Լիբանանի հարավում աննախադեպ միջադեպ է գրանցվել, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը խոցել են իսրայալեկան ԱԹՍ: Այդ մասին հայտնի է դարձել իսրայելական ynet կայքի ռազմական թղթակցին:
Իսրայելի Պաշտպանության բանակի Հյուսիսային օկրուգի շտաբում այդ տեղեկությունը հաստատել են: vesty.go.il-ը փոխանցում է, որ իսրայելական անօդաչուն «ոչնչացրել է խաղաղապահ ուժերի ֆրանսիական ստորաբաժանումը, և այդ միջադեպը միայն այսբերգի վերջօրյա մասն է»:
Իսրայելի զինվորական աղբյուրները ՄԱԿ-ի խաղաղապահներին մեղադրել են «Հըզբոլա»-ի հանդեպ «հանդուրժողականության» մեջ և կասկած հայտնել, որ Լիբանանի կառավարությանը կամ չի հաջողվում զինաթափել ծայրահեղականներին, կամ նման ցանկություն չկա, և «խաղաղապահները ենթարկվում են Բեյրութից ստացվող հրամաններին»:
Այս ֆոնին թուրքական մամուլը հայտնել է, որ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում «փակ հանդիպում է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդների հետ»: Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները իշխանամետ Turkiye պարբերականին հայտնել են, որ «քննարկվել են Գազայում մարդասիրական օգնության ծավալման հետ կապված հարցեր»:
Այս տեղեկությունը, անշուշտ, արժանահավատ չէ: Նույն օրը TRT հեռուստաընկերության անունից Ստամբուլում կազմակերպված «միջազգային գիտաժողովի» պանելային քննարկմանը Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան «եղել է, կա և կմնա Գազայի ճակատի առաջնագծում»:
Խոսքը պաղեստինյան էքսկլավի տարածքում «միջազգային կայունացող ուժերի» կազմում Թուրքիայի ռազմական ներկայության մասին է: Թուրքիան նախագահի մակարդակով հրապարակայնացրել է Մերձավոր Արևելքում «տարածաշրջանային առաջնորդության» նպատակը:
Այդ մասին Էրդողանի հայտարարությունից երկու օր հետո հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիայի փաստացի միապետ, թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման Սաուդին նոյեմբերի կեսերին մեկնում է Վաշինգտոն, որպեսզի «ընդհանուր անվտանգային երաշխիքների մասին համաձայնագիր ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»:
Ըստ տեղեկությունների, ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային «ոչ միայն քաղաքական երաշխիքներ կտրամադրի, այլև մոտ երեք տասնյակ F-35 կործանիչներ և խաղաղ նպատակով միջուկային ծրագրի տեխնոլոգիական միջոցներ»: ԱՄՆ նախագահ Թրամփը լավատեսորեն է գնահատել մինչև տարեվերջ «Աբրահամի ուխտին» Սաուդյան Արաբիայի միանալու հավանականությունը:
Ուշագրավ է, որ Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Ջասիմ ալ-Թանին օրերս հանդես է եկել միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում միջնորդության նախաձեռնությամբ: Նա գտնում է, որ Իրանը խաղաղ նպատակներով միջուկային ծրագրեր իրականացնելու «օրինական իրավունք ունի»:
Միացյալ Նահանգները բոլորովին վերջերս Կատարին անվտանգության ամենաբարձր երաշխիքներ է տվել: Մերձավոր Արևելքին ի՞նչ «մոդուս վիվենդի» է նախատեսում ԱՄՆ-ն: Ի՞նչ «ենթաշերտեր» ունեն թուրք-ամերիկյան հարաբերությունները: Հայաստանի համար այս հարցերը սկզբունքային նշանակություն ունեն:

Բաց մի թողեք
ԵՄ մայրաքաղաքները իրավունք չունեն Բրյուսելին մեղադրելու չափազանց բյուրոկրատիայի և միասնական շուկայի ձախողումների համար
Անտվերպենի արդյունաբերական հանդիպումը ցույց է տալիս, թե ով է իրականում կառավարում Եվրոպան
Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերը համաձայնության են եկել ԵՄ – ԱՄՆ առևտրային համաձայնագրի շուրջ