01/01/2026

Վրաստանը հեռանում է ԵՄ-ից, միևնույն ժամանակ արգելափակում է ՌԴ քաղաքացիների մուտքը

Վրաստանը մուտքի արգելք է սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացած այն անձանց համար, ում անձնագրում ծննդյան վայր նշված է Ղրիմը, «ԴԺՀ»-ն, «ԼԺՀ»-ն, Խերսոնի և Զապորոժիեի մարզը: Վրաստան չեն կարող այցելել նաև Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ծնված Ռուսաստանի քաղաքացիները:

Այդ մասին պաշտոնապես ծանուցել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը: Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Ռուսաստանի շահերը Վրաստանում ներկայացնում է Շվեյցարիան:

Շվեյցարիայի դեսպանատունը Վրաստան այցի նախապատրաստվող ռուսաստանցիներին զգուշացրել է, որպեսզի «նկատի ունենան ստեղծված իրավիճակի հետ կապված հնարավոր բոլոր ռիսկերը»:

Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ասոցացիայի փոխնախագահ Արթուր Մուրադյանը, սակայն, news.ru-ին ասել է, թե չի կարծում, որ Վրաստանը ՌԴ քաղաքացիների մուտքն արգելում է նրանց ծննդյան վայրի պատճառով: Ըստ Մուրադյանի, այդ կապակցությամբ «վրացական իշխանությունների պաշտոնական մեկնաբանության դեռևս չկա»:

«Ի՞նչ կապ ունի մարդկանց ծննդյան վայրը, մանավանդ եթե նկատի ունենանք, որ նրանք այնտեղ ապրել են դեռևս ԽՍՀՄ ժամանակներից: Ավելի շատ մենք այստեղ գործ ունենք շատ նուրբ հանգամանքի հետ, որի բացատրությունը մեզ այս պահին ոչ ոք չի տա»,- հավելել է Արթուր Մուրադյանը՝ ակնհայտորեն ակնարկելով, որ, գուցե, վրացական իշխանությունների քայլը պայմանավորված է Ուկրաինայի հետ «քաղաքական համերաշխություն ցուցադրելու հանգամանքով»:

Դեկտեմբերի 17-ին Եվրահանձնաժողովը Վրաստանի վերաբերյալ տարեկան զեկույց է ընդունել: Ըստ փաստաթղթի, Վրաստանը կարող է զրկվել Շենգենյան գոտի ազատ մուտքի իրավունքից, եթե շարունակի չկատարել Եվրամիության խորհրդատվությունները:

Եվրահանձնաժողովը «Վրացական երազանքի» կառավարությանը մեղադրել է Ռուսաստանի ազդեցությամբ գործելու մեջ: Ըստ երևույթին, Ուկրաինայի օկուպացված տարածքներում ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց մուտքի արգելքը Վրաստանի իշխանությունների կողմից Եվրամիությանն «ընդառաջ քայլ է»:

Վրացական իշխանությունների այդ քայլը, երևի, ունի նաև ներքաղաքական նշանակություն: Վերջին օրերին Վրաստանում մի քանի նախկին պաշտոնյաներ են կալանավորվել:

Ընդդիմությունը համարում է, որ դա «Ռուսաստանի պատվերով է արվում»: Ի՞նչ պատասխան քայլ կանի Մոսկվան, որ հետխորհրդային բոլոր երկրների հետ հարաբերություններում մշտապես ընդգծում է Ռուսաստանի տարածքում նրանց «սփյուռքի» և տնտեսական շահավետության հանգամանքը: