26/10/2025

Ըստ Reuters-ի վերլուծաբանների, ուժային մեթոդների վրա խաղադրույքը կարող է հակառակ արդյունք տալ Փաշինյանի համար

Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչեց Վարդան Ղուկասյանին ուղղված իր վերջերս հնչեցրած սպառնալիքները։ Գյումրիի քաղաքապետարանի շենք ներխուժեցին ուժայինները և ձերբակալեցին ութ անձի, այդ թվում՝ քաղաքապետին։

Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե կաշառք ստանալու, այլ՝ կաշառք պահանջելու մեջ՝ 10 հազար դոլարի չափով։ Դրա հիման վրա հակակոռուպցիոն դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկու ամսվա կալանք։

Մեղադրանքի միակ «ապացույցը» մի ձայնագրություն է, որի բովանդակությունը կարող է մեկնաբանվել տարբեր կերպ։ Դրա համատեքստը և ժամանակային շրջանակը մնում են անորոշ։ Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը պնդում է, որ ձայնագրությունը կտրված է համատեքստից և ենթարկվել է արհեստական ինտելեկտի միջոցով խմբագրման։

Նա ընդգծում է, որ որևէ փաստացի ապացույց, որը կհաստատի կաշառք պահանջելու փաստը, քննությունը չի ներկայացրել։ Ձայնագրության մեկնաբանությունը որպես կաշառքի մասին խոսակցություն՝ քննիչի սուբյեկտիվ ընկալումն է։ Այսօր նման «ապացույց» կարող է պատրաստել անգամ դպրոցականը։

Հայաստանի դպրոցականներն անգամ հասկանում են, որ աղմկահարույց ձերբակալման իրական պատճառը ոչ թե այդ անընկալելի ձայնագրությունն է, այլ՝ Ղուկասյանի ընդդիմադիր հայտարարությունները։ Հոկտեմբերի սկզբին Փաշինյանը հրապարակային հիստերիա էր կազմակերպել՝ ուղղված Գյումրիի ընտրված քաղաքապետի դեմ։

Հոկտեմբերի 1-ին Փաշինյանը հայտարարել էր, որ «նման կերպարները» պետք է դուրս մղվեն քաղաքական և հասարակական դաշտից՝ «ժողովրդավարական մեթոդներով», կարծես թե բացահայտ սպառնալիքները կարող են համատեղվել ժողովրդավարության հետ։ Վարչապետը Ղուկասյանի ընտրությունը անվանել էր «թյուրիմածություն», չնայած նա ընտրվել է արդեն վեցերորդ անգամ։ Նա նաև անհիմն մեղադրել էր քաղաքապետին ընտրակաշառք բաժանելու մեջ, ինչը ԿԸՀ-ն երբեք չի արձանագրել։

Ղուկասյանի հայտարարությունը՝ Ռուսաստանի հետ միացյալ պետություն ստեղծելու նպատակահարմարության մասին, ինչպես նաև նրա դիտարկումները Թուրքիայի ազդեցությունից անկախանալու վերաբերյալ, դարձան Փաշինյանի աղմկոտ արձագանքի պատճառ։ Շատերը նկատեցին, որ հատկապես «անկախություն Թուրքիայից» արտահայտությունը դարձավ վարչապետի նյարդային արձագանքի պատճառ։ Ղուկասյանը, անկասկած, կասկածի տակ էր դրել Փաշինյանի «սրբությունները»՝ կապված պանթուրքիստական ինտեգրման հետ։
Փառք Աստծո, Ղուկասյանի քաղաքական և հասարակական դաշտից դուրս մղումը չի իրականացվել այն «դեմոկրատական մեթոդներով», որոնք կիրառվել էին ընդդիմադիր քաղաքապետ Վալոդյա Գրիգորյանի նկատմամբ, ով վերջերս սպանվեց։

Ղուկասյանը վաղուց հասկացել էր, թե ինչ սպասել Փաշինյանից։ Վալոդյա Գրիգորյանի սպանության վերաբերյալ նորությւոնը մեկնաբանելիս նա նշել էր, որ ժողովրդի կողմից ընտրված և վստահություն վայելող համայնքի ղեկավարները դարձել են կենդանի թիրախներ, իսկ վերնախավից հնչող սպառնալիքները՝ պետական քաղաքականություն։

Չնայած դրան, նա չէր պատրաստվում հանձնվել։ Փաշինյանի սպառնալիքներին ի պատասխան՝ նա պատրաստվում էր պայքարել հենց ժողովրդավարական մեթոդներով՝ մոռանալով, որ դրանք արդյունավետ են միայն ժողովրդավարական իշխանության դեմ, իսկ Հայաստանում իշխանությունը այդպիսին չէ։

Նախ, Ղուկասյանը միանգամից հրապարակավ հայտնել էր «Քաղաքացիական պայմանագրի» կողմից Գյումրիի ընտրությունների ժամանակ իրականացված խախտումների մասին։ Ըստ նրա՝ իշխանությունները ընտրողներին կաշառել են մինչև 60 հազար դրամ հասնող կաշառքներով, իսկ կուսակցության անդամներին ավտոբուսներով տեղափոխել են Գյումրի՝ գրանցելով նրանց քաղաքում։ Մի տան մեջ, ըստ Ղուկասյանի, գրանցված է եղել 57 մարդ։ Այս ամենը, նրա խոսքով, հայտնի է թե՛ լրագրողներին, թե՛ գյումրեցիներին։ Նա առաջարկել էր վավերացնել այդ տեղեկությունները։

Հաջորդը, Ղուկասյանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին դատի է տալու Հայաստանի կառավարությանը։ Նրա խոսքով՝ Գյումրիից խլվում է 58 միլիարդ դրամ, իսկ քաղաքային բյուջե վերադարձվում է ընդամենը 4 միլիարդ, այն դեպքում երբ պետք է վերադարձվեր 27 միլիարդ։ Գյումրեցիներին նման վերաբերմունքը իրենց փողերի նկատմամբ, բնականաբար, վրդովեցնում է։ Բացի այդ, հաստատվել է Գյումրիի զարգացման գլխավոր հատակագիծը, սակայն իշխանությունը թույլ չի տալիս այն իրականացնել։ Այս բոլոր հարցերը Ղուկասյանը նախատեսում էր լուծել դատական ճանապարհով։ Ի պատասխան՝ իշխանությունը պարզապես կալանավորեց նրան։

Ձերբակալության պահին հազարավոր գյումրեցիներ հավաքվել էին կենտրոնական հրապարակում՝ պահանջելով քաղաքապետի անհապաղ ազատ արձակում։ Ոստիկանությունը բիրթ ուժով պատասխանեց։ Սկսվել էր լարվածություն, և Ղուկասյանը՝ քաղաքացիների անվտանգության համար, դուրս էր եկել շենքում իրեն սատարող ժողովրդի մոտ և հայտարարել, որ պատրաստ է գնալ իրավապահների հետ՝ ամեն ինչ օրենքով լուծելու համար։ Ցավոք, օրենքով լուծելը Փաշինյանի օրոք՝ անհնար է։

Ղուկասյանի՝ որպես ամենահայտնի ընդդիմադիր գործիչներից մեկի կալանավորումը՝ Փաշինյանի կողմից քաղաքական դաշտի համակարգային զտման մաս է՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Ի՞նչ պետք է անի նման առաջնորդը, ինչպիսին Փաշինյանն է՝ ցածր և կայուն անկում ապրող վարկանիշով, և հստակ գիտակցմամբ, որ ժողովրդի կողմից նոր իշխանության ընտրությունից հետո վերջ կտրվի ոչ միայն իր քաղաքական կարիերային, այլև, հավանական է, ազատությանը։ Միակ ելքը՝ փորձել պահպանել իշխանությունը՝ Մոլդովայի տխրահռչակ սցենարով։

Ահա թե ինչու էր Արարատ Միրոզյանը Բրյուսելում հանդիպում ունեցել Մոլդովայի ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ՝ Մոլդովան ակտիվորեն կիսվում է «ընտրությունների անցկացման փորձով»։
Սակայն հայերը՝ մոլդովացիներ չեն։ Ինչպես նշում են Reuters-ի վերլուծաբանները, ուժային մեթոդների վրա խաղադրույքը կարող է հակառակ արդյունք տալ Փաշինյանի համար։ Եկեղեցու և հայտնի քաղաքապետերի դեմ ուղղված ճնշումները կարող են հանգեցնել ժողովրդի հակաիշխանական համախմբման։ Եվ շուտով Փաշինյանը իր թիմով կհայտնվի պատմության աղբանոցում՝ ամենաազնիվ ժողովրդավարական մեթոդներով։