19/11/2025

Ինչու Զելենսկու հետ շփումների մասին Ալիեւի աշխատակազմը երբեք պաշտոնական հաղորդագրություն չի տարածում

Նոյեմբերի լույս 14-ի գիշերն Ուկրաինայի տասնյակ խաղաղ քաղաքներ, այդ թվում Կիեւը ենթարկվել են զանգվածային հրթիռակոծման: Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է առնվազն երեք խաղաղ բնակչի սպանվելու և մոտ երկու տասնյակի վիրավորվելու մասին:

Նույն օրը նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին գրառում է կատարել:

«Անցած գիշեր ռուսներն ուկրաինացիների դեմ հարյուրավոր դրոններ, հրթիռներ են կիրառել, այդ թվում՝ բալիստիկ: Ցավոք, կան ավերածություններ, վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը: Պարոն նախագահը (Իլհամ Ալիևը) դատապարտել է այդ հարվածները և ընդգծել, որ առաջին անգամ չէ, որ ռուսները թիրախավորում են Ադրբեջանի դեսպանատունը և ադրբեջանական այլ հաստատություններ»,- գրել է Ուկրաինայի նախագահը:

Նրա խոսքերով, ինքը և Ալիևը «խոսել են երկկողմ հարաբերություններ և գործընկերության զարգացման մասին»: Ըստ Ուկրաինայի նախագահի, «իրականում երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններին կանաչ լույս է վառված, առկա դրական ներուժ, և այն կզարգանա»:

Վերջին մի քանի ամիսներին տպավորություն կար, որ նախապատրաստվում է Վլադիմիր Զելենսկու Բաքու այցը, Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Գուսևն անգամ ակնարկել է, որ «ժամանակացույցի մասին կհայտարարվի ավելի ուշ»,- բայց այդ քննարկումները, երևում է, ընդհատվել են՝ կապված Պուտին-Ալիև «հաշտության հանդիպման հետ»:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Կիևում Ադրբեջանի դեսպանատան հետ: Իշխանական minval.az-ի տեղեկություններով, «դեսպանատան տարածքում հրթիռ է պայթել, ինչի հետեւանքով մասնակիորեն փլուզվել է պատերից մեկը, լուսամուտները ջարդվել են, վնասվել են ավտոմեքենաներ, դեսպանատան աշխատակիցները չեն տուժել»:

Այլ աղբյուրներ հայտնում են, որ դեսպանատան «Իսկանդերի» հրթիռի «բեկորներն ընկել են դեսպատան շենքի բակում»:

Բաքվի մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ կատավածի կապակցությամբ Բաքվում Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան «բողոքի նոտա է ներկայացվել»: Դիվանագիտական դեմարշի բովանդակությունն առայժմ չի բացահայտվում:

Այս համատեքստում ուշադրություն է գրավում Զելենսկու սոցցանցային գրառման այն ձեւակերպումը, որ Ուկրաինայի և Ադրբեջանի համագործակցության բոլոր ուղղություններում կանաչ լույս է վառված:

Ուկրաինայի և Ադրբեջանի համագործակցությունը պաշտոնապես ընդգրկում է առեւտուրը, էներգետիկան և հումանիտար ոլորտը: Զելենսկու նշած «կանաչ լույսը վառվել է նաև ռազմական համագործակցության ասպարեզո՞ւմ»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանը 152 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր է մատակարարում Ուկրաինային, իսկ արտադրությունը Թուրքիայի տեխնոլոգիաներով կազմակերպվում է Շիրվան քաղաքական ռազմական գործարանում:

Եթե Կիևում Ադրբեջանի դեսպանատունն իրոք թիրախային հարձակման է ենթարկվել, ոչ թե վնասվել «Իսկանդերի» հրթիռի բեկորներից, ապա պետք է եզրակացնել, որ Մոսկվան ադրբեջանա-ուկրաինական ռազմական համագործակցության մասին հետախուզական տեղեկություններ ունի և փաստացի Ալիևի ուղղությամբ «նախազգուշական կրակոց է արձակել»:

Մյուս կողմից, սակայն, պետք է նկատել, որ Զելենսկու հետ շփումների մասին Ալիեւի աշխատակազմը երբեք պաշտոնական հաղորդագրություն չի տարածում, ինչը զգուշավորության բացահայտ դրսեւորում է: Պետք է, հավանաբար, սպասել, թե Ալիևն ինչպե՞ս կարձագանքի համագործակցությունը զարգացնելու մասին Զելենսկու առաջարկությանը: