19/01/2026

Քնարական զեղումներից դաժան իրականությունը չի փոխվում

Հանրային գործիչը սոցիալական մեդիայում դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա հանդես է գալիս որպես «Արևմտյան Հայաստանում խոր արմատներ ունեցող»՝ ի տարբերություն Փաշինյանի:

Բայց մի՞թե Արևմտյան Հայաստանում «խոր» կամ «ոչ խոր արմատներ ունենալն» ինքնին որակ է կամ՝ մյուսների նկատմամբ առավելություն: Ի՞նչ է նշանակում «ես սասունցու թոռ եմ» կամ «իմ նախնիները Կարսից են» կենցաղային խոսույթը:

Ի վերջո, Հայաստանի ներկայիս տարածքում սասունցիները, մշեցիներն ու վանեցիները ավելի քան մեկ դար առաջ միասին են հաստատվել՝ միասնական ճակատագրով:

Նրանք, ինչ խոսք, մասնակցել են առաջին Հանրապետության կայացմանը և պաշտպանությանը: Գաղթականներն ու նրանց զավակները հսկայական ավանդ ունեն խորհրդային Հայաստանի պատմության մեջ, երրորդ-չորրորդ սերունդը մասնակցել է ղարաբաղյան առաջին և քառասունչորսօրյա պատերազմին:

Բայց վանեցի Գուրգեն Մահարին խորհրդային Հայաստանի զավակ է, Արցախի ազատամարտի մասնակից վանեցու/սասունցու/մշեցու թոռը և ծոռը՝ անկախ Հայաստանի քաղաքացի:

Իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն կարող քննադատությունից զերծ լինել, չպետք է լինեն, բայց ընդդիմախոսությունը կառուցել «ես Արևմտյան Հայաստանում խոր արմատներ ունեմ» կամ «ով արցախցի է, չի կարող Փաշինյանի ուխտերթին մասնակցել» քարոզչակաղապարով՝ նշանակում է ուղղակի վտանգել ազգային պետության հիմքերը, որովհետեւ պետությունն ուժեղ է քաղաքացիական ինքնությամբ, որ որոշակի տարածքում ապահովում է ազգային համախմբում, այդ հանրությանն օժտում իրավա-քաղաքական սուբյեկտությամբ:

Նախանցյալ դարավերջին Արևմտյան Հայաստանում սկբնավորված ազգային-ազատագրական պայքարն, ի վերջո, ավարտվել է մեծագույն ողբերգությամբ՝ ցեղասպանությամբ և հայրենազրկությամբ:

Մեր աչքի առաջ Արցախը հայաթափվեց: Եվ երբ Արցախից բռնատեղահանված օգտատերը գրում է, որ «Հայաստանը լքել է Արցախի ՊԲ սպաներին, զինծառայողներին և պահեստազորայիններին», երևի փորձում է ինքնաարդարացման «հիմնավորում» գտնել:

Ինչպես հանրային գործիչն է «ես Արևմտյան Հայաստանում խոր արմատներ ունեմ» ասելիս փորձում վարչապետ Նիկոլ Փաշինյանից «բարձրաթռիչք» ներկայանալ:

Քնարական զեղումներից դաժան իրականությունը չի փոխվում: Հայաստանը պետք է գտնի իրականության մեջ ապրելու, հաստատվելու, զարգանալու ճանապարհը: