձեռքը, իրենք սուսուփուս, անդադար խաղաղություն բացականչելով ապրում են:

– Բայց հավատո՞ւմ եք, որ հայը, թուրքը եւ ադրբեջանցին կարող են խաղաղ ապրել` այս բոլոր արհավիրքներից հետո:

– Եթե թուրքերը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը եւ ոչ մի պարտադրանք ու նախապայման մեզ չառաջարկեն, ինչո՞ւ չէ, կարելի է ինչ-որ հարցեր լուծել: Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել մոտ ապագայում չի լինի, բայց հնարավոր է, եթե մենք մեզ արժանապատիվ պահենք։ Եթե շարունակելու են դեմները ստրուկի պես կռանալ, էդ դեպքում ավելի լավ է…. չգիտեմ:

– Իշխանությունները վստահեցնում են, որ Թրամփի երթուղին փրկություն է եւ Հայաստանի համար աննախադեպ դռներ է բացելու:

– Չէ: Մեծ քաղաքականության տարրերից է այդ ամենը: Թրամփը, չգիտեմ, առհասարակ գիտի՞ մեր հակամարտության բուն էությունը` խորքով: Թրամփը շոումեն է, մրցանակի համար մի բան արեց, բայց անգամ մեզ շփոթում է Ալբանիայի, Բանգլադեշի հետ, չգիտի էլ, թե ով ենք, ինչ ենք առհասարակ:

– 2026-ի հունիսին ԱԺ ընտրություններ են: Ի՞նչ եք կարծում` Փաշինյանը կվերարտադրվի՞, թե՞ ընդդիմությունը հաղթանակ կարձանագրի:

– Ընդդիմությունը 2021 թվականին էլ կհաղթեր, եթե չլիներ ադմինիստրատիվ ռեսուրսը: Այն մեծ ազդեցություն ու կշիռ ունեցող բան է: Վախի մթնոլորտ, աշխատանք կորցնելու վախ, գիտեք, էլի, թե ոնց են կարողանում մարդկանց վրա ազդել: Գյումրու ընտրված ղեկավարի հետ ինչպե՞ս վարվեցին՝ լրիվ ադմինիստրատիվ ռեսուրսի արդյունքում: Ոստիկանական ռեսուրս, զինվորական ռեսուրս: Ընդդիմության հաղթանակն այս պարագայում եռակի-քառակի հաղթանակ կլինի: Պետք է մինչեւ վերջ գնալ:

– Սամվել Կարապետյանի մասին ի՞նչ կարծիք ունեք: Կալանավորեցին, որ աջակցություն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն….

– Սամվել Կարապետյանին կալանավորեցին, բայց նրա շարժումը գործուն է, աշխատում է, եթե ժողովուրդը նախկին-ներկա է անում, ապա այս պարագայում չկան նախկիններ, կան պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք եռանդուն են նաեւ:

– Գիտությունների ազգային ակադեմիան լուծարում են: 2018-ից ի վեր Փաշինյանի ռեժիմը քննարկում էր այս հարցը, ի վերջո որոշեցին, որ Հայաստանին պետք չէ ԳԱԱ:

– Գիտական մտքից զրկելու քայլ է սա: Հավանաբար, ուզում են նոր միտք ստեղծել՝ չհասկանալով, որ նոր միտք ստեղծելու համար իրենք սակավամիտ ու նվազամիտ են: Մեծ բաներ են իրենց ուսերին վերցնում, սակայն ունակ չեն այդ ծանրությունը տանել: Այս իշխանության մեջ կա անհասկանալի մեծամտություն: Իրենց թվում է, թե նոր բան են բերում, սակայն իրենց բերած նորն աշխարհում հնացել է: Խոսքը լիբերալ արժեքների մասին է:

– Կարծում եք՝ հնանո՞ւմ են լիբերալ արժեքները:

– Այո, չե՞ք տեսնում՝ Եվրոպան, ԱՄՆ-ն անցել են ազգային արժեքների կողմը: